Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարմիր գծերի» պարադոքսները

Մարտ 12,2024 12:32

Վերջին անգամ ստիպված էի գրել «կարմիր գծերի» մասին 22.06.2022-ին։ Այն ժամանակ ինձ նամակ էր եկել Երեւանի քաղաքապետարանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանից։ Այս անգամ Քաղաքապետարանից ինձ ուղարկված նամակը (Որոշումը) ստորագրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Նախորդ անգամ ես, մասնավորապես, արդեն նկատել էի, որ ինձ ուղարկված Որոշումը կազմված է պետական փաստաթղթին ոչ վայել լեզվով, որը պարունակում է անըմբռնելի, ոչ հայեցի ձեւակերպումներ, հետեւապես, կարող է համարվել ոչ պետական լեզվով կազմված, ուստի եւ չհամարվել պաշտոնական փաստաթուղթ՝ իրավաբանական բոլոր հետեւանքներով հանդերձ։ Ցավոք, երկու տարի անց ոչինչ չի փոխվել։

Ավելին, եթե, նախորդ անգամ բացակայում էր «իրավախախտման» հանգամանքների հստակ ներկայացումը (մասնավորապես՝ տեսանյութերը), ապա այս անգամ վիճակը պարզապես զավեշտական է։

Ինձ ուղարկված Հմ ՎՏ-0500505 «ոսկի» համարով որոշման մեջ՝ «Խախտման օրը, ամիսը եւ ժամանակահատվածը» վանդակում նշված է․

17.02.2024 թ․ ժամը 16։54-ից 17.02.2024 թ․ ժամը 17։24

Նույն Որոշման հաջորդ էջին՝ «Իրավախախտում կատարելու օրվա համար կատարված ավտոկայանատեղիի տեղական վճար(ներ)» վանդակում գրված է հետեւյալը․

17.02.2024 թ․ ժամը 17։06 -18։06  17.02.2024 թ․ ժամը 17։11 – 18։11

Ես հասկանում եմ այնպես, որ այս վանդակում նշված են ի՛մ փոխադրամիջոցի կայանելու դիմաց ի՛մ կողմից կատարված վճարումները։ Եվ դա իրոք այդպես է․ ես իրոք վճարել եմ։ Նույն տվյալները եկել են նաեւ իմ հեռախոսի վրա։ Այդ դեպքում ի՞նչ իրավախախտման մասին է խոսքը, եթե վճարման փաստը արձանագրված է նույն այդ որոշման մեջ։

Ուրեմն՝ նորից։

Ես կայանել եմ իմ փոխադրամիջոցը ժամը 16-54-ից մինչեւ ժամը 17։24, այսինքն` ուղիղ 30 րոպե։ Ճի՞շտ է։

Իսկ ո՞ր ժամանակահատվածի համար եւ քանի՞ վճարում եմ ես կատարել։ Երկու վճար։ Մեկը՝ կայանելու պահից 12 րոպե անց՝ 1 ժամի համար, ու եւս մի վճար կատարվել է դրանից 5 րոպե անց, եւ կրկին՝ 1 ժամի համար։ Որոշման մեջ ներառված լուսանկարները (չնայած չափազանց ցածր որակի) հնարավորություն են տալիս համոզվելու, որ նշված ժամանակահատվածում իմ փոխադրամիջոցը եղել է նույն տեղում։ Կարող է հարց առաջանալ․ իսկ ինչո՞ւ է, այդ դեպքում, վճարում կատարվել երկու անգամ։ Պատճառն այն է, որ առաջին անգամ ես վճարում եմ կատարել զանգահարելով 5045 համարին, իսկ հետո, կասկածելով, որ, թերեւս պետք էր զանգահարել 1045 համարով, ես մտածել եմ, որ ավելի լավ է եւս 200 (կամ՝ 300) դրամ ավելի վճարել, քան թե առիթ ունենալ սույն կարգի նամակներ կազմելու։

Սակայն, ինչպես տեսնում ենք, դա ինձ չփրկեց։ Եվ ես ստիպված ժամանակ եմ վատնում (չափազանց թանկ ժամանակ, հավատացնում եմ), գրելու համար այս նամակը։ Ի դեպ, նման կրկնակի վճարումներ էլի են եղել նախկինում, կարող եք ստուգել․ երբ ես վստահ չեմ եղել, որ կայանել եմ 60 րոպեից պակաս, ես, շառից հեռու լինելու համար, վճարել եմ եւս մեկ ժամի համար։ Եթե ընդամենը կասկածել եմ, որ կայանած եմ եղել մեկ-երկու րոպե ավել։

Իսկ տվյալ դեպքում, ես կայանել եմ իմ փոխադրամիջոցը 30 րոպեի ընթացքում, բայց վճարել եմ 2 անգամ՝ 60-ական րոպեների դիմաց։ Ես հիմա էլ վստահ չեմ, թե երկու վճարումներից որն էր անհրաժեշտը, բայց բոլոր դեպքերում ես 1 ժամ կայանելու դիմաց 1.5 անգամ ավել եմ վճարել։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ես կայանել եմ ընդամենը 0.5 ժամ, ապա նույնիսկ 3 անգամ ավել։ Ի դեպ, իմ կողմից վճարած, բայց չօգտագործած 0.5 ժամի (30 րոպեի) ընթացքում այդտեղ կայանել է մեկ այլ փոխադրամիջոց, եւ կրկնակի վճարել այդ 30 րոպեների դիմաց․ չեմ կարծում, թե նրան ասել են․ «Մի՛ վճարի, եղբայր․ արդեն վճարած է… Այն էլ՝ երկու անգամ»։

 

Ես չեմ պահանջում, որ ինձ վերադարձնեն իմ կողմից ավելորդ վճարած 200 դրամը (կամ նույնիսկ՝ 400 դրամը)։ Չեմ պահանջում, որ ինձ փոխհատուցվի բարոյական վնասը եւ փոխհատուցվեն ժամանակը եւ այլ միջոցները, որոնք ես ծախսել եմ ՎՏ-0500505 որոշման հետեւանքով։ Նույնիսկ, չեմ պահանջում պաշտոնական ներողություն այս վիրավորական ՎՏ-0500505 որոշման դիմաց։ Պարզապես ես ԽՆԴՐՈՒՄ եմ, որ ինձ պաշտոնապես տեղեկացնեն, որ տեղի է ունեցել սխալմունք։ Հավատացեք, ես ավելորդ փող չունեմ, վճարելու համար չկատարած իրավախախտման դիմաց։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031