«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը
Ըստ IRI-ի հետազոտության արդյունքների, Ազգային ժողովի աշխատանքից գոհ է հարցվածների 29%-ը:
Այս ցուցանիշով ԱԺ-ն պետական և համայնքային կառույցների ցանկի վերջին հորիզոնականում է:
Անկեղծ ասած, ամենևին այն մտքին չեմ, որ ԱԺ-ի աշխատանքը իդեալական է, բայց չեմ էլ կարծում, որ ԱԺ-ն ավելի քիչ կամ ավելի վատ է աշխատում, քան ցանկում տեղ գտած մյուս կառույցներից շատերը (ամենայն հարգանքով մյուսների նկատմամբ):
Խորհրդարանական երկրում ԱԺ-ի այսպիսի ընկալումը, կարծում եմ, մտահոգիչ է, և դրա մեջ մեղքի մեծ բաժինն ունենք հենց մենք՝ պատգամավորներս՝ մեր ակտիվությամբ, նախաձեռնողականությամբ, աշխատանքի որակով, ելույթների բովանդակությամբ կամ կատարվող աշխատանքների վերաբերյալ ոչ բավարար իրազեկվածություն ապահովելով: Հակառակը՝ շատ հաճախ պատգամավորներն իրենց գործելաոճով, վարքագծով ու խոսույթով իրենք են նպաստում, որ խորհրդարանը ընկալվի որպես մի վայր, որտեղ ոչ մի բանով չեն զբաղվում՝ միմյանց վրա ցեխ շպրտելուց բացի:
Կարդացեք նաև
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ մտածելու բան ունենք, այս ընկալումը պետք է փոխվի: Խոսքը ոչ թե անձանց, այլ ինստիտուտի մասին է, որի հեղինակության բարձրացումը պիտի կարևոր լինի բոլոր քաղաքական ուժերի համար: