«Առանց հիմնադրամի աջակցության անհնար կլիներ ունենալ այն զարգացումները, ինչ հիմնադրամի շնորհիվ այսօր կա Հայաստանում: Վերջին 30 տարում դժվար թե Հայաստանում լինի մի ոլորտ, որտեղ գրանցվել է այն առաջընթացը, ինչ կա մասնավորապես մանկական ուռուցքաբանության, արյունաբանության բնագավառում»,- «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի վերջին տարիների գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսում ասաց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի համահիմնադիր, Հոգաբարձուների խորհրդի անդամ, պրոֆեսոր Գեւորգ Թամամյանը:
Նա նշեց, որ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 10 տարի առաջ՝ 2014 թվականին, մի խումբ արյունաբանների և ուռուցքաբանների կողմից։ Իր ակտիվ գործունեության ընթացքում՝ սկսած 2018 թվականից, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը եղել է քաղցկեղ և արյան չարորակ հիվանդություններ ունեցող 0-25 տարեկան երեխաների և երիտասարդների կողքին Հայաստանից, Արցախից և Ջավախքից՝ հոգալով նրանց ողջ բուժման ծախսը ՀՀ-ում։ Մինչ օրս Հիմնադրամն արդեն հոգացել է 750-ից ավելի երեխաների լավագույն բուժումը ՀՀ-ում՝ այդ նպատակի համար հատկացնելով ավելի քան 1․6 միլիարդ դրամ։ Հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ ջանալով, որ ոչ մի երեխա և ընտանիք ՀՀ-ում չմնա մանկական քաղցկեղի դեմ միայնակ եւ ունենա հասանելիություն ՀՀ-ում լավագույն բուժմանը եւ խնամքին։
«Երբ 2018թ տիկին Էսթեր Դեմիրճյանը դարձավ հիմնադրամի գործադիր տնօրեն, անկյունաքարային նշանակություն ունեցավ այն հարցը, որ հիմնադրամը շատ մեծ առաջընթաց ունեցավ, մեր նպատակները էլ ավելի մեծացան: Բավական է նշել այն, որ երեկ հրապարակվել էր Մանկական ուռուցքաբանության ասիական կոնգրեսի գիտական թեզիսների ցուցակը՝ ըստ երկրների. առաջին տեղում ըստ թեզիսների քանակի Չինաստանն էր, երկրորդ տեղում Ճապոնիան, երրորդ տեղում՝ Հնդկաստանը, հետո՝ Վիետնամը, Ինդոնեզիան եւ ապա ընդամենը 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը:
Նախանցյալ շաբաթ էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությունն էր մեզ այցելել, վերջում պատվիրակության ղեկավարը հատուկ նշեց, որ այցելել է ԱՊՀ տարածաշրջանի եւ Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ կենտրոններ, ու մեր թիմը եւ կենտրոնը բոլորի մեջ լավագույնն է:
Կարդացեք նաև
Շատ կարեւոր է հիմնադրամի դերակատարությունն այն առումով, որ երբ երեխայի մոտ առաջանում է չարորակ նորագոյացութուն, ընտանիքը կարիք չի ունենում տուն ու տեղը վաճառելու՝ բուժման ծախսերը փակելու համար: Ամբողջությամբ փակվում է բուժումը, ախտորոշումը: Սա արդեն մեծ բան է: Բացի դրանից, նոր ծառայություններ են ստեղծվում, ինչպես օրինակ պալիատիվ խնամքի կենտրոնը, ներդրումներ են արվում հիմնադրամի կողմից վերապատրաստումների, հետազոտական աշխատանքների ուղղությամբ…»,-հավելեց Թամամյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ