Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձնագրային բաժանմունքներում հերթացուցակները կազմում են արցախցիները, դեռեւս կան կենսաթոշակային տարիքի մարդիկ, որոնք չեն հաշվառվել»․ Գեղամ Ստեփանյան

Մարտ 11,2024 16:40

Չնայած Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, որ բռնի տեղահանված արցախցիների հաշվառման գործընթացը հնարավորինս հեշտացված ու արագացված էր լինելու, սակայն մինչ օրս անձնագրային բաժանմունքներում հերթերը շարունակվում են, թոշակներ ու նպաստներ ստանալու համար ոչ բոլոր արցախցիներն են հասցրել հաշվառվել։ Մասնավորապես, մեծ հերթեր են այն համայնքների անձնագրային բաժանմունքներում, որտեղ բնակություն հաստատած արցախցիների թիվը մեծ է։ Օրերս նման ահազանգ եղավ Էջմիածնի անձնագրային բաժանմունքից, որտեղ արցախցիները առավոտյան ժամը 5-ից հերթ են կանգնում։

Հիշեցնենք, որ արցախցիների բռնի տեղահանումից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորները բարձրաձայնում էին արցախցիների սոցիալական խնդիրների մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «100 հազար մարդ ենք ընդունել, այսօր ամբողջ աշխարհը զարմացած է, թե ոնց ենք կարողացել դա անել․․․»։ Բռնի տեղահանումից մոտ կես տարի անց, սակայն, արցախցիների սոցիալական խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլ գնալով խորացել են։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ որոշ անձնագրային ծառայություններում հերթերի խնդիրը պահպանվում է։ «Բայց կան տեղեր, որտեղ իրավիճակը շատ ավելի թեթեւացել է։ Հատկապես Կոտայքի մարզի քաղաքային բնակավայրերում, որտեղ արցախցիների մեծ հոսք է եղել, անձնագրային բաժանմունքներում շարունակվում են մեծ հերթերը։ Եթե ասենք՝ խնդիրն ամբողջությամբ կարգավորված է, այդպես չէ, որովհետեւ կան համայնքներ, որտեղ ցուցակներում հերթագրված հազարավոր քաղաքացիներ են սպասում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Եթե բռնի տեղահանված թոշակառու արցախցիներից ոմանք դեռ չեն հաշվառվել, դա նշանակում է, որ նրանք խնդիր ունեն նաեւ թոշակ ստանալու հարցում։ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ ինքնակազմակերպման տարբերակով որոշ բնակավայրերում փորձ է արվել թոշակ կամ նպաստ ստացող անձանց հաշվառման գործընթացն ավելի արագ կազմակերպել։ «Այսինքն՝ տարբեր անձնագրային բաժանմունքներում այդ հերթացուցակները կազմվում եւ պահպանվում են հենց արցախցիների կողմից։ Եվ իրենց մեջ այդ ինքնակազմակերպումը եղել է, քանի որ թոշակառուներն ու նպաստ ստացող անձինք կարիք ունեն ավելի շուտ գրանցվելու։ Բայց դեռեւս կան կենսաթոշակային տարիքի մարդիկ, որոնք չեն հաշվառվել, ինչն իրենց պարագայում հանգեցնում է նրան, որ աջակցություն չեն ստանում»,- հավելեց Արցախի ՄԻՊ-ը։

Մեր հարցին, թե այսինքն՝ բռնի տեղահանված անձանց համար արհեստական խոչընդոտնե՞ր են ստեղծվում Հայաստանի կառավարության կողմից, ի վերջո, ի սկզբանե կարելի էր հաշվառման պահանջ չսահմանել, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ կարելի էր շատ ավելի կազմակերպված անել այդ ամենը։ Առնվազն մեր կողմից մի քանի անգամ խնդրանք ու առաջարկ ներկայացրել եմ, որ անձնագրային ծառայություններում աշխատակազմի ավելացման միջոցով ընդհանուր գործընթացը շատ ավելի արագ կազմակերպվի, բայց տեսել ենք, որ այդպես չէ։ Որոշ տեղերում եղած անձնակազմի հաշվին արցախցիներին սպասարկող աշխատակիցների թիվն ավելացրել են, բայց դրա հաշվին տուժել են ՀՀ քաղաքացիները»։

Նա նշեց, որ սա միակ խնդիրը չէ, որին առնչվում են արցախցիները, տարբեր բնագավառներում բռնի տեղահանված անձանց համար խնդիրներ են առաջանում։ «Ընդհանուր իրավիճակն այնպիսին է, որ մեր բարձրաձայնած հարցերը շատ դժվարությամբ են լուծում ստանում։ Այսինքն՝ պետական լիազոր մարմիններին մեր խոսքը հասցնելու հարցում մինչեւ այսօր էլ շատ մեծ խնդիրների ենք բախվում»,- հավելեց Գեղամ Ստեփանյանը։

ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ կներկայացնենք ավելի ուշ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031