Տրանսպորտի թանկացումը չեղարկելու պահանջով Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր վաղ առավոտյան ընթացող բողոքի ցույցին միացավ նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ, ավագանու «Ազգային առաջընթաց » խմբակցության՝ վերջերս մանդատից զրկված առաջնորդ Հայկ Մարությանը:
Մարությանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի համաձայն, դիմել էր քաղաքապետին այսօրվա նիստին իր մասնակցության պահանջով, սակայն իրենց դիմումը մերժվել էր: Հայկ Մարությանի խոսքով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանու նիստերին քաղաքապետի կամ խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել այլ անձինք, ելույթներ ունենալ, պատասխանել հարցերին:
Նախկին քաղաքապետն ասաց, որ իր մասնակցության մերժումը հիմնավորել են մի փաստաթղթով, որը կնքվել է քաղաքապետարանի աշխատակազմի եւ ՆԳՆ ՊՊԳՎ-ի միջեւ, ըստ որի, ավագանու նիստերի ժամանակ, բացի ավագանու անդամներից ու քաղաքապետարանի աշխատակիցներից՝ այլ անձ չի կարող մուտք գործել Երեւանի քաղաքապետարանի շենք. «Սա մաքուր ապօրինություն է, ապօրինի փաստաթուղթ: Օրենքը գործել է նույնիսկ ՀՀԿ-ի՝ հին իշխանությունների օրոք, հիմա տեսնենք՝ ինչպես է օրենքը գործում նոր իշխանությունների օրոք»:
Հայկ Մարությանը, ամեն դեպքում, փորձ արեց ներս մտնել քաղաքապետարան, մասնակցել ավագանու նիստին, որի օրակարգում տրանսպորտի թանկացման հարցն էր:
Կարդացեք նաև
Հայկ Մարությանը քաղաքապետարանի շենքում սպասեց, սպասեց ու չկարողացավ վերեւ բարձրանալ, թույլ չտվեցին:
Քաղաքապետարանի շենքից դուրս գալուց հետո Մարությանը շարունակեց լրագրողների հետ զրույցը. «Սա օրենքի կապտագույն խախտում է, ամբողջ աշխարհում ՏԻՄ-ը ամենաբաց մարմիններն են, որտեղ ելումուտ կա… Այս մեր «հեղափոխական» իշխանությունը ինչ էր ասում ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի ժամանակ, ավտորիտար պետություն է, կոռուպցիա, ամեն ինչ վերեւից է որոշվում, արգելում են եւ այլն: Եկեք հիշենք, որ այդ նույն գործընթացների ժամանակ նույն Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ մուտք է գործել ռադիոյի շենք: Ընդ որում՝ ոչ մի իրավունք չունենալով՝ ասելով որ գերակա հանրային շահ է, արձանագրենք, որ ոչ մի քրեական հետապնդում էլ չի եղել»:
Մարությանը հիշեցրեց նաեւ, թե ինչպես էր Փաշինյանը որպես ԱԺ պատգամավոր իր կողմնակիցներին ԱԺ ընդունելության փորձ անում տանել. «Այսինքն՝ պայքարը գնում էր, որ ժողովրդին թույլ չէին տալիս ներս մտնել ընդունելության, փաստացի այսօր մեր խմբակցությունը հրավիրել է ինձ, որ հինգ րոպե ելույթ ունենամ, բայց այս իշխանությունները՝ խախտելով բոլոր օրենքները՝ թե բարոյական, թե իրավական, ուղղակի թույլ չեն տալիս հինգ րոպեանոց ելույթ ունենամ: Սա խոսում է այն մասին, որ վախենում են այդ 5 րոպեանոց ելույթից: Սա խոսում է նաեւ այն մասին, որ այս մարդիկ չեն ուզել հեղափոխություն անեն, ժողովրդի վիճակը լավացնեն, իրենք դեմ չէին ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին, իրենք ընդամենն ուզում էին, որ իրենք լինեին ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի տեղը ու զբաղեցնեն իշխանությունը, կոռուպցիան, ինչը տեսնում ենք, որ շատ լավ բարգավաճում է: Բնականաբար, այս իշխանությունների արածները պարզվելու են մյուս իշխանությունների օրոք, այս իշխանությունները պետք է հիշեն, որ իրենք էլ հավերժ չեն: Թող հիշեն, որ եկել են այլ լոզունգներով, ժողովրդին բառացի խաբել եք, ասել եք ՝ կգանք, ամեն ինչ լավ կլինի, բայց տեսնում ենք, որ ժողովրդավարական գործընթացները շատ կոպիտ ձեւով նահանջում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ