Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Ոնց Արցախն էր բլոկադայի մեջ, նույն կերպ Հայաստանն է լինելու բլոկադայի մեջ»․ Հրանտ Բագրատյան

Մարտ 11,2024 17:38

«Մենք կորցնելու էլ ոչինչ չունենք, բայց կորուստը գտնելու մեծ աշխատանք ունենք։ Այդ կորուստը պիտի ետ բերենք, միասին պիտի ետ բերենք»,- այսօր «Միասին» հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախից տեղահանված Աննա Այվազյանը՝ արցախցիներին կոչ անելով պայքարել, որպեսզի հնարավոր լինի վերադառնալ Արցախ։

Հիշեցնենք, ամսի 13-ին, Ազատության հրապարակում, ժամը 18,00-ին «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հանրահավաք է հրավիրել։

Նախատինքներին, թե արցախցիները ՀՀ իշխանությանը չեն ընտրել, որ պահանջեն նրա հրաժարականը, տիկին Այվազյանը հակադարձում է՝ այդ դեպքում թող Արցախի ընտրված իշխանությունների համար Հայաստանում գործունեության հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի նրանց պահանջներ ուղղվեն։ Նաեւ հիշեցնում է՝ իրենք այժմ, ոչ իրենց մեղքով, Հայաստանի բնակիչներ են եւ իրենց խնդիրները լուծումներ են պահանջում։

«Եկեք միանանք՝ Արցախի հարցին լուծում տանք, Հայաստանի առջեւ ծառացած բազմապիսի խնդիրներին լուծում տանք»,- հորդորեց նա։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի ընդունում՝ «ժողովուրդն ապատիայի մեջ է» արդարացումը․ «Ժողովուրդն ապատիայի մեջ է, ի՞նչ անենք, Հայաստանն է՞լ տանք։ Մենք ելել ենք պայքարի»։ Նա շարունակում է պնդել՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է ժողովրդին ու ուզուրպացրել է իշխանությունը․ «Հանրահավաքի եկածների մեծ մասը գալիս խոստովանում են, որ իրենք Փաշինյանին ընտրել են եւ հիմա փոշմանել են․ եւ սա առնվազն 95 տոկոսն է»։

Հրանտ Բագրատյանը նաեւ վստահ է՝ հզոր միավորում կկայանա եւ հայտարարում է, որ «Միասինը» բաց հարթակ է բոլորի համար․ «Եթե այդ չորս գյուղերը տալիս ենք, դեպի Վրաստան մեր ճանապարհները հայտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դեպի Իրան՝ արդեն վերահսկողության տակ է՝ Կապանի օդանավակայանից մոտ 20 կմ։ Փորձես մի զենք, մի թնդանոթ անցկացնել՝ խփելու են։ Էն որ լոպազ խոսում էին․․․ հատուկ խնդրել էին Ադրբեջանին, որ թույլ տան մեկ-երկու ինքնաթիռ Կապանի օդանավակայանում իջնի․․․ Կապանի օդանավակայան չեք կարող իջնել, որովհետեւ այնքան մոտ եք թողել ու ստորագրվել է, այդտեղ սահմանագծում է արված։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, Վաղարշակ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ համաձայնեցված, մի զգալի հատված այդտեղ ստորագրել է արդեն․ ցանկացած առավոտյան, մեզ, ըստ էության ասում են՝ փակ է մուտքը Կապան, Կապան քաղաքը չկա։ Կապան մուտքը փակվեց՝ փակվում է մուտքը դեպի Հարավ՝ Քաջարան, Մեղրի եւ այլն։ Հիմա՝ Տավուշում է տալիս։ Դա էլ տվեց, մնում է Պրիվոլնոյեն, որտեղով գնում ես Վրաստան՝ այն կողմում էլի թուրքեր են։ Ուրիշ ճանապարհ չի մնում, մեկ էլ՝ Բավրան։ Հանրապետությունը հայտնվում է բլոկադայի մեջ։ Թուրքիան էլ այն կողմից է ասում, որ այդքան էլ այնպես չի, որ ես ճանաչում եմ Հայաստանի նախկին սահմանները․ կարծում եմ, նկատի ունեն՝ նախկին Ղուկասյանի եւ Ամասիայի շրջանները։ Կտրեն մեզ։ Ոնց Արցախն էր բլոկադայի մեջ, նույն կերպ Հայաստանն է լինելու բլոկադայի մեջ։ Սա չտեսնել՝ նշանակում է լինել կույր»։

Խոսելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու իշխանության հայտարարությունների մասին էլ, Հրանտ Բագրատյանը նախ նկատեց՝ լուրջ չէ անվտանգային մի կառույցում գտնվել, բայց տնտեսական զարգացում այլ կառույցում ակնկալել, ապա նաեւ անլուրջ համարեց Հայաստանի՝ ՆԱՏՕ-ական հեռանկարը․ «ՀՀ-ն երբեք ԵՄ անդամ չի լինելու։ Երբ մենք հասնենք ԵՄ, ԵՄ-ն ինքը վաղուց փլուզված կլինի։ Նիկոլ Փաշինյանը երեւի քիչ է կարդացել ընկեր Լենինին, որն ասել է՝ քաղաքականությունը խտացված տնտեսությունն է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031