Լրահոս
Օրվա լրահոսը

23 հարված է հասցրել անչափահասին. Դիլիջանում մատուցողի նկատմամբ բռնություն կիրառած բարձրաստիճան ոստիկանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Մարտ 12,2024 13:19

Դատախազը 2024 թվականի փետրվարի 20-ին հաստատել է անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը, 2023 թվականի ապրիլի 10-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրեն ամրակցված ավտոմեքենայով գնացել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկը և սենյակի վճարման հետ կապված հարցով վիճաբանության մեջ մտել վերոնշյալ համալիրի 17-ամյա մատուցողի հետ:

Մատուցվող ծառայության դիմաց նախապես վճարելու կրկնակի պահանջից բարկացած՝ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը ձեռքի ափով երկու անգամ հարվածել է անչափահասի դեմքին, ապա հրելով տարել համալիրի խոհանոց: Խոհանոցում համալիրի խոհարարի ներկայությամբ երկու ձեռքի ափերով առնվազն 23 հարված է հասցրել անչափահասի գլխին և մարմնի տարբեր մասերին (հարվածները հիմնականում ուղղվել են անչափահասի դեմքին և գլխին):

2023 թվականի մայիսի 10-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ:

2023 թվականի մայիսի 29-ին քննիչի կողմից հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդություն էր ներկայացվել վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, որը դատախազի կողմից բավարարվել էր: Սակայն 2023 թվականի հունիսի 2-ին Տավուշի մարզի դատախազի կողմից վերացվել էր հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ հսկող դատախազի որոշումը և քրեական հետապնդում էր հարուցվել Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031