Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ամենևին շահագրգռված չենք լրացուցիչ փորձաքննության անցկացմամբ։ Մենք օգտվում ենք անմեղության կանխավարկածից»»․ Ռուբեն Մելիքյան

Մարտ 12,2024 17:32

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը մերժեց փորձագետի եզրակացությունն անթույլատրելի ճանաչելու` պաշտպանական կողմի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:

Նախագահող դատավորն ասաց՝ պաշտպանական կողմը կարող է իր սեփական նախաձեռնությամբ փորձագետ ներգրավել և երկու փորձաքննությունների արժանահավատությունը կգնահատի առանձին սենյակում դատավճիռ կայացնելիս։

Նարեկ Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն առարկեց նախագահող դատավորի որոշմանն ու ասաց․ «Լրացուցիչ փորձաքննություն կարող է նշանակվել բացառապես այն ժամանակ, երբ առաջնային փորձագետի եզրակացության մեջ ինչ-որ հարցերի տրվել են ոչ ամբողջական պատասխաններ։ Մենք արձանագրում ենք, որ սկզբնական փորձագետի եզրակացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն հարցերը, որոնք փորձագետի առաջ բարձրացրել ենք, դրանց տրվել են ոչ անորոշ, սպառիչ, հստակ պատասխաններ, պատասխաններ, որոնք ունեն արդարացնող բնույթ։ Դրանից հետո քննիչը նշանակել է լրացուցիչ փորձաքննություն՝ խախտելով ընթացակարգը։ Ի՞նչ՝ մենք կրկնակի փորձաքննություն անցկացնելու միջնորդությո՞ւն ներկայացնենք։ Մենք ամենևին շահագրգռված չենք լրացուցիչ փորձաքննության անցկացմամբ։ Մենք օգտվում ենք անմեղության կանխավարկածից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031