Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին վստահում է հանրության 17%-ը, ոչ մի քաղաքական գործչի չի վստահում 60%-ը․ հանրային կարծիքի ուսումնասիրություն

Մարտ 11,2024 22:55

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)՝ Հայաստանի բնակչության շրջանում հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալներով՝ ՀՀ բնակչության 60%-ը չի վստահում ոչ մի քաղաքական կամ հասարակական գործչի։  Նրանց 17 %-ն է վստահում Նիկոլ Փաշինյանին, 5%-ը՝ Արարատ Միրզոյանին, 4%-ը Արամ Զ․ Սարգսյանին, 3%-ը Ալեն Սիմոնյանին և 2%-ը Ռոբերտ Քոչարյանին։

Հարցին՝ ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք Ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, հարցման մասնակիցների 17%-ը պատասխանել է ՔՊ-ին, 3%-ը՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, իշխող կուսակցությանը, 3%-ը՝ «Հայաստան» դաշինքին, 2%-ը ՀՀԿ-ին, 2%-ական տոկոսը «Հանրային ձայն»-ին և ԲՀԿ-ին։

Հարցվածների 48%-ը կցանկանար տեսնել նոր քաղաքական ուժերի, 47%-ին բավարարում են առկա կուսակցությունները։

Հարցվածներն ամենաշատը գոհ են ՀՀ Զինված ուժերի աշխատանքից։ Նրանց 30 %-ը լիովին գոհ է ՀՀ ԶՈՒ աշխատանքից, ամենաքիչը գոհ են ՀՀ ԱԺ-ի աշխատանքից․ լիովին գոհ է 7%-ը։ ՀՀ վարչապետի աշխատակազմից ընդհանրապես գոհ չէ 31%-ը, լիովին գոհ է 19%-ը։ ՀՀ ոստիկանությունից ընդհանրապես գոհ չէ հարցվածների 19%-ը, լիովին գոհ է 23%-ը։ 2019-ի հոկտեմբերի դրությամբ ՀՀ Զինված ուժերի աշխատանքից գոհ է եղել 91%-ը, 2023-ի դեկտեմբերին՝ 64%-ը։ 2019-ի հոկտեմբերի դրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքից գոհ է եղել հարցվածների 76%-ը, 2023-ի դեկտեմբերի դրությամբ՝ 50%-ը։

Դատարանների աշխատանքի վերաբերյալ հանրային կարծիքը գրեթե չի փոխվել։ 2019-ի հոկտեմբերի դրությամբ հարցվածների 36%-ը գոհ է եղել դատարանների աշխատանքից, 2023-ի դեկտեմբերի դրությամբ՝ 37%-ը։

Հանրային կարծիքի ուսումնասիրության տվյաները ցույց են տալիս, որ խոսքի ազատության բնագավառում հանրությունը հետընթաց է նկատում։ 2019-ի հոկտեմբերին հարցվածների 4%-ն էր կարծում, որ խոսքի ազատությունը հետընթաց է ապրել, իսկ 2023-ի դեկտեմբերին՝ 19%-ը։ 2019-ի հոկտեմբերին հարցվածների 80%-ը կարծում էր, որ խոսքի ազատության ոլորտում բարելավում կա, իսկ 2023-ի դեկտեմբերին՝ 54%-ն է այդ կարծիքին եղել։

Հարցվածների 45 %-ը կարծում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը վերջին վեց ամիսների ընթացքում բարելավվել է, 40%-ը կարծում է, որ ժողովրդավարությունը ևս բարելավվել է, իսկ 42 %-ը կարծում է, որ կրթությունը վերջին վեց ամիսների ընթացքում հետընթաց է ապրել։

Հարցին՝ ո՞րն է կառավարության ամենամեծ ձախողումը վերջին 6 ամիսների ընթացքում, հարցվածների 36%-ը պատասխանել է Արցախի հանձնումը, 11%-ը սխալ արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, 6%-ը՝ ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում լարվածությունը, 6%-ը ամենամեծ ձախողումը համարում է կառավարության սխալ կադրային քաղաքականությունը։

Հարցումն իրականացվել է 2023-ի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսով անցկացված հարցազրույցների միջոցով ՀՀ ամբողջ տարածքում: Ընտրանքը բաղկացած է եղել 18 տարին լրացած Հայաստանի 1508 մշտական բնակիչներից։ Սխալի սահմանը չի գերազանցում 2,5 տոկոսային կետը ամբողջական ընտրանքի համար:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031