Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԴԱՀԿ-ի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանի կողմից հայրենիքից դուրս նոր կուսակցություն ստեղծելուն, որի նպատակը, ըստ հիմնադրի, պիտի լինի հայրենիքի փրկությունը կործանումից, կարծիք հայտնեց, որ այն Ռուսաստանի Դաշնության պրոյեկտն է։
Ըստ մեր զրուցակցի, Հայաստանի գործող իշխանություններն այս տարիների ընթացքում մարգինալացրել են ողջ քաղաքական դաշտը։ Քաղաքագետի ասելով, իշխանությունը, օգտվելով հայ հասարակության մեծ մասի քաղաքականապես անգրագետ լինելուց, ամեն ինչ անում է վարկաբեկելու ԱԺ-ում գտնվող ընդդիմությանը ու փորձում է նրանց վրա բարդել իր բոլոր մեղքերն ու հանցագործությունները։
Իսկ Հայաստանի քաղաքական դաշտը պահանջ ունի այլ քաղաքական ուժերի։
Քաղաքագետի ասելով՝ Միհրան Պողոսյանը միակը չէ, որը հայրենիքից դուրս է կուսակցություն ստեղծում։
Կարդացեք նաև
«Մենք բոլորս գիտենք, թե ինչու է Միհրան Պողոսյանը գտնվում հայրենիքից դուրս և այնտեղ ծավալում քաղաքական գործունեություն։ Սա ո՛չ առաջինը, ո՛չ էլ վերջինն է լինելու, որովհետև մենք ունենք բազմաթիվ օրինակներ՝ Արշակ Կարապետյան, հայտնի Դոն Պիպո, որոնք ևս գտնվում են հայրենիքից դուրս։ Նրանց մուտքը Հայաստան գրեթե արգելված է, հատկապես Դոն Պիպոյինը, որքան ես գիտեմ, և նրանք ստիպված են իրենց ակտիվ գործունեությունը ծավալել դրսում, կոչերով հանդես գալ և Հայաստանում իրենց համախոհների միջոցով գործել։
Եկեք չմոռանանք նաև ԱՄՆ-ում գտնվող Վարդան Ղուկասյանին, որն առավել հայտնի է Դոգ մականունով, նա ևս դրսում ապրելով՝ բավական մեծ հաջողությունների է հասել, ասենք նույն Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։
Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, համապատասխան մարդիկ էլ թող չզբաղվեն, եթե այդ անձը չլիներ, ապա իրենք չէին կարողանա իրենց գաղափարախոսությամբ հայտնվել ավագանու կազմում։
Ի շնորհիվ Վարդան Ղուկասյանի՝ հայտնվեցին ավագանու կազմում, իհարկե, դա հատուկ ծրագիր էր։
Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, թե ինչպես են Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները, ստեղծված իրավիճակից դուրս ելնելով, ձևավորում քաղաքական ուժեր և ակտիվ քաղաքական գործունեություն ծավալում դրսում։ Մեծ մասի նկատմամբ Հայաստանում հետապնդումներ են նախաձեռնված, շատ դեպքերում այդ հետապնդումներն ունեն սուբյեկտիվ բնույթ, այսինքն՝ քաղաքական ենթատեքստերով են և, ինքնըստինքյան, այդ մարդիկ պիտի ակտիվանան դրսում և իրենց համախոհների միջոցով գործունեություն ծավալեն»,-ասում է Գագիկ Համբարյանը։
Ըստ մեր զրուցակցի, գերտերությունները, նման մարդկանց միջոցով ստեղծելով այսպիսի պրոյեկտներ, նպատակ ունեն հաջողության դեպքում ազդել հայ հասարակության կարծիքի վրա։
Մեր հարցին՝ ինչպե՞ս է ՌԴ-ն ազդելու հայ հասարակության կարծիքի վրա, երբ Միհրան Պողոսյանի անունը կապվում է օֆշորային սկանդալի հետ, արդյոք հայ հասարակության մեծ մասը կվստահի՞ նրան, քաղաքագետը պատասխանեց, թե ՌԴ-ի վարած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իրեն անհասկանալի է։
«Ես Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չեմ հասկանում։ Ես օրինակ չեմ հասկանում Պուտինին, որը փրկեց Նիկոլի իշխանությունը 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր հարցազրույցով։ Էլ չասեմ, որ հենց ռուսներն են բազմիցս փրկել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այդ մասին բազմիցս բարձրաձայնել են և՛ Անդրանիկ Միհրանյանը՝ կրեմլամետ գործիչը, և Կոնստատին Զատուլինը, որը հայտնի է իր սերտ կապերով Կրեմլի հետ։
Մարդիկ բացահայտ նշում են, որ ժամանակին Նիկոլի իշխանությունը փրկվել է Պուտինի և Ռուսաստանի Դաշնության կողմից։ Հիմա իրենց կողմից փրկված իշխանության ներկայացուցիչը մեծ քայլերով հակառուսական, արտաքին քաղաքականություն է վարում։
Հիմա մեկը կարո՞ղ է բացատրել ինձ, սա ինչպես հասկանալ։ Ռուսաստանի քաղաքականությունը, թե ինքն ում է պաշտպանում՝ նույն օֆշորային սկանդալի մեջ ընկած Միհրան Պողոսյանին կամ չգիտես ում, չգիտես ինչպես, անհասկանալի է։ Ինձ թվում է՝ ռուսներն իրենք էլ շատ լավ գիտեն, որ այսպես ասած մեծ շանսեր չունեն՝ այս մարդկանց առաջ մղելով։
Բացի դրանից, եկեք չմոռանանք, որ Ռուսաստանը նաև սարսափելի թույլ է քաղտեխնոլոգիաների ներդրման և դրանց կիրառման առումով։ Ռուսաստանը ունի Ա ծրագիր, դա տապալվում է, Բ-ի մասին էլ չի մտածում, որովհետև չունի էլ։
Ի տարբերություն՝ ՌԴ-ի, Արևմուտքն Ա ծրագրի տապալման դեպքում Բ-ն է առաջ բերում, Բ-ի տապալման դեպքում Գ-ն է առաջ բերում։ Դուք չե՞ք տեսնում Արևմուտքն ինչ հիբրիդային մեթոդներով է գործում Հայաստանում Ռուսաստանի դեմ և ինչ հաջողություններ ունի այդ հարցում։
Իհարկե, այստեղ պիտի անդրադառնանք որ Արևմուտքի հաջողությունները բացարձակապես չեն համընկնում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ։
Մեր հասարակությունը, ցավոք սրտի, շատ կարճ հիշողությունի ունի։ Կառաջարկեմ մարդկանց ուսումնասիրել 1918-1921 թվականի մեր պատմությունը՝ թե՛ առաջին հանրապետության տարիները և նրա կործանումը, և թե՛ դրանից հետո տեղի ունեցած գործընթացները։
Եվ մենք կտեսնենք, որ գրեթե նույն սխալներն անելով՝ առաջ ենք գնում և չենք հասկանում, եթե այն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը գոնե 60 հազար քառակուսի կիլոմետր էր, մեզ հիմա ադրբեջանա-թուրքական տանդեմը նախատեսել է թողնել 10 հազար քառակուսի կիլոմետր՝ Բաթումիի պայմանագրի տարածքը, այն, ինչ 1918 թվականի հունիսի 4-ով մեզ պետք է տային։
Եվ ադրբեջանա-թուրքական տանդեմը դրանից չի հրաժարվել և չի հրաժարվելու, թող մեր ժողովուրդը բացի Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի սենյակներից մեկում կախված քարտեզը և տեսնի՝ Ադրբեջանն ինչ նպատակներ ունի։ Եվ հասկանա, որ հայրենիքի տարածքները սրան-նրան նվիրելով՝ երբևիցե խաղաղություն չես բերի, նորանոր պատերազմներ ես բերելու մեր գլխին»,-ասում է Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ