ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով վերջին մի քանի օրերին Հայաստանի համար անվտանգային սպառնալիք պարունակող տեղեկությունների մասին՝ ասաց. «Մենք հիմա չափազանց վտանգավոր ժամանակաշրջան ենք ապրում, եւ մեր ժողովրդի ուշադրությունը ուզում եմ հրավիրել, ըստ էության, գաղտնի գործընթացների վրա: Պարզվում է, որ մի քանի օր առաջ նորից հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի միջեւ: Սրանց վերջին հանդիպումը եղել էր 2024 թվականի հունվարի վերջին: Այդ հանդիպման մասին երկար ժամանակ խոսում էին, մասնավորապես, որ հանդիպման օրը դեռ ճշտված չէ, որ հանդիպմանը այս հարցերը կքննարկվեն: Այսինքն, նախապատրաստություն էր գնում եւ հանրային արձագանք կար: Բայց այս նույն մարդիկ նորից հանդիպել են լրիվ գաղտնի: Ոչ նախնական պայմանավորվածությունների մասին են խոսել, ոչ օրակարգի, ոչ արդյունքների:
Եվ ինչ է տեղի ունենում: Այդ հանդիպումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ազգային ժողով եւ այնտեղ փակ հանդիպում է ունենում միայն ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը գործադիր իշխանությունից ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, երկու փոխվարչապետները, այդ թվում՝ Մհեր Գրիգորյանը, որը հանդիպել է Շահին Մուստաֆաեւի հետ, ֆինանսների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները եւ ԱԽՔ-ը:
Այս ձեւաչափի հանդիպում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը չի նախատեսում: Այսինքն, մեր երկիրը խորհրդարանական երկիր է, որտեղ կառավարության անդամները պարտավոր են գնալ եւ պատասխանել ԱԺ պատգամավորների հարցերին: Բայց դա պետք է լինի ԱԺ նիստերի ընթացքում, ի տես ողջ հանրությանը՝ ուղիղ եթերում: Մենք պետք է դրանք նայելու հնարավորություն ունենանք: Եվ կառավարության անդամներին հարցեր ուղղելու հնարավորություն պետք է ունենան ոչ միայն մեկ խմբակցության, այն էլ՝ իշխող խմբակցության, այլ բոլոր պատգամավորները: Դրան պետք է ներկա լինեն ԶԼՄ ներկայացուցիչները, որպեսզի դա լուսաբանվի, հանրությունը տեղեկանա:
Իսկ քանի որ դա ԱԺ կանոնակարգի խախտումով, այսինքն, չնախատեսված հանդիպում է ԱԺ-ում, եւ դա տեղի է ունեցել Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաեւ հանդիպումից անմիջապես հետո, ապա պարզ է դառնում, թե ինչի մասին է խոսքը:
Կարդացեք նաև
Խոսքը վերաբերում է այս պահի դրությամբ Տավուշի մարզի երեք տարածքների, որոնք դժվար է գյուղեր անվանել, Ադրբեջանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհների հանձնման մասին, որով նրանք վերահսկողություն են հաստատելու Երեւանից Թբիլիսի միջպետական ճանապարհի նկատմամբ:
Դա բնակավայր չէ, ադրբեջանցին չի գնալու այնտեղ ապրի, այնտեղ ադրբեջանցի երբեւէ չի էլ ապրել: Այդ հողերը ոչ մի ադմինիստրատիվ պատկանելություն չունեն Ադրբեջանին: Խորհրդային ժամանակներում այդ տարածքները եղել են արոտավայրեր, որտեղ Հայկական ԽՍՀ իշխանությունները առանց պաշտոնական ձեւակերպումների, իսկ դա եղել է Խորհրդային Միության ընդհանուր տարածք, հնարավորություն են տվել, որպեսզի ադրբեջանցիները գան այնտեղ արոտներ իրականացնեն: Հիմա էլ, Հայաստանի Վայոց Ձորի մարզում կան արոտավայրեր, որտեղ ամռանը իրենց արոտին ոչխարներ են բերում Արմավիրի, Արարատի մարզերի ֆերմերներ, հիմնականում եզդիները: Նույն կերպ եղել է նաեւ խորհրդային ժամանակներում, երբ Տավուշի մարզի սահմանամերձ տարածքներից ադրբեջանցիները եկել են ոչխարներն արածացնելու: Այսինքն, դա ադրբեջանական ոչ մի պատկանելիություն չունի, դրա որեւէ իրավական հիմք գոյություն չունի:
Ընդ որում, Շահին Մուստաֆաեւի գրասենյակից ադրբեջանական հաղորդագրություն կա, որտեղ ասվում է, թե այդ չորս տարածքները Ադրբեջանը պատրաստ է նաեւ նվաճել:
Եվ ինչն է հետաքրքիր. 2020 թվականի պատերազմից առաջ մարտական գործողություններ ծավալվեցին հենց Տավուշի մարզում: Այդ ժամանակ մեր զինված ուժերի համապատասխան զորամիավորման բանակային կորպուսի լեգենդար հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն էր, որը հիմա գտնվում է այլընտրանքային խափանման միջոց ռեժիմում: Այսինքն, մարտական գեներալը, որը 2020 թվականին կազմակերպել է Տավուշում ինքնապաշտպանություն եւ արձանագրել էական հաջողություններ, չեզոքացվել է: Եվ Նիկոլ Փաշինյանը, որը 2020 թվականի տավուշյան մարտերը ներկայացրեց որպես հերոսություն, Սարդարապատում պարգեւատրեց 72 «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով, հերոսի կոչում շնորհեց մի զինվորականի, հիմա այդ նույն Տավուշի մարզից հսկայական տարածքներ ուզում է հանձնել Ադրբեջանին»,-արձանագրեց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ