Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը խոստովանեց, որ խուսափում էր գերիների հարազատների հետ հանդիպել

Մարտ 12,2024 13:48

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց անվտանգության մասին՝ ասելով. «ՀՀ-ի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված: Բայց շատ կարեւոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ իրավիճակին: Մենք պետք է այդ իրավիճակին վերաբերվենք որպես մի հարց, որի կառավարման պատասխանատվությունը մերն է, առաջին հերթին՝ ՀՀ կառավարությանը: Երբ մենք ասում ենք, որ ՀՀ անվտանգության պահպանման գործում պետք է շեշտը դնենք լեգիտիմության վրա, նկատի ունենք, որ սա ՀՀ տարածքն է ու այս սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպիտի ունենանք, որովհետեւ ցանկացած հավակնություն օգտագործվելու է որպես մեր խոցելիության տեղ ու օգտագործվելու է մեր լեգիտիմության հիմքերը խաթարելու համար: Մենք ասում ենք՝ այս գծից այն կողմ ինչ կա՝ մերը չէ»:

Փաշինյանը կրկնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր խոսքը՝ միլիմետրի ճշտությամբ գիտեն, թե որն է ՀՀ սահմանը ու պատրաստ են տեղում գնալ, ցույց տալ:

Հարցին՝ թե ի՞նչ է արվում ԼՂ-ում ձերբակալված ու Ադրբեջան տեղափոխված ռազմաքաղաքական ղեկավարներին Հայաստան կամ երրորդ երկիր տեղափոխելու ուղղությամբ, ո՞րն է եղել վերջին բանակցությունն այդ թեմայով, բացի այդ, ՌԴ նախագահը հայտարարել է, որ Արցախի նախկին նախագահներին ՀՀ-ում չեն սպասում, հիմքեր ունի՞ այդպես ասելու՝ Փաշինյանը պատասխանեց, որ Պուտինի այդ խոսքը ինքը չի լսել: Ինչ վերաբերում է նախկին նախագահներին վերադարձնելուն, նա ասաց. «Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի համար ամենօրյա աշխատանք է արվում: Ես հասկանում եմ, որ այդ աշխատանքի նկարագրությունը նույնիսկ անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա»:

Փաշինյանը խոստովանեց, որ խուսափում էր գերիների հարազատների հետ հանդիպել, որովհետեւ ինչքան էլ պատմի՝ սա-սա արեցինք, դա ոչ մի բան է, քանի դեռ իրենց հարազատը չի վերադարձվել:

Պատասխանելով խաղաղության օրակարգը տապալելու մասին հարցին՝ Փաշինյանը պատասխանեց, որ դա իրենց ռազմավարությունն է, ժողովրդավարությունն էլ ունի խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ ժողովրդավարական ճանապարհով չեն գնալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031