Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բավական բարձր է լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, բայց Ադրբեջանն ունի միջազգային կոնսենսուսի կարիք»․ Ժիրայր Ազիզյան

Մարտ 11,2024 17:30

«Առավոտի» զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

-Ադրբեջանը Արցախում ոչնչացնում է պետական շենք-շինությունները, մշակութային հուշարձանները։ Այս ամենին Հայաստանի կողմից պետական մակարդակով հակազդում չկա, թշնամուն թույլ է տրված Արցախում անել այն, ինչ ուզում է, ինչպե՞ս եք գնահատում սա։ Բաքվի նպատակները պարզ են՝ բռնազավթել հայկական տարածքներն ու ջնջել հայկական հետքը, իսկ ո՞րը պետք է լինի հայկական կողմի արձագանքն ու գործողությունը։

-Նախ պետք է նշեմ, որ մեզ համար այդքան էլ անակնկալ չէին Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների, պատմամշակութային համալիրների եւ պետական շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Ես ավելի քան վստահ էի, որ Արցախի հայաթափումից հետո հենց սկսելու են ապամոնտաժել Ստեփանակերտում, Մարտունիում, մնացած քաղաքներում ու գյուղերում կառուցված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողները։ Այնուամենայնիվ մենք պետք է փորձենք չտրվել էմոցիաներին, հասկանալ, որ սա բնական է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հանցավոր վարչակարգի էությունը։

Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքին, ապա գոնե այս փուլում հայկական կողմը պետք է դիմի միջազգային համապատասխան կառույցներին եւ պահանջի որոշակի գործողությունների արդյունքում կանխել Ադրբեջանի այս վայրագությունները։ Իհարկե, երաշխավորված չէ, որ դիմելու դեպքում միջազգային կառույցները դիմելու են գործուն քայլերի։ Մենք տեսանք, որ նույնիսկ Արցախի շրջափակման ժամանակահատվածում ոչ մի միջազգային կառույց կոնկրետ գործուն քայլերի միջոցով չփորձեց իրապես կանխել Ադրբեջանի գործողությունները։ Երբեմն նույնիսկ եղան ոչ հասցեական հայտարարություններ, որոնք պրակտիկ առումով չէին կարող որեւէ արդյունավետություն ապահովել, բայց այնուամենայնիվ դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է որեւէ քայլ չձեռնարկի։ Այն, որ մենք չունենք վստահություն, որ միջազգային կառույցները որեւէ հանձնառություն կստանձնեն այդ հարցում, դա չի նշանակում, որ մենք դրանով պետք է արդարացնենք մեր անգործությունը։ Ուստի, հայկական կողմը պետք է շատ ակտիվ ընթացակարգ սկսի եւ փորձի պայքարել այս գործողությունները կանխելու համար։

 -Արցախ վերադարձի հարցը կարծես հետին պլան է մղված, Հայաստանի իշխանությունները օրակարգից հանել են այս հարցը։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այս հարցում, ի՞նչ պետք է անել։

-Ձեւավորված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում չկան շոշափելի քայլեր, որոնք կարող են գործնականում ապահովել արցախահայության վերադարձը։ Եվ, հաշվի առնելով այդ իրողությունները, կարծում եմ, որ այս իրավիճակը բնական է։ Բայց այնուամենայնիվ մենք չպետք է հրաժարվենք եւ չենք էլ հրաժարվելու մեր պատմական հայրենիք, մեր ծննդավայր վերադառնալու մեր անքակտելի իրավունքից ու պահանջից։ Մեր պահանջն ամբողջությամբ օրինական է, եւ սա ընդունում է նաեւ միջազգային հանրությունը։ Մենք պետք է հասկանանք, որ արցախահայության վերադարձն ապահովելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ են մի շարք պայմաններ։

Որոշ փորձագետներ այսօր խոսում են անվտանգային ավելի բարձր երաշխիքների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորակազմի տեղակայման անհրաժեշտության մասին։ Իհարկե, պետք է ամենաբարձր մակարդակով այդ երաշխիքները տրվեն եւ մշակվեն այնպիսի հստակ մեխանիզմներ, որոնք առկայության պայմաններում միայն կարող է արցախահայությունը վերադառնալ։ Բայց նաեւ մենք պետք է հասկանանք, որ այդ տրվող երաշխիքները չեն կարող լինել բավարար, եթե այդ վերադարձը պետք է լինի Ադրբեջանի իրավազորության ներքո։ Կան մի շարք խնդրահարույց հարցեր՝ կապված արցախահայության եւ Ադրբեջանի հանցավոր վարչակարգի միջեւ, որոնք պարզապես չեն կարող թույլ տալ Ադրբեջանի իրավազորության ներքո արցախահայության համակեցությունը։ Մենք չենք կարող ընդունել Ադրբեջանի օրենքներն ու Սահմանադրությունը, դրանք չեն կարող տարածվել մեզ վրա մի շարք պատճառներով։

Ես հաճախ այսպիսի մի ցայտուն օրինակ եմ ներկայացնում՝ կապված Ադրբեջանի զինապարտության մասին օրենքի հետ։ Համաձայն Ադրբեջանի օրենսդրության՝ բոլոր քաղաքացիները պարտավոր են անցնել պարտադիր զինվորական ծառայություն։ Ինչպե՞ս ենք պատկերացնում արցախահայությանը՝ կանգնած Տավուշի, Սյունիքի, Շամշադինի սահմանին՝ հակառակ կողմից։ Սա նոնսենս է։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի իրավազորության ներքո արցախահայությունը չի կարող ապրել։ Ուստի, այստեղից առաջանում է ինքնավարության որոշակի կարգավիճակի կամ գոնե առնվազն միջանկյալ որեւէ կարգավիճակի կամ որեւէ երրորդ երկրի կողմից մանդատի անհրաժեշտությունը։

Տեսնում ենք, որ Արցախից հետո Ադրբեջանը կանգ չի առնում, հիմա նոր պատերազմի վտանգը կա, այսինքն՝ սա ի սկզբանե կանխատեսելի էր, այդպե՞ս է։ Ի՞նչ պետք է անել։

-Այո, ցավոք սրտի, տեսնում ենք, որ Ադրբեջանը չի սահմանափակվում եւ նաեւ տարածքային նկրտումներ է ներկայացնում արդեն Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ։ Դա ավելի քան կանխատեսելի էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարիներ շարունակ Ադրբեջանը հայկական տարածքները ներկայացնում էր որպես ադրբեջանական տարածքներ եւ խոսում էր դրանք «վերադարձնելու» մասին։

Ես պետք է նշեմ, որ բավական բարձր է ռազմական գործողությունների եւ ավելի լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը։ Բայց դա կախված չէ միայն Ադրբեջանից, որովհետեւ եթե կախված լիներ միայն Ադրբեջանից, եւ Ադրբեջանն այս հարցում լիներ ինքնագլուխ, ապա միանշանակ արդեն վաղուց սկսած կլիներ այդ պատերազմը Հայաստանի դեմ։

Բայց մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ունի որոշակի կոնսոլիդացիա ապահովելու խնդիր եւ ունի միջազգային որոշակի կոնսենսուսի կարիք՝ այդ պատերազմը սկսելու, վարելու եւ այդ պատերազմի արդյունքում գրանցած հաջողությունները լեգիտիմացնելու առումով։ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հնարավորինս արագ հասնել այդ միջազգային կոնսենսուսին։ Պատմական փորձն Ադրբեջանին ցույց է տվել, որ ստատուս-քվոն հավերժ չէ, գալիս է մի պահ, երբ իրողությունները կարող են փոխվել եւ ճակատագրական նշանակություն ունենալ։ Պետք է փորձել հնարավորինս արագ հասնել իրենց համար ցանկալի լավագույն լուծումներին։ Եվ Ադրբեջանը հենց այս տրամաբանությամբ էլ այսօր գործում է։

Մենք պետք է առաջին հերթին հասկանանք, որ չենք կարող մեր հույսը դնել միջազգային կոնսենսուսի բացակայության վրա, որովհետեւ որքան էլ այսօր ինչպես տարածաշրջանային, այնպես էլ աշխարհաքաղաքական դերակատարներն այս առումով չեն ապահովում Ադրբեջանի ցանկությունները, բայց այնուամենայնիվ մենք պետք է պատրաստվենք դիմակայելու։ Բացառված չէ, որ վաղը կամ մյուս օրը կարող է իրավիճակ փոխվել, եւ Ադրբեջանը կարող է ռեալ հնարավորություն ստանալ՝ էսկալացիայի միջոցով հասնելու իր նպատակներին եւ իքս փուլում էլ հասնել այդ հաջողությունների քաղաքական կապիտալիզացման հնարավորությանը։ Ուստի, մենք պետք է պատրաստվենք, փորձենք բոլոր հնարավորություններն օգտագործելով՝ ամրացնել մեր դիրքերը՝ տնտեսական, ռազմական, քաղաքական ոլորտներում։ Երբ խոսում ենք պատերազմը կանխելու մասին, մենք պետք է հասկանանք, որ միայն ռազմական կոմպոնենտը չէ այստեղ կարեւոր։ Մի շարք հանգամանքներ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնենք։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031