Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եմ նրան հանել, ուզո՞ւմ եք իմանալ պատճառը՝ Արշակ Կարապետյանը, լինելով ՊՆ նախարար, 2 տարբերակ կա՝ կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ ինձ չի զեկուցել» Փաշինյան

Մարտ 12,2024 15:41

Ձեր թիմակից Գագիկ Մելքոնյանը ուշագրավ հայտարարություն է արել՝ դուք Կրեմլի ցուցումով եք նշանակել Արշակ Կարապետյանին՝ ՊՆ նախարարի պաշտոնում, էլի կա՞ն անձինք, որոնց Կրեմլի ցուցումով նշանակել եք պաշտոնի, վտանգավոր չէ՞. այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցին ի պատասխան՝ ասաց. «Այդտեղ թյուրըմբռնում կա: Իհարկե, միանշանակ ճիշտ եք, շատ վտանգավոր է, եթե այդ ժանրը այդպես գործի, բայց ես չեմ ուզում թաքցնել, որ Արշակ Կարապետյանի նշանակման հարցում, նախ ԳՇ պետի տեղակալ նշանակելու եւ ՊՆ նախարար նշանակելու հարցում ամենեւին էլ, հնարավոր է, անտեսված չի եղել նրա հատուկ, մոտ հարաբերությունները ՌԴ մի շարք անձանց եւ շրջանակների հետ»:

Փաշինյանն ասաց, որ մտածում էին՝ կարո՞ղ է դաշնակիցների հանդեպ պետք է այդպես հատուկ ժեստեր անեն, որ անվտանգության համակարգը սկսի գործել: Իրենք հարցադրումներ են արել՝ լավ, ի՞նչն են սխալ անում ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում. «Բայց նաեւ եկեք արձանագրենք, որ Արշակ Կարապետյանը ամենակարճ պաշտոնավարած ՊՆ նախարարն է: Այդ ընթացքում եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, երբ ՊՆ նախարար է եղել, եղել են 2021-ի նոյեմբերի իրադարձությունները ու ես որոշում եմ կայացրել նրան հանել աշխատանքից, ուզո՞ւմ եք ասեմ պատճառն ինչ է եղել: 2021-ի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանը ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է եւ հանդարտ է, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք եւ նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Եվ  Արշակ Կարապետյանը, լինելով ՊՆ նախարար, 2 տարբերակ կա՝ կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ տեղյակ լինելով՝ ինձ չի զեկուցել: Նման իրավիճակներում ես որեւէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում: Այս է ամբողջ պատմությունը»:

Նա ասաց, որ Արշակ Կարապետյանը վերջին կաթիլն է եղել, երբ գիտակցել են, որ էլ իրենցից չի կախված ՀՀ-ՌԴ հարաբերությունների լավ լինելը:

Հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է նոր պատերազմի, աշխատանքներ տարվե՞լ են՝ Փաշինյանը պատասխանեց. «Մեր քաղաքականությունն այն է, որ պատերազմ պետք է չլինի, էական չի՝ պատրաստ եք, պատրաստ չենք: Պատերազմի պատրաստ լինելը շատ լայն հասկացություն է, իսկ ո՞վ է պատրաստ պատերազմի, ո՞ր պատերազմին է պատրաստ, ի՞նչ մասշտաբի պատերազմին, քանի երկրի դեմ պատերազմի է պատրաստ: Դրանք հարցեր են, որոնց վերաբերյալ կարելի է քննարկել, ցանկալի է՝ գաղտնի ռեժիմով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031