Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիներից վերցնում են ջիպ դասի մեքենաներ ու փոխանցում Ռազմական ոստիկանությանը, որ ինչ-որ բաժնի պետ այդ մեքենան վայելի. Փաստաբան

Մարտ 11,2024 23:13

«Արցախից հազարավոր մեքենաներ են տեղափոխվել ՀՀ Կառավարություն, Ոստիկանություն, ԱԱԾ-ի, ԱԻ պետական ծառայություն, ՊՆ: Ոչ մեկի մասով որեւէ հետաքրքրություն ՀՀ իրավապահները չեն ներկայացնում, այսինքն՝ ոստիկանության եւ այլ մեքենաները ով, ինչ տարել է, խեր է, թող, տարել է, տարել է: Հերթը հասավ Պաշտպանության բանակին, առանց որեւէ իրավական հիմքի սկզբում ինչպես էին անում, մոտ 300 մեքենա առանց իրավական հիմքի առգրավեցին, դրանցից մոտ 150-ը սեփականաշնորհված, նոր պետական համարանիշներով մեքենաներ էին, առանց իրավական հիմքի ուղղակի ՌՈ աշխատակիցները եկան, բռնի ուժով վերցրին, տարան»,- Aravot.am-ին պատմեց փաստաբան Ռոման Երիցյանը:

Նրա խոսքով, մի քանի քաղաքացի դիմել են դատարան, որ Ռազմական ոստիկանությունը խոչընդոտում է իրենց սեփականության իրավունքի իրականացմանը, դատարանը կայացրել է միջանկյալ ակտ, ըստ որի, ոչ մեկն իրավունք չունի այդ քաղաքացիների տիրապետման ու օգտագործման իրավունքին խոչընդոտել, քանի դեռ դատարանը վերջնական վճիռ չի կայացրել՝ արդյոք այդ մեքենաները հանդիսանում են տվյալ քաղաքացու սեփականություն, թե՝ ոչ:

«Ռազմական ոստիկանությունը, մտնելով անզորության դաշտ, հաղորդում է ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտե, վերջինս քրեական վարույթ է նախաձեռնում, ինչի շրջանակում առանց այդ մարդկանց մեղադրանք առաջադրելու, գալիս, իրենց գույքն առգրավում, տանում են: Նախաձեռնված վարույթի շրջանակում մեքենան դիտարկում են ապօրինի ձեռքբերված գույք, առգրավում են, բայց դրա համար պետք է մեղադրանք առաջադրեին, գույքի արգելադրման որոշում կայացնեին, դատարանը հաստատեր, նոր միայն կարողանային առգրավել:

Ի՞նչ են իրենք ասում, այդ մեքենաները պատկանում էին ՊՆ-ին ու Պաշտպանության բանակն իրավունք չուներ այդ մեքենաները հատկացներ ձեզ: Հետեւաբար, ստացվում է, որ ձեր ծառայողական դիրքն օգտագործելով՝ այդ մեքենաները յուրացրել եք:

Ի պատասխան հարցնում ենք, եթե այդ մեքենաները պատկանում են ՊՆ-ին, կար՞ող եք որեւէ փաստաթուղթ ցույց տալ, ինչը չեն կարողանում ցույց տալ: Այդ մեքենաները Արցախի կառավարության միջոցներով ձեռքբերված մեքենաներ են, իսկ այդ միջոցները գոյացել են բարերարների ներդրումներից: Դրան զուգահեռ մեջբերում ենք նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, նա հրապարակավ հայտարարեց, որ 2020 թվականից ՀՀ-ն Արցախի տարածքում գույք կամ ռազմական տեխնիկա չի ունեցել»:

Փաստաբանը նկատեց, որ առգրավման գործընթացում բարոյականության հարց էլ կա. «Եթե քաղաքացուց առգրավեն կամազ, ուազ, որոնք մարտական դիրքերում անհրաժեշտ են, մենք ինչ-որ տեղ կհասկանանք, բայց վերցնում են ջիպ դասի մեքենաներ ու փոխանցում են Ռազմական ոստիկանությանը, որ ինչ-որ բաժնի պետ այդ մեքենան վայելի: Բայց այն քաղաքացին, որ մարտական գործողությունների է մասնակցել, 4 պատերազմներին մասնակցել է, ունի գեներալի կոչում, եկել է այստեղ ու իրեն ընդամենը կապիտանի պաշտոն են առաջարկում այդ քաղաքացին արժանի չէ այդ մեքենան վայելել»:

Երիցյանի խոսքով, իրենք արդեն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, բողոքարկել են քննիչի գործողությունները դատախազությանը, կբողոքարկեն նաեւ դատարանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031