Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ վերջին օրերին հրապարակումներ եղան, որ կոռուպցիայի եւ հանցավորության կանխարգելման կազմակերպությունը պարզել էր, որ 2022-ին ՔՊ-ի հանգանակության ժամանակ մարդիկ փող են փոխանցել, հետո պարզվել է, որ իրենք տեղյակ չեն: Նույնը՝ ՀՀ ավագանու ընտրությունների ժամանակ էր եղել, մարդկանց զանգում, ասում են՝ դուք փող եք փոխանցել 1 մլն, 2,5 մլն, կպարզաբանե՞ք՝ ուր են գնում այդ փողերը, ի՞նչ ծախսեր են դրանք ու ինչո՞ւ են թաքցվում, եթե իրականում այդ մարդիկ չեն փոխանցում: Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2018-ը, եթե նման հրապարակում լիներ:
Վարչապետը պատասխանեց, որ ընդդիմադիր Փաշինյանը այն ժամանակ չէր կարող իմանալ, թե իշխող կուսակցության դրամարկղ ինչքան գումար է մտնում, նվիրո՞ւմ են, թե՞ չեն նվիրում. «Ո՛չ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ առավել եւս լրագրող Նիկոլ Փաշինյանը կարար իմանար, թե էդ ի՞նչ անուն է, մի հատ էլ հեռախոսով զանգեր, ասեր՝ դուք այսինչ տեղը փող փոխանցե՞լ եք, մի հատ էլ այնտեղից ասեին՝ չէ կամ հա: Մենք օրենսդրությունը «Կուսակցությունների մասին» այնքան ենք բարեփոխել, որ տվել ենք գործիք ձեր ձեռքը, որ զանգեք, գումարեք, հանեք, հաշվեք: Այն, ինչ դուք անում եք, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը կամ լրագրող Փաշինյանը հուր էլ դառնար՝ չէր կարող աներ: Այն, ինչ դուք ասում եք, ինձ, որպես կուսակցության ղեկավար, շատ անհանգստացնում է: Երբ մենք ուզում ենք գնանք պրոցեսների հետեւից, տեսնում ենք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի այդպես վարվել են՝ չիմանալով, որ համակարգն այլեւս չի կարող այդպես աշխատել»:
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ այդ տվյալները հրապարակայնացվել են դատարանի որոշումից հետո:
Նա ասաց, որ իրենք էլ հետաքննություն արել են. «Կա՞ այդտեղ պրոբլեմ, թե չկա՝ այո, այդտեղ կա պրոբլեմ: Կա՞ այդտեղ մի բան, որ հատել է Քրեական օրենսգրքի գիծը, նախաքննության մարմինները հետաքննել են ու հանցակազմ չեն գտել, բայց այդտեղ կա քաղաքական պրոբլեմ: Ես, որպես կուսակցության վարչության նախագահ, ինձ պարտավորություն եմ զգում, որ կարգավորվենք: Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք սխալական»:
Կարդացեք նաև
Ըստ Փաշինյանի, ո՞վ է ասել, որ փող տվողը զանգողին պետք է ասի, որ տվել է, այդ մարդիկ էլ գուցե չեն իմացել, որ այդ ցուցակը հրապարակվել է. «Մենք ենք տվել այդ ցուցակը: Դուք իրենց եք զանգում, իրենք էլ մեզ են զանգում, ասում են՝ չհասկացա, բա ինչի՞ չէիք ասում, որ մեր անունը հայտնի է դառնալու, կարող է՝ չէինք անում այդ նվիրատվությունը: Ճիշտ են ասում: Հիմա իրենք գիտեն, որ ով նվիրատվություն արեց, պետք է պատրաստ լինի տեր կանգնել այդ նվիրատվությանը»:
Հետո վարչապետը շրջեց խոսակցությունը. «Իսկ կներեք, Հայաստանում մենակ կառավարող կուսակցությո՞ւնն է հանգանակություն անում, բա մյուս կուսակցությունները ե՞րբ են արել, ո՞նց, նվիրատուներին գիտե՞նք, թե՞ չգիտենք: Իհարկե, ոչ: Իրենց ինչին է պետք փողը, իրենք դրամահավաք անող տղա չեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ