Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ սխալ որոշում է կայացվել: Առաջ են գալու նոր խնդիրներ. Լամարա Մանուկյան. «Հրապարակ»

Մարտ 12,2024 11:24

«Հրապարակի» զրուցակիցը Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, թերապեւտ-սրտաբան Լամարա Մանուկյանն է:

Մարտի 1-ից 470 անուն դեղ վաճառվում է էլեկտրոնային դեղատոմսերով: Խոսքը հիմնականում հակաբիոտիկների մասին է, սակայն այս ոլորտում մի իսկական խառնաշփոթ է սկսվել, եւ մասնագետները պնդում են, որ անգամ աչքերի համար նախատեսված որոշ կաթիլներ եւ ցավազրկողներ այլեւս էլեկտրոնային դեղատոմսերով են դուրս գրվելու: Այս որոշումը բավականին մեծ դժգոհության առիթ է դարձել:

– Շատ սխալ որոշում է կայացվել: Միտումն այն է, որ կանխարգելվի հակաբիոտիկների չարաշահումը: Շատ գրագետ մոտեցում է, երբ մարդուն բացատրում ես՝ ամեն հազի եւ փռշտոցի ժամանակ չի կարելի վազել դեղատուն եւ հակաբիոտիկ գնել: Ի դեպ, մեր հայ ժողովրդին բնորոշ է ինքնաբուժությամբ զբաղվելը, փորձում ենք ինքներս որոշել՝ ինչ դեղ խմել, ինչ դոզայով եւ այլն: Սա շատ սխալ է: Հատկապես քովիդից հետո անտիբիոտիկների հանդեպ սերը մեծացել է: «Դեքսամետազոն» անունով դեղը դարձել է մեր ժողովրդի սիրելի դեղը: Ով թոքաբորբով է հիվանդանում, միանգամից այդ հաբերն է գնում, բայց դա այն դեղամիջոցն է, որը բացառապես պետք է բժիշկը նշանակի եւ դոզավորի: Մի այսպիսի խնդիր էլ ունեն մարդիկ․ երկու-երեք օր հակաբիոտիկ են խմում, ինքնազգացողությունը լավանում է, դադարում են խմել այն։ Դա եւս շատ սխալ է: Հակաբիոտիկի օգտագործման չափը հինգից յոթ օր է: Պետք է այն ընդունել մինչեւ վերջ: Բայց էլեկտրոնային դեղատոմսերով տարբերակը պայքարի ճիշտ տարբերակ չէ: Ցանկացած նորմալ երկրում, երբ նոր օրենք է կյանքի կոչվում, պետք է նախապես հաշվի առնվեն մի շարք հանգամանքներ: Այս տարբերակով նոր հերթեր են գոյանում: Այն ուղղակի սարսափելի է: «Արմեդ» համակարգը բացարձակապես պատրաստ չէր այս ամենին: Անգամ ամենահանգիստ պայմաններում դրա աշխատանքը վատն էր, էլ ուր մնաց նման ծանրաբեռնվածության ժամանակ նորմալ աշխատի: Մեզ այլ՝ հագեցած համակարգ է հարկավոր, որը կաշխատեր ավելի պարզ եւ հստակ` առանց խափանումների: Մենք գիտենք նաեւ, որ ժողովուրդը սովորություն ունի դիմելու ընտանեկան բժշկին կամ ուղղակի ծանոթ բժշկին: Օրինակ` շաբաթ-կիրակի օրերին մարդը գուցե դեղի կարիք ունի, ի՞նչ պետք է լինի այդ դեպքում, կիրակի օրով ինչպե՞ս են դեղ դուրս գրելու: Ի՞նչ պետք է այս դեպքում անի հիվանդը: Ստացվում է, որ մենք բարդացնում ենք մեր ժողովրդի վիճակը՝ հեշտացնելու փոխարեն: Առաջնային օղակին ես համարում եմ առաջամարտիկներ, իրենց վրա մեծ պատասխանատվություն է: Ի դեպ, այս դեպքում, եթե, օրինակ, չորս դեղորայք է անհրաժեշտ, բժիշկն «Արմեդ» համակարգ պետք է այցելի չորս անգամ: Բոլոր երկրներում էլ կա էլեկտրոնային դեղատոմսի համակարգ, սակայն պետք է կրթական դասընթացներ անցնել դրա համար: Առողջապահության ազգային ինստիտուտը նախ պետք է դասընթացներ կազմակերպեր: Հիմա ընդամենը մի ուղեցույց են տվել, ու վերջ, ասում են՝ աշխատեք, խնդիրներ են առաջանում, համակարգը նորմալ չի աշխատում, բոլորը պետք է նստեն ու սպասեն, թե երբ հարցը կլուծվի….

Իսկ ալտերնատիվ ի՞նչ տարբերակով կարող էին մարդկանց մոտ նվազեցնել հակաբիոտիկների հանդեպ սերը, եթե սրա պատճառը դա է:

– Կարող էր ուղղակի թղթային ռեցեպտներով լինել վաճառքը: Դա եղել է մի քանի տարի առաջ, սակայն հանվեց, չգիտես թե ինչու: Այո, հակաբիոտիկը պետք է կիրառվի միայն դեղատոմսով, ես դրան համաձայն եմ, բայց ոչ այս տարբերակով: Սա խուճապային համակարգ է: «Արմեդը» պետք է ուժեղացվի եւ հագեցվի, այնպես, որ անխափան աշխատի, բացի այդ, պետք է մեխանիզմներ մտածեն նրանց համար, ովքեր գտնվում են քաղաքից դուրս, ենթադրենք՝ մարդը վատառողջ է եւ գտնվում է քաղաքից դուրս, ի՞նչ պետք է անի: Սրանք բոլորը հարցեր են` շատ կարեւոր հարցեր, որոնք հաշվի չեն առնվել, դրա համար էլ խառնաշփոթ է տիրում…. ասեմ ավելին` կոռուպցիան ավելի շատ է տարածում գտնելու, անպայման հայտնվելու են դեղատներ, որոնք դեղեր կվաճառեն այլ ճանապարհներով: Մեկը կգնա, Վրաստանից կբերի, մյուսը հարեւանին կխնդրի՝ հետը բերել մեկ այլ երկրից: Սա խնդրի լուծում չէ, այսպես չի լուծվելու ոչ մի խնդիր, փոխարենն առաջ են գալու նոր խնդիրներ: Կլինեն նաեւ ծայրամասային, գյուղական դեղատներ, որոնք կաշխատեն առանց դեղատոմսի, մի խոսքով` սա սխալ պայքարի ճանապարհ է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031