Երեւանի ավագանին այսօրվա նիստում ընդունեց հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախքան քվեարկությունը դիմեց երեւանցիներին․ «Ինքներդ ծանոթացեք նախագծին, մենք շուտով նաեւ կայքում կհրապարակենք մի հաշվիչ, որը թույլ կտա ձեր հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ահասարսուռ եւ վախենալու թանկացումները, որի մասին բարձրաձայնվում էր նախկինում եւ բարձրաձայնվում է այսօր, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում»։
Նախագիծն ընդունվեց 32 կողմ եւ 2 դեմ ձայներով։ «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։
Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, ասել էր, որ երեք՝ ամսական, եռամսյակային եւ տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթեւեկության սահմանափակումները, այսինքն՝ նշված փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթեւեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում։ «Երեք տոմսային փաթեթների համար նախատեսվել են ավելի մատչելի գներ՝ ի համեմատ սկզբնական նախագծի։ Մասնավորապես, ամսական, եռամսյակային եւ տարեկան փաթեթների համար համապատասխանաբար սահմանվել է 9000 եւ 8800 դրամ՝ կախված թվային կամ ֆիզիկական կրիչից, եռամսյակայինի դեպքում՝ 2400 եւ 23 600 եւ տարեկան փաթեթի դեպքում՝ 90 000 եւ 88 հազար դրամ։ Հաջորդ հանգամանքը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, դա այն է, որ որոշակի առումով հասցեագրվել է նաեւ այն ուղեւորների բարձրացրած մտահոգությունը, ովքեր ոչ հաճախ են օգտվում տրանսպորտից։ Տասը ուղեւորության հնարավորությամբ լիցքավորված փաթեթը կարժենա 2200 եւ 2100 դրամ»,- ասել էր նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ