Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուխը», նույն ինքը՝ լկտիությունը

Մարտ 12,2024 10:00

20-րդ դարում հայտնի հակաուտոպիաներից առավել «մարգարեական են», իմ կարծիքով, երկուսը՝ Օրուելի «1984»-ը եւ Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը»: Դրանք առավել ճշգրտորեն նկարագրում են այն, ինչ տեղի է ունեցել, մասնավորապես, մեզ հետ՝ հետխորհրդային տարածքում: Անցում ամեն ինչ վերահսկող տոտալիտարիզմից դեպի անմիտ, անխիղճ, արժեքներից զուրկ գեդոնիզմը, որն ուղեկցվում է, կարելի է ասել, «ամբոխի բռնապետությամբ»: Այդ իրավիճակում մերժվել է այն, ինչ կառուցվել է նախորդ տասնամյակներում՝ հոգեւոր անապատ թողնելու մտադրությամբ: Բուհերը եւ գիտական հաստատությունները, ըստ էության, լուծարելու ծրագիրը հենց այդ «սերիայից» է:

Այնպես չէ, որ նախորդ իշխանությունների ուշքը գնում էր մշակույթի եւ կրթության համար: Եթե ուշքները գնար, Երիտասարդական պալատի տեղը քարի հանք չէին սարքի: Բայց այսօրվա աստիճանի լկտիության նրանք երբեք չէին գնա: Լկտիությունը, ինքնահավան տգիտությունը, խուլիգանությունը նիկոլական «նովոյազով» այժմ կոչվում է «դուխ», որն, իհարկե, իրական ոգու կամ հոգու հետ կապ չունի:

Ի՞նչն է «դուխ տալիս» ներկա իշխանությանը: Իրենք ասում են՝ «ժողովուրդը», եւ այս հարցում մասամբ իրավացի են: Պարզապես «ժողովուրդ» վերամբարձ բառը կփոխարինեի «ընտրազանգված» չեզոք հասկացությամբ: Այո, հոգեւոր վանդալիզմը խրախուսվում է, ողջունվում է այդ զանգվածի կողմից: Որովհետեւ տգետն ընտրում է տգետին, խուլիգանը՝ խուլիգանին, փողոցում թքողը՝ փողոցում թքողին:

Ներկայիս իշխանություններն իսկապես իրենց ընտրազանգվածի լիիրավ ներկայացուցիչներն են: Իմ նմանների, այդ ընտրազանգվածից դուրս գտնվողների բողոքը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Իհարկե, բուհերը, գիտական ինստիտուտները պետք է լուծարվեն: Բա հո իշխանական օլիգարխների մոլերը չե՞ն լուծարի:

…Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ղազարոս Սարյանն ուներ օգնական, որին հանձնարարում էր տարբեր տեխնիկական գործեր: Բայց (պատմում եմ այն, ինչն իմ աչքով եմ տեսել), երբ պետք էր իր ստորագրած թուղթը տանել ինչ-որ բաժին, նա սովորաբար դա ոչ մեկին չէր հանձնարարում: Ինքն անձամբ էր գնում, տանում: Ուրիշ ժամանակաշրջան էր: «Սովետահայկական»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ «Սպուտնիկ» / Ասատուր Եսայանց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031