Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցվածների 66%-ը Ռուսաստանի հետ հարաբերությունները բացասական է գնահատում»․ ՄՀԻ հարցում

Մարտ 11,2024 17:04

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)՝ ՀՀ-ում անցկացված համապետական հարցման արդյունքներով՝ ՌԴ-ի նկատմամբ հանրային բացասական տրամադրվածություններն աճել են։ Ըստ հետազոտության՝ ՀՀ կառավարության քաղաքականությունն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից փախստականների աջակցությանը, վայելում է հանրության դրական վերաբերմունքը։

Ըստ ՄՀԻ-ի տարածած հաղորդագրության՝ իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ հասարակության 66%-ը Ռուսաստանի հետ հարաբերությունները բացասական է գնահատում, մինչդեռ 2023-ի մարտին հարցվածների 49%-ն էր այդ կարծիքին։ ՄՀԻ-ի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը նշել է․ «Հայաստանում ավելի շատ մարդիկ են Ռուսաստանին և Պուտինի ռեժիմը համարում սպառնալիք իրենց երկրի անվտանգության և քաղաքական կայունության համար»։

Հարցումը ցույց է տվել նաև, որ հայաստանցիների 73%-ը սատարում է ՀՀ կառավարության վարած քաղաքականությանը ԼՂ-ից տեղահանված անձանց ճգնաժամը մեղմելու հարցով։ Սթիվեն Նիքսը նշել է․ «Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները նոր մարտահրավերներ ստեղծեցին Հայաստանի համար՝ վերջին մի քանի տարիների ընթացքում փախստականների հոսքով։ Մեր տվյալները ցույց են տալիս, որ հասարակությունը գոհ է, թե ինչպիսի քաղաքականություն է վարում կառավարությունը ստեղծված իրավիճակում։ Հանրությունն ավելի ու ավելի է հավատում, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ»:

ՄՀԻ-ի նախորդ հարցմանը մասնակցած չափահաս մարդկանց 50 տոկոսը համարել է, որ Հայաստանը ճիշտ ուղով է գնում։

Հարցումն իրականացվել է 2023-ի թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսով անցկացված հարցազրույցների միջոցով ՀՀ ամբողջ տարածքում: Ընտրանքը բաղկացած է եղել 18 և բարձր տարիքի Հայաստանի 1508 մշտական բնակիչներից։ Սխալի սահմանը չի գերազանցում 2,5 տոկոսային կետը ամբողջական ընտրանքի համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031