Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ դեֆորմացիոն կարը միաձույլ բետոն է արվում». Կիևյան կամուրջը նորոգվում է

Մարտ 11,2024 16:44

Հրազդանի մեծ կամուրջը, կամ ինչպես ընդունված է ասել Կիևյան կամուրջը, շահագործման է հանձնվել  1956 թվականին: Նորոգման աշխատանքներ իրականացվել են 1980-ական և 2000-ական թվականներին: Վերջին տարիներին կամուրջը բազմաթիվ խնդիրներ էր կուտակել. «Ուսումնասիրություններից պարզվեց, որ ջրահեռացման համակարգի չգործելու պատճառով ներքին հատվածում բազմաթիվ խնդիրներ են առաջացել՝ և՛ կոռոզիայի բնույթի,  և՛ բետոնե շերտի քայքայման»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պ/կ Տիգրան Գեղամյանը:

Երևանի քաղաքապետարանը կամրջի նորոգման նախագիծը սկսեց 2023-ին՝ երկու փուլով:  Կամրջի սպասարկման համար առաջնահերթ նորոգվել են հենարանների միջև աստիճանահարթակները, տեղադրվել նոր բազրիքներ:
«Վերանորոգելու ենք կամրջի հենարանների իրանների արտաքին և ներքին մակերեսները: Իջնելուց հետո հենարանների մեջ  պարզվեց , որ ներքին հատվածը ևս վնասված է, վերանորոգում ենք թռիչքային կառուցվածքի կամարներն ամբողջությամբ», – նշում է կամրջաշինական կազմակերպության տնօրեն Մինաս Մինասյանը:
Կամրջի երթևեկելի մասում այսօր կան փոսեր, ճաքեր, վնասված են դեֆորմացիոն կարերը, քայքայվել են միացումները:

Ամբողջ դեֆորմացիոն կարը միաձույլ բետոն է արվում: Դրա համար հատուկ նյութ ենք օգտագործում: Մայթի հատվածը երեսապատվում է բազալտով և բարձրացվում ամբողջությամբ, նաև նախագծով մետաղական արգելապատնեշ է դրվում»,-մանրամասնում է Մինասյանը:

Նորոգման ընթացքում կփակվի կամրջի երթևեկելի հատվածն ամբողջությամբ, թե մասնակի՝ մասնագետները դեռ քննարկում են: Կանեն ամեն ինչ, որ և՛ քաղաքացիներին քիչ անհարմարություն պատճառեն, և՛ աշխատանքները որակով արվեն:

Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ կբացվի, կհիմնանորոգվի ու բնակիչներին կհանձնվի ստորգետնյա հետիոտնային անցումը:

«Անցումների մի հատվածը վերածվել էր ռեստորանային համալիրի, որը հիմա արդեն չի գործում, բայց պահեստային բնույթ ունի: Այդ հատվածում էլ արդեն նորոգման աշխատանքներ ենք իրականացնելու, որպեսզի անցումը լիարժեքորեն գործի և մեր բնակիչները կարողանան արդեն կամուրջը շրջանցել ստորին հատվածով»,-ընդգծում է  Տիգրան Գեղամյանը:

Մեկնարկել է դեպի կիրճ իջնող աստիճանների նորոգումը, կնորոգվեն ու կմշակվեն նաև թուջե բազրիքները: Կիևյան կամրջի շինարարական աշխատանքների պայմանագրային ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է: Ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի: Ավարտին Երևանի կարևորագույն տրանսպորտային հանգույցը՝ 60 մ բարձրությամբ ու 351 մ երկարությամբ կամուրջը կդառնա առավել անվտանգ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031