Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերի գերակշիռ մեծամասնությունը չզեկուցվող են։ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկեց ավագանու նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող, իսկ տրանսպորտի վերաբերյալ փաթեթը հանել նիստի օրակարգից։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս առաջարկը չդրեց քվեարկության։
Չզեկուցվող որոշ հարցեր դրվեցին քվեարկության եւ դարձան զեկուցվող։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դժգոհեց, որ քվեարկությունը թերի իրականացվեց։ «Ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասում է՝ խի քեզ պարզ չէ՞, որ ընդունվելու է, ինչո՞ւ նորից դնենք քվեարկության։ Դե եթե ձեզ պարզ է, եկեք ընդդիմությունը վեր կենա, գնա տուն»,- ասաց Աբգարյանը։
Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ «Մայր Հայաստան» եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունները որդեգրել են ամենաանկառուցողական մոտեցումը։ «Իսկ ո՞վ է ասել, որ ձեզ հետ պետք է հաշվի նստենք, եթե ձեր մոտեցումներն այսպիսին են։ Եթե մոտավորապես սա է ձեր մոտեցումը բոլոր հարցերի վերաբերյալ, մենք ընթացակարգով բոլորս իրար հետ շարժվելու ենք, միտինգի չեք, սա Երեւանի ավագանու նիստն է։ Իմ ներվերը բետոնից է, ինձ հունից չեք կարողանալու հանեք, մեզ հունից չեք կարողանալու հանեք»,- ասաց Ավինյանը։
Կարդացեք նաև
«Ազգային առաջընթացի» անդամները որպես բոյկոտ՝ հարվածում էին սեղաններին։ «Ինչքան ուզում եք, հարվածեք»,- արձագանքեց Ավինյանը։
Քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը ներկայացրեց Երեւանի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունը։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն ասաց․ «Ընթերցանության համար 5, իսկ ծրագրի իրականացման համար 2։ Ի՞նչ լեզվով ձեզ բացատրենք, պարոն Ավինյան, գուցե ճապոներե՞ն ձեզ բացատրենք՝ հաշվի առնելով ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ, որ չզեկուցվող հարցեր պետք է չլինեն։ Դուք այսօր 24 հարց եք բերել չզեկուցվող, այդ 24 հարցի մեջ հողի նշանակության փոփոխություն, բյուջեում փոփոխություն, անվանափոխություններ կան։ Երեւանցին չունեցավ հնարավորություն՝ որեւէ հարցի շուրջ լսելու լուրջ քննարկում։ Ինչի՞ց եք վախենում, կարո՞ղ է քվորում չեք ապահովի, եթե մի քիչ երկար տեւի այս նիստը»։
«Պարոն Երիցյան, դուք ձեր չափերը մի անցեք, եւ սա զգուշացում է ձեզ։ Մի մոռացեք՝ որտեղ եք գտնվում։ Եթե շարունակեք՝ դուք կզրկվեք հարց տալու ու ձայնի իրավունքից, եթե շարունակեք, այս դահլիճից դուրս կգաք ու այլեւս չեք մասնակից այսօրվա նիստին։ Հետեւապես խնդրում եմ, ձեր չափերը ճանաչեք»,- արձագանքեց Տիգրան Ավինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ