Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն` ադրբեջանական «իսլամաֆոբիկ» հիստերիայի մասին

Մարտ 11,2024 23:03

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է ադրբեջանական «իսլամաֆոբիկ» հիստերիային՝ նշելով, որ վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվորեն աղաղակում է իսլամաֆոբիայի դրսևորումների վերաբերյալ և մեծ ջանքեր գործադրում աշխարհին համոզելու համար, թե Ադրբեջանի նկատմամբ տարվում է իսլամաֆոբ քաղաքականություն։

Հայտարարության մեջ ասվում է. «Նման դիրքորոշումն ամենևին պատահական չէ։ Լեռնային Ղարաբաղում հայկական ազգային-հոգևոր քրիստոնեական մշակութային ժառանգության ամենօրյա ոչնչացման ֆոնին Ադրբեջանը փորձում է հակակշիռ ստեղծել չբարձրաձայնված Արմենոֆոբիային։ Եվ նման պարագայում Բաքուն չի գտնում առավել հարմար ճանապարհ, քան հրահրել այնպիսի նուրբ խնդիր, ինչպիսին համաշխարհային կրոնական հանդուրժողականությունն է։ Այսինքն միջէթնիկ հակամարտությանը Ադրբեջանը փորձում է հաղորդել միջկրոնական, հետևաբար գլոբալ հակասության բովանդակություն և իր հակառակորդների շարքում դիտարկում է ոչ միայն Հայաստանը, այլ բոլոր այն երկրները, որոնք վերջին տարիներին ադրբեջանական հանցանքներին այս կամ այն կերպ հակադարձել են։ Ադրբեջանն այս կերպ հորինում է գլոբալ թշնամի՝ դրանով փորձելով մի կողմից «հավասարակշռել» հակահայկականության խնդիրը՝ իրեն դիրքավորելով որպես համաշխարհային իսլամաֆոբիայի զոհ, մյուս կողմից՝ փորձում է իսլամական երկրների կոնսոլիդացիա ապահովել՝ ստանձնելով իսլամական արժեքների պաշտպանի դերը։

Մինչդեռ Հայաստանը և հայ ժողովուրդը խիստ բարիդրացիական հարաբերություններ ունեն բազմաթիվ իսլամադավան երկրների ու ժողովուրդների հետ, և վաղուց անցյալում են կրոնական հիմքով հակասությունները, այնինչ Ադրբեջանն է, որ «խաչակրության» և «իսլամաֆոբիայի» կեղծ օրակարգերով փորձում է շեղել և մոլորեցնել համաշխարհային հանրությանը։ Եթե Ադրբեջանի նկատմամբ գոյություն ունի իսլամաֆոբիա, ապա ինչպես որակել Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անտեսումը, եթե ոչ Արմենոֆոբիա, ինչպես որակել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, եթե ոչ Արմենոֆոբիա, ինչպես որակել հայ սպայի կացնահարումը, եթե ոչ Արմենոֆոբիա։ Իհարկե, այս ամբողջ գործընթացի թիրախում Հայաստանն է և հայկականությունը։

Ադրբեջանը հայկական Շուշին պիտակավորում է որպես իսլամական մշակութային մայրաքաղաք, սակայն արդյո՞ք տեղեկացնում է Շուշի տարված օտարերկրացիներին, որ 1920 թ․ մարտի 22-26-ը կոտորածի է ենթարկվել Շուշիի ողջ հայությունը և ավերվել է ողջ հայկական թաղամասը, արդյո՞ք տեղեկացնում է, որ 1988 թ․ Շուշին վերստին ենթարկվել է հայաթափման, և որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 7-րդ կետի միակողմանի գործադրմամբ հենց Ադրբեջանը թույլ չի տալիս բռնի տեղահանված հայության վերադարձը ինչպես Շուշի, այնպես էլ ողջ Լեռնային Ղարաբաղ։

Այս «իսլամաֆոբ» հիստերիայի ֆոնին մենք պահանջում ենք Ադրբեջանին պատասխանել հետևյալ հարցին․ ինչպե՞ս բնորոշել Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացումը, կամ Ստեփանակերտում և Լեռնային Ղարաբաղի մյուս քաղաքներում և բնակավայրերում պատմական շենքերի, հուշակոթողների, հոգևոր-ազգային կառույցների ոչնչացումը։ Ադրբեջանական լռությունը միանշանակ ապացույցն է այն բանի, որ այս ողջ «իսլամաֆոբ» ներկայացումը ոչ այլ ինչ, եթե ոչ քաղաքական ձեռնածության և հանցավորության կոծկման միջոց»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031