Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքիայի կողմից որեւէ հետաքրքրություն չկար ԵՄ առաքելությանը մասնակցելու»․ Պարույր Հովհաննիսյան

Մարտ 12,2024 16:43

«Թուրքիայի կողմից որեւէ հետաքրքրություն չկար նման առաքելության մասնակցելու, բայց եթե լինի՝ չի կարող լինել առանց Հայաստանի համաձայնության»,- այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

Հանձնաժողովում քննարկվում էր «Հայաստանի հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։

Հիշեցնենք, 2022-ին, ԵԽ-ն հրատապ որոշում էր կայացրել՝ հոկտեմբերի 20 -ից երկու ամսով Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասին։ Առաքելությունը տեղակայվեց Հայաստանի արեւելյան սահմանում՝ Ադրբեջանի հետ սահմանագծում։ Ադրբեջանը հրաժարվեց ընդունել դիտորդական առաքելությանը։ 2023-ի հունիսի 23-ին ԵԽ-ն որոշում կայացրեց առաքելություն տեղակայել երկու տարով։

Համաձայն խնդրո առարկա համաձայնագրի՝ Հայաստանի հանրապետությունում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները եւ անձնակազմը մաքսային եւ հարկային հարցերում Հայաստանի հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական ներկայացուցչություն: Համաձայնագրով հստակեցվում են նաեւ Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՀՀ պատկան մարմինների գործառույթները, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ քրեական իրավազորությանը, անվտանգությանը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր:

Աշխարհում գործող ԵՄ առաքելություններից 22-ը քաղաքացիական է, 9-ը՝ ռազմական։ Հայաստանում ի սկզբանե 138 դիտորդ էր նախատեսված, հետո թիվն ավելացավ՝ ԵՄ որոշմամբ, պայմանավորված գործառույթներով։ Կանադան ևս ներգրավվեց առաքելության կազմում։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ Լատինական Ամերիկայից, ասիական երկրներից նույնպես հետաքրքրություն կար առաքելության կազմում ներգրավվելու ու չի բացառում, որ հետագայում, եթե կարիքը լինի, առաքելության ընդլայնման որոշում կայացվի։ Առաքելության ժամկետի մասով էլ ասաց, որ կոնսենսուս կա ԵՄ երկրների կողմից, առաքելությունը կտեղակայվի այնքան, որքան դրա անհրաժեշտությունը լինի։

Արմեն Գեւորգյան

«Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը հետաքրքրվեց՝ առաքելության մանդատը, նպատակները եւ գործառույթները ամրագրվու՞մ են։ Փոխնախարարը պատասխանեց, որ այս փաստաթուղթը առաքելության կարգավիճակի մասին է։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ իսկ ի՞նչն է խանգարում ԵԽ խորհրդին նախատեսված պայմանները սահմանել, որպես իր կողմից ընդունված կանոն, ԱԺ-ն իրավունք ունի՞ առաքելության մանդատը հաստատելու․ «Մենք խոսում ենք մի բանի մասին, որի առաքելությունը մեր կողքով անցնում է»։

Արմեն Գեւորգյանը տարակուսեց՝ այս առաքելությունն այս կարգավորումներով ՀՀ-ում մեկ տարի ինչ-որ անհասկանալի պայմանավորվածություններով է գործել եւ հիմա մենք փորձում ենք դրանք լեգիտիմացնել՝ տալով հետադարձ ուժ․ «ԱԺ-ն պե՞տք է վավերացնի այդ առաքելության մանդատը՝ ի դեմս դրա նպատակների եւ առաքելության։ Դուք հղում եք կատարում ԵՄ երկու փաստաթղթերի, առաջին նամակը ես չեմ կարողանում գտնել, ի՞նչ իմանամ ի՞նչ է դրանում գրված»։ Խոսքը ՀՀ ԱԳՆ-ի՝ ԵՄ-ին ուղղված նամակի մասին է, որը վերաբերում է Հայաստան ԵՄ առաքելություն ուղարկելու մասին։ Արմեն Գեւորգյանը մտավախություն ունի, որ ԵՄ-ն հետագայում կփոխի իր առաքելության մանդատը՝ քաղաքացիականից փոխարինելով ռազմականի։

Արմեն Գեւորգյանը նկատեց նաեւ, որ ԵՄ որոշումն էլ հայերեն տարբերակով ներկայացված չէ։

Փոխնախարարը համաձայն է՝ օրենսդրությունը խախտվել է, բայց միջազգային պայմանագրի դեպքում նորմալ է համարում, քանի որ նախկինում էլ բազմիցս խախտվել է։ Ասում է՝ մեր օրենսդրությունն այդ բացը ունի, այն փակել է պետք․ դա այս պահին միակ ձեւաչափն է։

Փոխնախարարը վրդովվեց պատգամավորի դիտարկումներից՝ «Դուք ուզում եք իմանալ ԱԳ նախարարի չորս տողանոց նամակի մասին, որը բազմիցս բարձրաձայնվել է» ու հավելեց, որ ՀՀ-ն ընդամենը դիմել է ԵՄ առաքելություն ուղարկելու համար եւ նման դեպք չկա, որ դիվանագիտական գրագրությունը կցվում է միջազգային համաձայնագրին։ Նա նաեւ հավելեց, որ ԵԽ որոշմամբ չի կարող առաքելության մանդատը փոխվել՝ եթե չկա շահագրգիռ երկրի դիմումը՝ այն էլ հիմնավորումներ։

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ տարակուսեց, որ փաստաթղթի վերնագրում չկա ընդգծումը՝ առաքելության քաղաքացիական լինելու մասին։ Փոխնախարարն ասաց՝ ԵՄ ընդունված տերմինոլոգիան է, ընդունված ձեւ է ու խնդիր չի հարուցում։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նույնպես վրդովված էր․ «Հայաստանում կան երկու սորտի մարդիկ՝ մենք, որ պատասխանատվություն ենք կրում, եթե այս բարձրախոսը կոտրենք եւ կան մարդիկ, ովքեր անձեռնմխելի են»։

Փոխնախարարը նկատեց՝ ճիշտ եք, կարող է այդպիսի հարց ծագել, բայց ձեր ընկալումը ճիշտ չէ ու հավելեց, որ բոլոր միջազգային առաքելությունների դեպքում տրվում է դիվանագիտական կարգավիճակ։

Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանի հարցը վերաբերում էր այն մեկ տարվան, որի ընթացքում առաքելությունը գործել է, բայց այս փաստաթուղթը չի եղել։

«Մենք ունե՞նք երաշխիք ԵՄ-ի կողմից, որ Թուրքիան Հայաստան դիտորդներ չի ուղարկելու»,- սա էլ պատգամավորի երկրորդ մտահոգությունն էր։

«Թուրքիայի կողմից որեւէ հետաքրքրություն չկար նման առաքելության մասնակցելու, բայց եթե լինի, չի կարող լինել առանց Հայաստանի համաձայնության»,- պատասխանեց փոխնախարարը։

«Ազնիվ խոսքի՞ն պիտի հավատանք»,- տարակուսեց Արթուր Խաչատրյանը՝ նկատի ունենալով, որ փաստաթղթում նման ամրագրում չկա։

Արման Եղոյան

«Եկեք չանլրջացնենք»,- հորդորեց Արման Եղոյանը։

Մանրամասները՝  տեսանյութում

Ինչո՞ւ հղում կատարել մի փաստաթղթի, որը  հասանելի չէ, ինչո՞ւ այս պայմանագրի մեջ ներառված չէ այս առաքելության նպատակը եւ մանդատը․ Արմեն Գեւորգյանի մտահոգությունները շարունակեց «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մանրամասները՝  տեսանյութում

Հետագա բանավեճը Արմեն Գեւորգյանին հիմք տվեց ենթադրելու, որ պայմանագրի հետ կապված իրավական խնդիրներն ավելի խորքային են, քան պատկերացնելի էր։

Մանրամասները՝ տեսանյութում

5 կողմ, 1 ձեռնպահ արդյունքով նախագիծն ընդունվեց, կներկայացվի ԱԺ խորհրդի հաստատմանը՝ առաջիկա նիստում քննարկելու համար։ Ձեռնպահ էր Արմեն Գեւորգյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031