Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք անում են հասարակական տրանսպորտի վիճակի վատթարացում, այս մոդելը չի աշխատի»․ Վիկտոր Մնացականյան

Մարտ 12,2024 10:11

Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույց են անում ակտիվիստները՝ բողոքելով հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագծի դեմ։ Երեւանի ավագանին այսօրվա նիստում քննարկելու է միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը, ըստ որի՝ 30 օրվա համար սահմանվում է 8800 դրամ սակագին՝ անսահմանափակ երթեւեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար՝ 23 600 դրամ՝ անսահմանափակ երթեւեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ՝ անսահմանափակ երթեւեկելու հնարավորությամբ։

Երեւանի ավագանու նախորդ նիստում քննարկվել էր տրանսպորտի թանկացման եւ միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագիծը, սակայն քվեարկություն տեղի չէր ունեցել։ Այդ քննարկումից հետո նախագիծը լրամշակվել է եւ դարձյալ ներկայացվել քննարկման։

Քաղաքապետարանի շենքը հսկում են մեծ թվով ոստիկաններ։ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Քաղաքացիների ձայնը երբեւէ ինչ-որ մեկը լսե՞լ է։ Նման ծրագրերը իրականացնելիս, հատկապես եթե դա արվում է հարկատուների հաշվին, քաղաքացիների ձայնը պետք է լսել։ Օրինակ՝ տրանսպորտի ոլորտը քաղաքային կառավարման ամենանուրբ ոլորտն է, պետք է արվեն պիլոտային ծրագրեր։ Մենք չգիտենք, որ որեւէ պիլոտային ծրագիր արվել է։ Իրենք անում են ընդամենը հասարակական տրանսպորտի վիճակի վատթարացում, որովհետեւ այս մոդելով դա չի աշխատի, ինչպես որ չաշխատեց կարմիր գծերի թանկացումը կենտրոնում։ Այսինքն՝ մենք տեսանք, որ առանց կենտրոնի բնակիչների կարծիքը լսելու դա արվեց։ Չի բեռնաթափվել կենտրոնը, ընդամենը ցերեկը որոշ փողոցները որոշ ժամերի բեռնաթափվել են։ Բայց տուրիստական փողոցներում որեւէ բան չի բարելավվել։ Այստեղ կա տրանսպորտի եւ հասարակական տրանսպորտի տարբերություն։ Այսօրվա քաղաքային իշխանությունը խոսում է միայն հասարակական տրանսպորտի մասին։ Բայց տրանսպորտը նաեւ մեր տաքսիներն են, մեր տաքսիները տասնյակ հազարավոր աշխատատեղեր են, այդ մարդկանց ձայնն այսօր լսելի չէ։ Տաքսիների հետ որեւէ աշխատանք չկա, տաքսիներն իրենք իրենցով պայքարում են օնլայն տաքսիների ու քաղաքապետարանի հետ»։

Ըստ նրա՝ Երեւանի հասարակական տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար։ «Եվ այդ գումարի տեղը մենք ասում ենք, թե որտեղ է։ Բայց այս մարդիկ անպայման պետք է մտնեն քաղաքի բյուջե։ Էլ չեմ ասում, որ միլիարդավոր վարկեր ենք վերցրել մեր ուսերին, դա փակելու են մեր երեխաները։ Հասարակական տրանսպորտի անվճար լինելը ոչ թե պոպուլիստական կամ ինքնանպատակ է, դա ստիմուլյացիա է, որպեսզի մարդիկ ավելի քիչ սկսեն օգտվել անձնական մեքենաներից»,- ասաց նա։

Նա հարցադրում արեց․ «Արդյոք սա այդքան կարեւոր հա՞րց էր այս պահին։ Անպատասխանատուների իրավիճակ է ստեղծվել։ Այսօր Երեւանի պատմական ծառերը՝ թեղիների, հացենիների մասին է խոսքը, որոշները հիվանդ են, կարիք կա դրանք փոխարինելու, բայց նրանք ոչնչացրեցին՝ թաքնվելով որոշ չակերտավոր գիտնականների ստորագրությունների տակ։ Այսօր Երեւանի կենտրոնի պատմական ծառերի ճակատագիրը որոշում է երկու մարդ՝ մեկը Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարն է, մյուսը՝ Բուսաբանության ինստիտուտի նախկին տնօրենը, որոնք տարբեր քրեական գործերով վարույթի տակ են։ Եվ այդ երկու մարդը, որոնք կանաչապատման ոլորտում տարբեր քրեական գործերով են անցնում, իրենք որոշում են Թումանյան փողոցի ծառերը լինեն, թե՞ ոչ»։

Վիկտոր Մնացականյանը հավելեց, որ քաղաքային իշխանությունները որեւէ միջազգային մասնագետի հետ չեն քննարկել՝ արդյոք Երեւանում ո՞ր տրանսպորտային ուղղությունն է ճիշտ զարգացնել. «Մենք առաջարկում ենք տրամվայը, որն ավելի էկոլոգիական ու կոլորիտային է։ Եվրոպական վերջին 20 տարիներին 300 քաղաք տրամվայները հետ են բերել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031