Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միեւնույն է, իրենք հանցագործ են, եթե արդեն ունեն սահմանադրական հայեցակարգի նախագիծ, պարտավոր էին ներկայացնել հանրությանը»․ Պարույր Հայրիկյան

Մարտ 11,2024 20:44

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Արդարադատության նախարարության տրամադրած այն տեղեկատվությանը, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ կա։

Հիշեցնենք, որ գոյություն ունի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ։

Պարույր Հայրիկյանը համախոհների հետ օրերս արդարադատության նախարարությանը հանձնեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի իր մշակած նախագիծը։ Հայրիկյանը նաեւ Գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացրել կոռուպցիոն հանցագործության մասին, որում նշվում է, որ խախտված է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ ներկայացնելու ժամկետը, 200 մլն դրամից ավելի գումար է ծախսվել անարդյունք։

Անդրադառնալով Արդարադատության նախարարության վերոնշյալ տեղեկատվությանը՝ Հայրիկյանն ասաց․ «Վարչապետի որոշման մեջ եւ ընդհանրապես սահմանադրական գործընթացներում ոչ մի բան գաղտնի չի արվում, ամեն ինչ պետք է արվի հրապարակավ։ Իրենք պարտավոր էին 2022 թվականի դեկտեմբերին հայեցակարգը տալ։ Եթե արդեն իրենք ունեն հայեցակարգ, պարտավոր էին տալ կառավարությանը, մինչեւ կառավարությանը տալը իրենք պետք է ներկայացնեին հանրությանը։ Եթե հիմա իրենք ընդունել են հայեցակարգ, որով ընդառաջ են գնում Նիկոլ Փաշինյանի՝ պետք է նոր Սահմանադրություն ընդունել մոտեցմանը, ուրեմն դա ընդամենը մեկ-երկու ամսվա պատմություն ունի։ Ինչ էլ անեն, միեւնույն է, իրենք հանցագործ են»։

Հայրիկյանը հավելեց․ «Ես ուրախ եմ, որ իրենք արձագանքեցին ճնշումներին, մասնավորապես, իմ ճնշումներին եւ փորձում են խուսանավել պատժից։ Մենք խոսել ենք, չէ՞ հանձնաժողովի առանձին անդամների հետ, նույնիսկ հարկ եղած դեպքում կարող եմ լուրջ փաստեր ներկայացնել, նրանք ասել են՝ չեն աշխատում պարզապես։ Խորհրդի անդամները բողոքում էին, որ հանձնաժողովի անդամները չեն աշխատում, աշխատավարձն ստանում են, գործ չեն անում։ Եթե հիմա իրենք ասում են՝ հայեցակարգն ընդունված է, իրենք փաստորեն աղավաղում են վարչապետի որոշումը, քանի որ այնտեղ գրված է՝ հրապարակավ, հանրությանը մատչելի։ Ուրեմն, սա հերթական ծածկադմփոցն է, փոխանակ բաց ճակատով ասելու՝ մենք պարտվեցինք»,- ասաց Հայրիկյանը։

Նա ընդգծեց․ «Ազգադավ անգրագետներ, կա իրավագիտություն, եւ նորմատիվ իրավական ակտի տառը խախտելն արդեն հանցագործություն է։ Եթե դա անում ես միտումնավոր, հետո էլ փորձում ես պարտակել, դա ավելացնում է հանցավորության չափը»։ Ըստ Հայրիկյանի՝ իրավական ակտը պետք է կատարել, ոչ թե բացատրել, թե ինչու են խախտել օրենքի պահանջները։ Օրենքով նախատեսված է եղել, որ մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 28-ը պետք է հայեցակարգի նախագիծը պատրաստ լիներ։

«Ես ասում եմ՝ օրենքով նախատեսված է, որ դուք մինչեւ դեկտեմբերի 28-ը պետք է ավարտած լինեիք, ինքն ինձ վեց ամիս հետո պատասխանել է, ասում է՝ արդարադատության նախարարը պատճառաբանված նամակ է ուղարկել վարչապետին, որ գործը շատ բարդ է, ժամանակ է պահանջում։ Վարչապետն էլ ասել է՝ լավ տղա ջան, ինչ ուզում ես արա՞։ Երկուսդ էլ գնացիք բանտ։ Նորմատիվ ակտերի մասին օրենքի համաձայն՝ վարչապետը հայեցակարգի նախագիծը ներկայացնելու ժամկետը երկարացրել է։ Բայց այստեղ էլ ես փաստ ունեմ՝ ես ստացել եմ գրություն, որ Արդարադատության նախարարն ուղարկել է պատճառաբանված նամակ, դա էլ է հանցագործություն, նորմատիվ ակտը պետք է կատարես, ոչ թե բացատրես, թե ինչու ես խախտում օրենքի պահանջները։ Այսինքն՝ իրենք խրվեցին, լուրջ պետության մեջ մի սիրուն դատական ներկայացում կարելի էր սարքել, բայց այս անբաններին պետք է ցույց տալ իրենց արժանի տեղը»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031