Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին». Փաշինյան

Մարտ 12,2024 12:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մամուլի ասուլիս է հրավիրել ու այն սկսեց մի քանի տնտեսական ցուցանիշներով՝ շնորհակալություն հայտնելով տնտեսական գործունեություն ծավալող հարկ վճարողներին:

Անդրադառնալով Արցախին՝ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդը ի վիճակի եղան մեկ շաբաթում ավելի քան 100 հազար մարդ ընդունել եւ հասցեագրել նրանց կարճաժամկետ կարիքները»: Նա խոստացավ առաջիկայում արցախահայերի բնակարանային հասցեագրման հարցերը լուծել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մի կողմից հայտարարվում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել, բայց մյուս կողմից Բաքվից հայտարարում են, որ Հայաստանը իրենց անհապաղ պետք է վերադարձնի Տավուշից 4 գյուղեր, Ադրբեջանը սկսել է զորավարժություններ իրականացնել, ո՞րն է ձեր գնահատականը ու ինչպե՞ս եք այս իրավիճակում խաղաղության պատրաստվում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ ու թյուրըմբռնում. «Եկեք նախ արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի կարողանանք հստակ ձեւակերպել, թե որտեղ ու ինչպես Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ ու որտեղ է, որ չունի կամ հնարավոր է չունի: Ո՞րն է ՀՀ-ն»:

RA Prime Minister Nikol Pashinyan gives a press conference at the RA Government building in Yerevan, Armenia

Ավելի պատկերավոր ցույց տալու համար՝ Փաշինյանը կտրել էր քարտեզից ՀՀ-ի հատվածն ու իր հետ բերել ասուլիսի: Այն ցուցադրելով՝ ասաց. «Հայաստանի Հանրապետությունը սա է»:

RA Prime Minister Nikol Pashinyan gives a press conference at the RA Government building in Yerevan, Armenia

Ինչ վերաբերում է 4 գյուղ հանձնելուն՝ նա հայտարարեց. «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ՀՀ տարածքում, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ ժամանակներում, այլեւ դրանից հետո: Այն պատկերը, որ ցուցադրեցի, ՀՀ դե յուրե ամրագրված տարածքն է»:

Նա նշեց 3 սկզբունքները, ըստ որոնց՝ ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը, Ալմա Աթայի հռչակագրով, որը վերահաստատվել է Պրահայում, դարձել է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք. «Դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք այդ սահմանը վերարտադրել: Մենք պետք է ելնենք իրողությունից՝ այն, ինչ Հայաստան է՝ Հայաստան է, այն, ինչ Հայաստան չէ, Ադրբեջան է՝ Ադրբեջան է»: Փաշինյանը չի բացառում, որ սահմանագծման գործընթացը կարող է սկսեն հենց Տավուշի մարզից:

Փաշինյանը նշեց, որ բանակցային գործընթացում քննարկել են, որ սահմանները գծելուց հետո կարող են տարածքների փոխանակում անել. «Բայց ես տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն կամ դա կարող է դեֆորմացնել գործընթացը եւ լրացուցիչ ռիսկեր բերել: Այդ պատճառով կարծում եմ, առաջիկայում պետք է գործողություններ անենք հետեւյալ տրամաբանությամբ՝ այնտեղ, որտեղ մեր կոմունիկացիաները դե յուրե սահմաններից դուրս են, այդ հատվածները վերակառուցենք, որ ՀՀ բոլոր կոմունիկացիաները անցկացնենք ՀՀ դե յուրե սահմաններով, որպեսզի խնդիրներ չունենանք: Ես այցելություն կունենամ Տավուշի մարզ՝ տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար: Այս պահին որոշումներ չունենք, բայց կարծում եմ, մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031