Լրահոս
Օրվա լրահոսը

Թումոն կվերակառուցի Գյումրիի շուկան և կհիմնադրի միջազգային խոհարարական դպրոց

Մարտ 11,2024 19:01

Այսօր Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի ԵՄ-ն կտրամադրի 2.5 միլիոն եվրո՝ Գյումրիի հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման և տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար:

«Գյումրիի շուկա և խոհարարական դպրոց» ծրագրի նպատակն է Գյումրին դիրքավորել որպես տուրիզմի և խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:

Ծրագրի մեխը միջազգային մակարդակի կրթություն ապահովող խոհարարական դպրոցն է, որի ուսումնական ծրագրի մշակման նպատակով Թումոն համագործակցում է հեղինակավոր Institut Lyfe ֆրանսիական դպրոցի հետ (նախկինում՝ Institut Paul Bocuse)՝ Հայաստան բերելով խոհարարական կրթության լավագույն փորձն ու համաշխարհայնորեն ճանաչված մոտեցումները: Ավելին, երկամյա կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Institut Lyfe-ում՝ ֆրանսիական Լիոն քաղաքում:

«Հայ խոհարարների նոր սերնդի զարգացման նպատակով կստեղծվի յուրահատուկ կրթական փորձառություն, որում ֆրանսիական աշխարհահռչակ դպրոցի ուսումնական ծրագիրը կհամալրվի Թումո ստուդիաների՝ արդեն Հայաստանում փորձված մոտեցումների հետ: Ուսանողները հիմնական ուսուցումը կհամատեղեն միջազգային փորձագետների կողմից իրականացվող աշխատարանների հետ», – նշեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն կունենան տարեկան 30 ուսանողներ, որոնց մեծ մասը կստանան կրթաթոշակ և կսովորեն անվճար:

«Այս ծրագիրը նոր էջ կբացի Գյումրիի տնտեսության համար: Տեղի բնակիչներին, հատկապես երիտասարդներին և ձեռներեցներին նոր հմտություններ և հնարավորություններ տրամադրելով՝ մենք օգնում ենք Գյումրիին իրացնել իր հսկայական ներուժը: ԵՄ-ն հպարտ է աջակցել նախաձեռնությունների, որոնք զարգացնում են մարդկային կապիտալը և խթանում կայուն տնտեսական առաջընթաց Հայաստանի մարզերում: Շնորհակալություն ենք հայտնում Թումոյին և Գյումրիի քաղաքապետարանին՝ ծրագրի իրականացմանն ուղղված համագործակցության համար», – նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ծրագիրը կիրականացվի Գյումրիի հին շուկայի տարածքում. տարիներ շարունակ լքված և գրեթե ամբողջությամբ ավերված շուկայի շենքը Թումոյի կողմից կվերակառուցվի:

Վերակառուցման արդյունքում հին շուկան կվերածվի կրթական, խոհարարական և տնտեսական զարգացման հանգույցի, որտեղ, ի թիվս խոհարարական դպրոցի, կտեղակայվեն.

կրթական տարածքներ աշխատարանների և այլ ուսումնական միջոցառումների անցկացման համար

առևտրի տաղավարներ, որոնք տեղի առևտրականներին հնարավորություն կտան աշխատել ապահով և հիգիենիկ պայմաններում

ռեստորաններ

արվեստի գործերի և ձեռագործ իրերի խանութներ

փառատոնների, համերգների, տոնավաճառների և տուրիստական միջոցառումների անցկացման տարածք

Ի հավելումն ԵՄ ֆինանսավորման, նախագիծը կիրականացվի նաև Թումոյի աջակիցներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաև Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի (JHM) աջակցությամբ:

Առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարվի միջազգային ճարտարապետական մրցույթ՝ ընտրելու համար այն թիմը, որը կստանձնի կենտրոնի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքները կսկսվեն թիմի ընտրությունից անմիջապես հետո՝ մինչև այս տարվա ամառը։ Շուկայի և խոհարարական դպրոցի բացումը նախատեսված է 2026 թվականին։

 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031