Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ սպառնալիքներ կարող են լինել ՌԴ-ից» հարցի պատասխանից Պարույր Հովհաննիսյանը խուսափեց

Մարտ 12,2024 17:44

«Արդեն երկար ժամանակ է, ինչ հայկական կողմը բարձրաձայնել է իր ցանկությունը՝ մերձենալու ԵՄ-ի հետ, այնքան, ինչքան հնարավոր է։ Նշվում է ժողովրդի եվրոպական նկրտումների հարցը։ Մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ երբեք այդքան ինտենսիվ չի եղել, բնական է, որ հնարավոր տարբերակները քննարկման են։ Այդ գործընթացը մենք տանում ենք ԵՄ-ի հետ համատեղ եւ ինչպես նշեց վարչապետը՝ բոլոր՝ Հայաստանի շահերից բխող որոշումները, կընդունվեն անհրաժեշտության դեպքում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին հարցին։

Հիշեցնենք, այսօր այդ մասին խոսել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով․ «Մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի: Հիմա մենք պետք է հասկանանք՝ ԵՄ-ն ինչքան հնարավոր կհամարի եւ դրանից հետո անենք հետեւություններ: Բայց նաեւ կարեւոր է, թե ՀՀ ժողովուրդը ինչքան հնարավոր կհամարի»:

Ճշտող հարցին՝ այս պահին օրակարգում կա՞ ԵՄ-ին անդամակցելու հարցը, փոխնախարարը պատասխանեց, որ ավելին ասել, քան վարչապետն է ասել՝ չի կարող։

Ի՞նչ է դա տալու մեզ եւ ԵՄ-ում պատրա՞ստ են մեզ ընդունել՝ հարցերին էլ պատասխանեց․ «Մենք քննարկում ենք բոլոր տարբերակները, որոնք կնպաստեն ՀՀ-ի ինքնիշխանության ապահովմանը, զարգացմանը, տնտեսության դիվերսիֆիկացիային։ Մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ միմիայն համատեղում ենք մեր երկրի ազգային շահերի հետ»։

Օրերս Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պաշտպանության գծով փոխնախարարն էր հայտարարել, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպքում։ Որոնք են այդ սպառնալիքները՝ հարցը, փոխնախարարը հորդորեց ուղղել Միացյալ թագավորության ներկայացուցիչներին։

Ի՞նչ սպառնալիքներ կարող են լինել ՌԴ-ից՝ հարցից Պարույր Հովհաննիսյանը խուսափեց։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031