Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում գնաճը շարունակում է մնալ հիմնականում ցածր»․ Մարտին Գալստյան

Մարտ 12,2024 16:57

«Այսօր ԿԲ խորհուրդը 0,25 տոկոսային կետով իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 8,5 տոկոս։ Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճը 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց՝ 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ 2024-ի փետրվարին կազմելով -1,7 տոկոս․ «12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ հունվարին կազմելով -0,4 տոկոս։ Գնաճային միջավայրը պահպանվում է բարձր մակարդակներում՝ պայմանավորված աշխատաշուկայից ածանցվող գնաճային ճնշումներով։

Ըստ Մարտին Գալստյանի՝ համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնաճային ազդեցությունները ՀՀ-ի տնտեսության վրա շարունակում են զգալիորեն թուլանալ։ 2024-ի առաջին եռամսյակում ՀՀ-ի հիմնական առևտրային գործընկերների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել։

Մարտին Գալստյանը վստահեցրեց՝ ՀՀ-ում գնաճը շարունակում է մնալ հիմնականում ցածր․ «Դրան հիմնականում նպաստել են ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները և դրամի արժևորման հետևանքները։ ԿԲ-ի խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպով, աստիճանական թուլացումով, կդիտարկի տնտեսական զարգացման սցենարները գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության ապահովման նպատակով»։

Հարցին՝ ինչի՞ վրա են հիմնված ներգնա աշխատուժի արտահոսքի կասկածները, եթե տեսնում ենք, որ ընդհանուր մակարդակով կարծես թե իրավիճակը չի փոխվում, և ՀՀ-ն այն սակավ երկրներից է մնում, որն այդ քաղաքացիներին առաջարկում է բարենպաստ վճարային համակարգ և հեշտ բնակվելու պայմաններ, Մարտին Գալստյանն արձագանքեց․ «Մեր մասնագետների դիտարկումներով՝ այսպիսի սուր խնդիր չկա, եթե ի նկատի ունենք ներգնա աշխատողներին, որոնց թվում են 2022-ին ՀՀ տեղափոխված օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև նոր ֆենոմենը, որը կախված է Հնդկաստանից ներգնա աշխատանքի տեղափոխվածների հետ։ Չենք տեսնում որևէ էական տատանում այս երկու կատեգորիայի մարդկանց կամ աշխատուժի շրջանակում, ուստի մեր դիտարկումներով՝ այս պահի դրությամբ սուր միտումներ, որոնք կլինեն շարունակական, որոնք կարող են էական անհանգստություն առաջացնել, չկան»։

Հարցին՝ ԿԲ-ն կարո՞ղ էր սցենարներից արագ ու մեծ չափով նվազման ուղի ընտրել և եթե այդ սցենարն ընտրեր, կարելի՞ է իմանալ, թե որքան կիջներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և արդյոք դեպի գարուն ժամանակահատվածը նա չէ՞, որի դեպքում ավելի մեղմ է լինում գնաճը, Մարտին Գալստյանը պատասխանեց․ «ԿԲ-ի օգտագործված սցենարի ընթացքում որպես տիպային փոփոխականներ ենթադրվել է, որ մենք ունենում ենք տնտեսության արագընթաց անկում, պահանջարկի արտաքին, ներքին նվազում և այլ տիպի զարգացումները, որոնք ԿԲ-ին մղելու էին ավելի կտրուկ գործողություններ իրականացնել։ Ամենակարևոր հանգրվանը, որը պետք է նշել ԿԲ-ի ցանկացած գործողության, ցանկացած սցենարների ներքո, դրանք նպատակադրում են 4 տոկոս գնաճը։ Ցանկացած գործողության տոկոսադրույքի քաղաքականությունը միտված է լինում միջնաժամկետում մեր թիրախին հասնելուն»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ունե՞ն վերլուծություն, թե ինչով է պայմանավորված տրանսպորտի գնաճը, ԿԲ նախագահը պատասխանեց․ «Երբ ըստ ապրանքների ու ծառայությունների կունենանք փետրվարի բացվածքը, կկարողանանք հասկանալ, թե ինչով է պայմանավորված տրանսպորտի որոշակի գնաճը։ Գիտեք՝ ԿԲ-ն առաջնորդվում է, նախևառաջ, պահանջարկով՝ պայմանավորված գնաճային երևույթների կառավարմամբ։ Եթե դա լինելու է մեկանգամյա թանկացում, ապա այդտեղ ԿԲ-ի կողմից վարվող քաղաքականության վրա ազդեցությունը մեծ չպիտի լինի։ Պետք է հաշվի առնել նաև երկրորդային էֆեկտները, որոնք կարող են հանգեցնել պահանջարկի որոշակի փոփոխությունների»։

Ըստ Մարտին Գալստյանի՝ այն, ինչ տեղի է ունենում Չինաստանի տնտեսության հետ․ ԱՄՆ-ում տեղի ունենալիք զարգացումները ևս իրենց էական ազդեցությունն են ունենալու ՀՀ-ի տնտեսության վրա։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031