Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը ցանկացավ հայցի առարկայի փոփոխություն անել. Քոչարյանների ընտանիքի ապօրինի գույքի բռնագանձման պահանջի դատական նիստ

Մարտ 12,2024 14:50

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, այսօր կայացավ Ռոբերտ Քոչարյանի, Բելլա Քոչարյանի, Սեդրակ Քոչարյանի, Զարուհի Բադալյանի, Սիրանուշ Քոչարյանի, Գայանե Քոչարյանի, Վիգեն Չատինյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հերթական դատական նիստը։

Սեդրակ Քոչարյանի, Գայանե Քոչարյանի, Վիգեն Քոչարյանի եւ Զարուհի Բադալյանի շահերի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը (լուսանկարում) միջնորդություն ներկայացրեց, որի էության վերաբերյալ նիստի ավարտից հետո Aravot.am-ին ասաց. «Նախկինում եղել էր դատարանի նախնական հայցի ապահովում կիրառելու մասին որոշում, որով բոլորի դրամական միջոցների վրա արգելանք էր դրվել։ Մենք միջնորդել էինք դատարանին դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնել, քանի որ գումար բռնագանձելու մասին պահանջ ներկայացված չէր իմ վստահորդների դեմ։ Դատարանը մեր միջնորդությունը բավարարել էր ու մասնակի վերացրել էր։ Բայց վերացման արդյունքում մեկ դրվագով, որտեղ էլի գործ ունենք գումարի հետ, բայց այդ գումարը դրված է որոշակի դեպոզիտ, բայց երեւում է, որ պատկանում է Գայանե Քոչարյանին, այդ մասով արգելանքը չէր վերացվել, չնայած դատարանի որոշում կար։

Հարկադիրը հրաժարվում էր արգելաբացումից։ Եվ մենք ստիպված այդ մասով այսօր եւս ներկայացրինք արգելանքը վերացնելու միջնորդություն, որը քննարկվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ որոշումը համապատասխան կարգով եւ ժամկետներում կուղարկի կողմերին։

Դատախազը ցանկացավ հայցի առարկայի փոփոխություն անել, որը դատարանն այսօր չքննարկեց, քանի որ պահպանված չէր ներկայացնելու կարգը։ Երբ այդ պահանջը կպահպանվի, այդ ժամանակ քննարկման հարց կբարձրանա»։

Նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 26-ին, ժամը 12:30-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031