Երեւանի ավագանու այսօրվա նիստում ավագանու ընդդիմադիր անդամներն անդրադարձան Նոր Նորք վարչական շրջանում ինքնակամ կառուցված տների քանդմանը։
Մասնավորապես, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանն ասաց․ «Ձեր գործակարգավարական նիստի ժամանակ ասացիք, որ Լվովյան փողոցը պիտի ազատագրենք։ Երեք օր հետո գնացիք, 8 տուն կար էնտեղ, էդ խեղճ ու կրակների տները բռնեցիք՝ քանդեցիք։ Էս մարդիկ մի 500-1000 դոլարի կահույք էին առել, այդքան հեռատեսություն չունեի՞ք, նստեիք բանակցեիք այդ մարդկանց հետ, մի քանի ամսվա վարձի գումար տայիք, կամ մի տեղ գտնեիք, բնակվեին։ Դուք խախտեցիք օրենքը, որովհետեւ այդ մարդիկ հասցե ունեին, գույքահարկ էին մուծում, թաղապետարանն էր հաստատել իրենց տները, 15 տարի այնտեղ ապրում էին։ Դուք օրենքով պարտավոր էիք իրենց մի բան տայիք։ Այդքան կանաչ տարածքների մասին եք խոսում, մենք սպասում ենք վեց տարի, մի հատ դղյակ քանդեիք, ոսկեջրած կահույք հանեիք դուրս»։
Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ այդ ութ տներից միայն մեկում էր մարդ բնակվում, մնացածը «դաչաներ» էին։
Կարդացեք նաև
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց․ «Էդ որ կուրծք եք ծեծում, ասում եք՝ էդ մարդկանց մի բան տայիք, նախ պարոն Փամբուխչյանն արդեն ասաց, որ այդտեղ բնակվող միակ ընտանիքի հարցն արդեն լուծվել է։ Բայց ես ուզում եմ հասկանամ՝ դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ մեսիջ եք ընդհանրապես հղում օրինապաշտ քաղաքացիներին։ Այսինքն՝ եթե մարդը գալիս է, համայնքային տարածք է զավթում, համայնքը չի՞ կարող դա քանդել, այլ պետք է այդ մարդուն ասի՝ ոչինչ, որ զավթել ես, բայց դու ունես մի շարք իրավունքներ, հեսա քեզ տարածք կտանք։ Այսինքն՝ իմ պապը հարիֆ է հա՞, որ մի համայնքային տարածք ժամանակին չի զավթել։ Եթե դուք այդպես եք մոտենում, կգաք իշխանության, կասեք՝ ժողովուրդ ջան, համայնքային տարածք չկա, ով ինչ կարողանում է, թող զավթի, հետո կգանք ձեր չեղած իրավունքները կպաշտպանենք։ Պոպուլիզմն էլ չափ ունի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ