Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը չի բացառում, որ միջազգային դատարանից Ադրբեջանի դեմ բողոքը հետ կվերցնեն. «Ես չեմ բացառում, նույնիսկ տրամաբանական կհամարեմ նման լուծման գնալ».

Մարտ 12,2024 12:55

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հանելու մասին «Հայաստանը ՌԴ-ին տեղյակ պահել է պաշտոնական նամակով»: Այսօր վարչապետի ասուլիսի ժամանակ հարցրեցին՝ ե՞րբ է այդ գրությունը ուղարկվել, ի՞նչ փուլում է այդ գործընթացը ու միջազգային ատյաններում կա՞ ընդդեմ Ադրբեջանի բողոքներից հրաժարվելու հարց:

Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ռուս սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել անկախությունից ի վեր սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության եւ մատուցված ծառայության համար, տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են ահա այս ողջ ընթացքում, այդ թվում նաեւ մեր ՌԴ գործընկերների աջակցությամբ, ՀՀ սահմանապահ ծառայությունը մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանում բավարար փորձ, հմտություն ու հնարավորություն է ձեռք բերել, որպեսզի հսկողություն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության: Նամակի բովանդակությունը այսպես է»:

Ինչ վերաբերում է բողոքները հետ վերցնելուն, Փաշինյանն ասաց. «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել եւ քննարկվում է: Դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ Խաղաղության պայմանագրի դրույթները արդեն իսկ համաձայնեցված կլինեն ու երկու կողմերը պատրաստ կլինեն այն ստորագրելու»:

Նա ասաց, որ բնական է, որ եթե կնքում են խաղաղության պայմանագիր, հետ վերցնեն բողոքը. «Ինչի են կողմերը դիմում միջազգային դատարաններ, երբ որեւէ ձեւով խնդիրները հասցեագրված չեն կամ կառավարելիության խնդիր ունեն: Երբ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հասնում ենք համաձայնության, ես չեմ բացառում, նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք, խոսքը չի կարող լինել միայն ՀՀ-ի մասին, նաեւ նման լուծման գնալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031