Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ամսում 8 միլիոնով տուգանված գյումրեցի երիտասարդն այս մասին տեղեկացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Մարտ 11,2024 21:21

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը օրեր առաջ բարձրաձայնել էր այն մասին, որ Շիրակի մարզում պարեկային ծառայողները մեկ ամսվա կտրվածքով մոտ 600 միլիոն դրամի վարչական ակտ են կազմել՝ մեքենաներն առանց կանգնեցնելու, առանց վարորդներին նախազգուշացնելու ու խախտումներ հայտնաբերելու։

ԴԱՀԿ-ից նամակներ ստացած ու անակնկալի եկած վարորդներն էլ դիմել էին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։ Շիրակի մարզի գումարտակի չորրորդ դասակի գրեթե բոլոր ծառայողների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական կեղծիք կատարելու փաստերով։

Ըստ Կարապետ Պողոսյանի, պարեկները խոստովանել են, որ ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարեկային ոստիկանության վրա պլան է դրած եղել, ըստ որի՝ յուրաքանչյուր պարեկ աշխատանքային օրվա 8 ժամվա ընթացում նվազագույնը 20 վարչական ակտ պիտի կազմի, ամենաքիչը 5000 դրամի սահմաններում։ Ընդ որում՝  20 ակտից 10-ը պիտի լինի՝ ամրագոտի չկրելու, 5-ը՝ ծխելու, 5-ն էլ հեռախոսը ձեռքին մեքենան վարելու համար։

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Կարապետ Պողոսյանը մանրամասնեց, որ Գյումրու Սլաբոդկա թաղամասում բնակվող մի երիտասարդի մեկ ամսվա ընթացքում նույն պարեկը տուգանել է 8 միլիոն դրամով։

Երիտասարդը բացարձակապես անտեղյակ է եղել այդ տուգանքներից, անակնկալի է եկել՝ այդ մասին իմանալով Հակակոռոպցիոն կոմիտեից, որի աշխատակիցները Գյումրիում քննչական գործողություններ են կատարել; Հենց այդ ժամանակ է տեղեկացել, որ ինքը «օրինախախտ է» ու այդքան մեծ գումարով է տուգանվել։

Մեր զրուցակցի համոզմամբ,կոնկերտ այդ երիտասարդի հանդեպ պարեկային ծառայողները թշնամություն են արել;

Մեկ այլ քաղաքացու էլ 4 միլիոնով են տուգանել, որը նույնպես անակնկալի է եկել՝ այդ մասին իմանալով։

Մյուսների դեպքում տուգանքի չափը համեմատաբար քիչ է՝ 100 հազար, 50 հազար դրամ։

Ըստ մեր զրուցակցի, այս երևույթը  համատարած է․ ողջ հանրապետությունով մեկ են նման ապօրինի գործելաոճ որդեգրել, սակայն ի տարբերություն Շիրակի մարզի՝ մյուս տեղանքներում փորձում են ծածկադմփոց անել։

«Ցավն այն է, որ պարեկային ծառայության որևէ աշխատակից ազատված չէ, շարունակում են պաշտոնավարել, ինչը նշանակում է քրեական այս վարույթը փակուղի են տանելու։

Իշխանություններին հակադրվող մի պաշտոնյա մի թեթև խախտում անի, անմիջապես կկալանավորեն, բա ապօրինի գործողություն կատարածներն ինչո՞ւ ես այսքան արտոնյալ, թե՞ նրանք ԱՄՆ-ի կառավարության ու Նիկոլ Փաշինյանի իշխանության բարեփոխումներ կոչվող ծրագրի մասն են, անձեռնմխելի են»,- ասում է Կարապետ Պողոսյանը։

Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը ևս անդրադարձել էր այս թեմային՝ հաստատելով, որ նման դեպքեր իրոք եղել են։

«Քաղաքացիների նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մոնիթորինգի բաժնի համագործակցության արդյունքում՝ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ՊԾ մի խումբ ծառայողներ, բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով, 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում շրջիկ ծառայություն իրականացնելիս, առանց ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների ավտոմեքենաները կանգնեցնելու և նրանց մոտենալու, կամ ընդմիջման ժամերին անհատական տեսանկարահանող սարքն անջատելու կամ մի կողմ դնելու կամ իբր ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին ձևական կանգնեցնելուց հետո, մի խումբ քաղաքացիների նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ մեծաքանակ կեղծ արձանագրություններ:

Ծառայողական քննության նյութերի հիման վրա դեռևս փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031