Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրանսպորտի բազմակի օգտագործման տոմսը նույնիսկ նախորդ 100 դրամից ավելի էժան է լինելու»․ Տիգրան Ավինյան

Մարտ 12,2024 17:20

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում է միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը։ Ավագանու նախորդ նիստում քննարկվել էր տրանսպորտի թանկացման եւ միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագիծը, սակայն քվեարկություն տեղի չէր ունեցել։ Այդ քննարկումից հետո նախագիծը լրամշակվել է եւ դարձյալ ներկայացվել քննարկման։

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց նախագիծը։ Նա նշեց, որ երեք՝ ամսական, եռամսյակային եւ տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթեւեկության սահմանափակումները, այսինքն՝ նշված փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթեւեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում։ «Երեք տոմսային փաթեթների համար նախատեսվել են ավելի մատչելի գներ՝ ի համեմատ սկզբնական նախագծի։ Մասնավորապես, ամսական, եռամսյակային եւ տարեկան փաթեթների համար համապատասխանաբար սահմանվել է 9000 եւ 8800 դրամ՝ կախված թվային կամ ֆիզիկական կրիչից, եռամսյակայինի դեպքում՝ 2400 եւ 23 600 եւ տարեկան փաթեթի դեպքում՝ 90 000 եւ 88 հազար դրամ։ Հաջորդ հանգամանքը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, դա այն է, որ որոշակի առումով հասցեագրվել է նաեւ այն ուղեւորների բարձրացրած մտահոգությունը, ովքեր ոչ հաճախ են օգտվում տրանսպորտից։ Տասը ուղեւորության հնարավորությամբ լիցքավորված փաթեթը կարժենա 2200 եւ 2100 դրամ»,- ասաց նա։

Ըստ փոխքաղաքապետի՝ նախագծի նպատակները երկուսն են։ Առաջինը՝ շարունակել ոլորտի սուբսիդավորումը, բայց հնարավորություն ունենալ այդ սուբսիդավորումը պահել որոշակի տրամաբանական շրջանակներում, եւ անհամաչափ ծախսեր չանել՝ ի հաշվի այլ ոլորտների։ Եվ երկրորդը՝ առկա արատավոր երեւույթները՝ ստվերի տեսքով, վերացնել։ «Նախագծի ուժի մեջ մտնելը նախատեսված է սեպտեմբերի 1-ից, երբ մենք նախատեսում ենք, որ գիծ դուրս եկած կլինեն նաեւ 171 նոր 8,6 մետրանոց ավտոբուսները»,- հավելեց նա։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ բազմակի օգտագործման տոմսը նույնիսկ նախորդ 100 դրամից ավելի էժան է լինելու մարդկանց համար։ «Անընդհատ ասում ենք՝ թանկացում, թանկացում, թանկացում, բայց մի փոքր էլ եկեք հասկանանք՝ այն մարդիկ, որոնք իրապես հաճախակի են օգտվում տրանսպորտից, առանց սահմանափակման, այսինքն՝ 8800 դրամով օգտվում ես ավտոբուսից, տրոլեյբուսից եւ մետրոյից առանց սահմանափակման։ Բազմակի օգտագործման նոր փաթեթներն ավելի ձեռնտու են, քան նախորդ 100 դրամը»,- նշեց Ավինյանը։

Ավինյանը հավելեց, որ նախագծի հաշվարկներով՝ համարվում է, որ ամբողջական ստվերը վերացվելու է։ «Այդ ամբողջական գումարները՝ նոր տոմսային համակարգի գներով, մուտք են լինելու են Երեւանի քաղաքապետարան։ Եվ նույնիսկ այդ պայմաններում մենք շարունակելու ենք սուբսիդավորել հանրային տրանսպորտի ոլորտը»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031