Պետպատվերի շրջանակներում մի շարք ծրագրերի համար պետբյուջեից բուժհաստատություններին փոխհատուցվող գումարների սահմանափակում չի լինի։ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց, որ անցած տարի դեկտեմբերին կառավարության որոշմամբ պետպատվերով ծրագրերի մեծ մասը սկսվեց փոխհատուցվել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակմամբ կամ օֆերտայի սկզբունքով։ Այս մեթոդը ներդրվել է 2020 թվականից, 29 միջոցառում էր փոխհատուցվում այս սկզբունքով։ Այս տարի եւս 34 միջոցառում ներառվեցին։
Նախկինում, ինչպես ներկայացրեց Բարսեղյանը, յուրաքանչյուր բուժհաստատության եւ ծրագրի մասով կար սահմանված պայմանագրային գումար․ «Այսինքն, եթե օրինակ սոցանապահով կամ հատուկ խմբերում ներառված անձանց սրտի միջամտության համար փոխհատուցվում էր եւ հատկացված գումարը կազմում էր, ասենք՝ 7 միլիարդ դրամ, եւ 7 միլիարդը բաշխվում էր համապատասխան բուժհաստատությունների միջեւ՝ հաշվի առնելով նախորդ ժամանակահատվածում նրանց մատուցած փաստացի բուժօգնության ծավալները, հիմա արդեն պայմանագրային գումար բուժհաստատությունների համար չենք սահմանում։ Բուժօգնությունը մատուցվում է պետբյուջեով տվյալ ծրագրի համար հատկացված սահմանաչափի շրջանակներում։ Եթե նախկինում բուժառուները ստիպված ընտրում էին այնպիսի բուժհաստատություն, որտեղ տվյալ պահին առկա էր պայմանագրային գումարի մնացորդ կամ հերթի տեւողությունն ավելի կարճ էր, այս պարագայում նման սահմանափակումները վերացվում են։ Այսինքն, բուժառուն որ հիվանդանոց գնա, որն ընդգրկված է տվյալ ծրագրում, գումարը համապատասխանաբար փոխանցվում է բուժհաստատությանը»։
Հարցին՝ այսինքն, եթե նախկինում բուժառուներին ասում էին՝ պետպատվերը վերջացել է, այլեւս այդպես չի՞ լինելու, վերանո՞ւմ է, Բարսեղյանը պատասխանեց՝ վերանում է բուժհաստատության մակարդակում․ « Եթե նախկինում հիվանդը դիմում էր տվյալ բուժհաստատություն, որտեղ տարեկան կամ ամսական գումարի համամասնությունն ավարտված էր լինում, ապա ստիպված էին լինում նրան հերթագրել կամ բուժառուն ստիպված գնում էր այլ բուժհաստատություն, որտեղ գումար կար։ Այս դեպքում նման իրավիճակ չի լինում, որովհետեւ հանրապետության բուժհաստատությունները, որոնք ծառայություններ են մատուցում տվյալ ծրագրի շրջանակներում, բոլորն աշխատում են մեկ ընդհանուր պետական բյուջեից հատկացված սահմանաչափի շրջանակներում»։
Թե ինչ արդյունքներ են գրանցվել ծրագրի ներդրումից հետո, Բարսեղյանն ասաց՝ որոշ ծրագրեր կան, որոնք ավելի առաջանցիկ տեմպերով են գնում, քան պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներն են, դրանք հիմնականում արտահիվանդանոցային պայմաններում դժվարամատչելի հետազոտություններն են, որոնց մեծ մասը համակարգչային շերտագրության եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտություններն են․ «Որոշակի աճ ունենք նաեւ օֆերտայում նախկինում ընդգրկված հեմոդիալիզի ծառայությունների մասով, ուռուցքաբանական հիվանդությունների դիմելիության մասով, բայց իրավիճակը դեռեւս կրիտիկական չենք գնահատում։ Այս փուլում ամեն ինչ գնում է նախապես ծրագրած սցենարով»։
Կարդացեք նաև
Քաղցկեղով հիվանդի բուժման փուլում կամ վիրահատությունից հետո բժիշկը կոնկրետ ժամկետ էր նշում, որպեսզի բուժառուն նորից հետազոտվի՝ բուժման արդյունքները պարզելու համար, սակայն հաճախ այդ ստուգման ժամկետները հետաձգվում էին։ Արդյոք այս նոր ծրագրով այս տարի նման բան չի լինի եւ հիվանդները նման խնդրի չեն բախվի։
Ի պատասխան այս հարցի՝ Բարսեղյանն ասաց՝ ուռուցքաբանական մի քանի ծառայություններ կան, որոնք ընդգրկված են ուռուցքաբանական ծառայությունների մեջ՝ քիմիաթերապիա, ճառագայթային բուժում, արյունաբանական չարորակ հիվանդությունների բուժումն ու վիրահատական միջամտությունները․ «Այս չորսի դեպքում բոլոր ծառայությունները մատուցվում են առանց հերթի, այսինքն, եթե քաղաքացին ունի չարորակ նորագոյացություն, որը ենթադրում է վիրահատություն, ապա առանց հերթի է լինում։ Ուռուցքաբանական չարորակ գոյացություն ախտորոշում ունեցող հիվանդների արտահիվանդանոցային դժվարամատչելի հետազոտությունների կազմակերպումը՝ համակարգչային շերտագրությունն ու մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, ցավոք, ֆինանսական այսօրվա հնարավորություններից ելնելով իրականացվում են հերթագրումով. դրանք արտահերթ չեն»։
Նախարարության պաշտոնյան ասաց, որ ռիսկ կա, որ ծրագրի իրականացման ընթացքում լրացուցիչ ֆինանսական բեռ կարող է առաջանա, ուստի կառավարության որոշմամբ, այդուհանդերձ, սահմանվել են ելակետեր․ «Սկսած առաջին կիսամյակից հետո յուրաքանչյուր ամսվա համար սահմանված են համապատասխան ելակետեր, որոնցից յուրաքանչյուրի հասնելու դեպքում, եթե փաստացի մատուցած ծառայությունները գերազանցեն նշված ծավալը, ապա տվյալ ծառայության մասով սկսելու ենք կիրառել հերթագրման մեխանիզմը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ