Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հասանք այս հանգրվանին

Մարտ 11,2024 17:58

…Քսան տարի առաջ էր։

2003-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլով՝ 2004-ին, իրեն պարտված չհամարող Ռոբերտ Քոչարյանը փշալարերով փակված փողոցներով շտապում էր «երդվելու» Սուրբ Գրքի վրա։ Այդ նույն ժամանակ, փշալարերի մյուս կողմում ծավալվում էր քաղաքացիների ընդվզումը՝ բռնություններով և մասսայական ընտրակեղծիքներով ավարտված արդյունքների դեմ։ Սակայն օրավուր թափ հավաքող համաժողովրդական պայքարն ավարտվեց 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի արյունալի գիշերով, որը դարձավ նախադեպը 2008 թվականի մարտի 1-ի սպանդի։

2004-ի բողոքի ցույցերի շղթայում հիշելի է նաև մարտի 8-ի կանանց համահայկական հանրահավաքը, որը ցայսօր իր բովանդակությամբ և ասելիքով մնում է եզակի։

Այն բազմամարդ էր։ Ձգվում էր Մատենադարանի բարձունքից մինչև Մաշտոցի պողոտա։ Մասնակցում էին կանայք նաև ամենահեռավոր շրջաններից։ Հարթակի վրա տարբեր բնագավառներ ու կուսակցություններ ներկայացնող մտավորական կանայք էին՝ Հայաստանի ցավը ամփոփած իրենց ազնիվ ցասումի և Երկրի հանդեպ անանձնական սիրով լցված ելույթներում։

Հանրահավաքին ներկա էին կանայք, ովքեր ամուսին, զավակ ու հարազատ էին կորցրել Արցախյան Ազատամարտում, կորցրել էին եղերական «Հոկտեմբերի 27-ին», կորցրել և շարունակում էին կորցնել սահմանագծում։ Կանայք, որոնց կիսված ընտանիքները՝ արտագնա աշխատանքի, արտագաղթի ու վտարանդության լաբիրինթներում հեռանում էին հաճախ անվերադարձ…

Հանրահավաքը սկսվեց Գրետա մայրիկի (Հայաստանի ազգային հերոսՎազգեն Սարգսյանի մայրը.-խմբ.) հուզական ու գոտեպնդող ուղերձով, որով Սպարապետի մայրը հորդորում էր հայ կանանց՝ չհուսահատվել, հանուն արդարության ու Հայաստանի ապագայի ամուր կանգնել իրենց զավակների, ամուսինների կողքին, ուժ, կորով ու գորով հաղորդել նրանց՝ ցանկալի հաղթանակին հասնելու դժվարին ճանապարհին։

Տխրությամբ լեցուն իր սրտի ջերմ խոսքն ասաց Անահիտ Բախշյանը։ Բոլոր ելույթ ունեցողները լցված էին վրդովմունքով ու պայքարը շարունակելու հաստատակամությամբ։ Իմ ելույթում անդրադառնալով իշխանության բռնարարքներին, մասնավորապես, հավելեցի, որ Հայաստանը Մասիս սարի չափ դարդ ու ցավի մեջ՝ ինքը (Քոչարյանը) զուգահեռ իրականությամբ զբաղված է անձնական և իր շրջապատի դիրքերի ամրացմամբ, ձեռքի հետ էլ, ի հեճուկս իրեն մերժողների, հեռուստատեսությամբ գիշեր ու զօր ներկայացնում է «տուռնիկով» իր հնարքները։

…Հանրահավաքն ավարտվեց երթով դեպի Բաղրամյան 26: Կանայք առաջին շարքում տանում էին Քոչարյանի ծաղրանկարը «տուռնիկի» վրա՝ որպես հանրապետության կանանցից նվեր հանրապետության «միակ տղամարդուն»։

Ժամանակ անց Երևանի Պետական համալսարանի դասախոսաուսանողական կազմի և Ռ. Քոչարյանի հանդիպումը, վերջինիս «վերընտրվելու» կապակցությամբ, անցավ չափազանց ջերմ մթնոլորտում։ Հատկապես հյուրի պատասխանը լրագրողին ու դահլիճի արձագանքը իր բացառիկությամբ մնաց ոչ միայն որպես «քոչարյանական ժամանակների», այլ նաև հայ «մտավորականների» դիմանկարի անկրկնելի արտացոլանք։

Լրագրողի հարցին.

-Պարոն Քոչարյան, կանայք մարտի 8-ի հանրահավաքին Ձեզ մեղադրեցին այն բանում, որ Հայաստանը Մասիսի չափ հոգսեր ունի՝ Դուք զբաղված եք «տուռնիկի» ցուցադրությամբ։

Քոչարյանի մշտապես բռունցքված ձեռքերն ավելի սեղմվեցին, դեմքը լարումից փոխվեց, և դառնությունը ձայնի մեջ ասաց.

– Դե, ընտանեկան ջերմությունից զուրկ մի խումբ կանայք…

Եվ, գրեթե հայտնի «սևերի ու սպիտակների» բովանդակության որակումով ավարտելով խոսքը՝ հավելեց.

-Բայց գիտեք չէ՞, եթե ես գիրք կարդացող կամ շախմատ խաղացող լինեի՝ իմ մասին ինչ կասեին…

Եվ ուսերը ցնցելով սկսեց ծիծաղել…

Եթե իր դեպքում դա բնական էր, ապա ողբերգական էր դահլիճի արձագանքը…Ռեկտորը, դասախոսները և ուսանողները համանվագ , երկարատև ծափահարություններով ողջունելով նրա խոսքը և հետևելով նրան՝ սկսեցին ծիծաղել նրանից բարձր ու ոգևորված։ Բոլորի դեմքերին մի ցանկություն կար՝ հնարավորինս ավելի հաճոյանալ իրենց նախագահին… Եվ ոչ ոք այդ պահին չէր էլ մտածում. «Ախր, այ մարդ, դու մտել ես մտքի մի կաճառ, ուր գիշեր ու զօր քարոզում են՝ ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼ, ԳԻ՜ՐՔ…

Իսկ ինչ եղավ հետո.

Ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ Հայաստանի գիտությունների ազգալին ակադեմիայի նախագահ, Ռոբերտ Քոչարյանն էլ դարձավ «գիրք գրող», ինքնակենսագրական, ինքնամեծարման գիրք։ Ինչպես ասում են. «Լավ է ուշ, քան՝ երբեք»։

… Թեև անաչառ լինելու համար պետք է ասել՝ կան երկրներ, որոնց ղեկավարները գրքեր չեն կարդացել կամ չեն կարդում (մանավանդ գեղարվեստական), և դա պարտադիր պայման էլ չէ։ (Չեն կարող բոլորը Չերչիլ կամ Կարեն Դեմիրճյան լինել): Բայց նրանցից ոչ ոք, այն էլ բարձրաձայն, գիրք կարդալը չի համարում…արատ։

Հետգրություն

Ես չէի անդրադառնա այս պատմությանը, եթե այն իր մեջ չկրեր խորքային մի երևույթ, որն էլ, թերևս, բերեց մեր հասարակության անկրթությանը, հպատակությանը, արատավոր երևույթների հետ հաշտվողականությանը, դրանով իսկ դառնալով մեր պետության հիմքերի խարխլման, մեր պարտությունների հիմնական պատճառներից մեկը։

ԱՅՆ Է՝ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՔԾՆԱՆՔՈՎ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ չինովնիկի, պաշտոնյայի առաջ։ Երբ իրեն բարձր գաղափարակիր համարող մեկը կարող է «հավատարմագիր» գրել օլիգարխին… և այսպես շարունակ…

Չէի անդրադառնա այս պատմությանը, եթե նախօրեին չկարդայի վերջին նորությունը՝ կապված բուհերի ու գիտական կենտրոնների օպտիմալացման կամ խոշորացման ծրագրի հետ, որի շրջանակներում ներառված տասնյակներով բուհերից շատերին (կարևորներին) սպասվում է նաև փակման վտանգը։

Կարդացի ու ականջներիս մեջ նորից հնչեցին համալսարանականների, նաև այս որոշման հիմքում ընկած ու պատճառ հանդիսացող, այն հեռավոր ու նորովի շարունակական ծափերը։

Առավել քան համոզված եմ, որ հերթական այս ապազգային, հանցագործ ծրագիրն իսկ մեր խոնարհ մտավորականությանը ոտքի չի հանի՝ այն կանխելու համար միասնականորեն ընդվզել մինչև վերջ։ Հատուկենտ ձայներ կհնչեն… կմարեն անարձագանք… և վերջ։

Այսուհանդերձ, հույսս չկտրելով չեմ զլանա անվերջ կրկնել.

-ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԹՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ Է։

Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031