Էդմոն Մարուքյանը յութուբյան իր էջում խոսել էր ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու որոշման մասին ու ասել, որ արտաքին քաղաքականության մեջ չի կիսում Փաշինյանի տեսլականը, Ադրբեջանի պահանջով ԱՄՆ-ն դուրս է մնում բանակցություններից, իսկ ԵՄ-ն փաստացի Հայաստանի կարմիր գծերը խախտում է:
Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս մասին հարցին ի պատասխան՝ ճշտեց. «Այդ բոլորը ի՞նքն է ասել, բայց կներեք ինչո՞ւ 2022-ի հոկտեմբերին հրաժարական չի տվել այդ դեպքում: Ուզում եմ հասկանամ՝ Բաքվի պահանջով ԱՄՆ-ն դուրս է մնում ու դրանից Էդմոն Մարուքյանը հրաժարակա՞ն է տալիս, է՞դ է պատճառահետեւանքային կապը: Եթե ուզում եք ճշմարտությունն իմանաք, պատճառը, որ Էդմոն Մարուքյանը հրաժարական է տվել, այն է, որ ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից, ինքը դրա մասին գիտի, ես էլ դրա մասին իրեն ասել եմ: Առիթը կարող է լինի ցանկացած՝ 2022-ի Պրահան, 2023-ի որեւէ իրադարձություն, բայց պատճառը դա է: Մեր վերջին հանդիպման ժամանակ պարոն Մարուքյանն ասում էր, որ ես մի հայտարարություն եմ արել, մեջբերում էր, ասում էր՝ դա ես խնդրահարույց եմ համարում, ասացի՝ բացառված է, որ ես նման հայտարարություն արած լինեմ, ասացի՝ ուղարկեք վիդեոյով, մարդ ես, կարող է սխալվել եմ, ոչ հարթ ձեւակերպում եմ ունեցել, խնդրեմ, ուղարկեք հղումը՝ այսինչ րոպեին, այսինչ տեղում: Հղում չստացա, րոպե չստացա, ստացա ինչ-որ մի հատ տեքստ:
Ես կոնկրետ ասել եմ իրեն, թե ինչից եմ դժգոհ ու ինչն է պատճառը, որ երկար ժամանակ իրեն հանձնարարություն չեմ տվել, ուղիղ իր հետ չեմ աշխատել, աշխատել եմ միջնորդավորված, որովհետեւ տեսել է, որ ես դժգոհ եմ իր աշխատանքից: Հաջողություն եմ իրեն ասել ու շնորհակալություն եմ հայտնել կատարված աշխատանքի համար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ