Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններից առաջ իրենց ծրագրում երբեւէ ասե՞լ են, որ եթե իշխանության գան կարմիր գծերը թանկացնելու են, տրանսպորտը թանկացնելու են. Մարության

Մարտ 12,2024 12:17

Երեւանի նախկին քաղաքապետ, ավագանու «Ազգային առաջընթաց » խմբակցության՝ վերջերս մանդատից զրկված առաջնորդ Հայկ Մարությանը կողմ է միասնական տոմսային համակարգի ներդրմանը: Այս մասին նա այսօր հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Միասնական տոմսը պետք է ներդրվի, շատ կարեւոր է, երբ միասնական տոմսը չի գործում, ստվերը ահավոր մեծ է: Երբ ես քաղաքապետ էի, պատրաստ էր համակարգը, կար տենդերի հաղթողը, բայց մեր ժամանակով թանկացումներ չէին լինելու, միասնական տոմսը համակարգն էր լինելու: Այն ժամանակ TelCell-ն էր հաղթել, բայց ինձնից հետո այդ տենդերը չեղյալ են համարել, նորից տենդեր են դրել, երկու տարի անց նորից նույն ընկերությունն է հաղթել: Ինչու են երկու տարի անց անում նույն բանը, բանական մարդը ինչ կարող է մտածել, որ սա արվել է կոռուպցիայի համար: Միասնական տոմսը իրենից ներկայացնում է այն, որ մարդը քարտ է ունենում, լիցքավորում է այնքան, ինչքան ուզում է, ամեն անգամ տրանսպորտ մտնելիս, հպում ես ու հաշվիցդ 100 դրամ տանում է, սա միակ գործող տարբերակն է»,- ասաց նախկին քաղաքապետը:

Հայկ Մարությանը շեշտեց, որ տրանսպորտի թանկացմանը ինքն ու իրենց խմբակցությունը կտրականապես դեմ են, որովհետև, իր համոզմամբ՝ կա քաղաքային իշխանության եւ բնակչության միջեւ չգրված կոնսենսուս, որ տրանսպորտի ուղեվարձը 100 դրամ է, մինչդեռ այսօր նախագիծ են բերել, որով 300 դրամ է. «Ընտրություններից առաջ իրենց ծրագրում երբեւէ ասե՞լ են, որ եթե իշխանության գան՝ կարմիր գծերը թանկացնելու են, տրանսպորտը թանկացնելու են: Սա դեռ սկիզբն է, ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչ գործընթացներ են սպասվում: Իհարկե, չեն ասել, որովհետեւ անընդհատ ստում են: Ընդ որում՝ այնպես չէ, որ ընտրություններից մեկ տարի հետո են դա անում, մի քանի ամիս անց, այսինքն՝ պլանավորած ունեին այս գործընթացը: Այսինքն՝ իմանալով, որ այս ամենն անելու են, լռել են, որ բնակչությունը խաբվի»:

Մարությանը վերլուծեց նաեւ 1 ամսվա կտրվածքով առաջարկվող 8800 դրամի փաթեթը եւ արձանագրեց, որ միայն մեկ ամսվա կտրվածքով քաղաքացին երկու անգամ ավելի թանկ է վճարելու.

«Եվ մենք խոսում ենք մի պետության, մի քաղաքի մասին, որտեղ 30 տոկոսանոց աղքատություն կա, որտեղ մարդիկ բառացի աշխատավարձից-աշխատավարձ են ապրում, եթե այդ մարդիկ ուզենան էլ՝ այդ գումարները չեն կարող տալ, չունեն»:

Վերջում պարոն Մարությանը հայտնեց, որ բոյկոտելու են ավագանու այս որոշումը, ապա կոչ արեց բոլոր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել, ոչ թե դեմ քվեարկել, քանի որ դեմ քվեարկելով հնարավոր չէ այս գործընթացը կանգնեցնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031