Բաքուն Հայաստանից պահանջել է «անհապաղ» իրեն հանձնել 4 գյուղ ու դա անել մինչեւ սահմանազատման գործընթացի մեկնարկը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այս առնչությամբ ասաց, որ պետք է սպասել հայկական կողմի պաշտոնական պատասխանին. «Մենք բանակցային պրոցեսի փուլում բազմիցս ականատես ենք եղել, երբ մեր որոշ գործընկերներ գնահատականներ են հնչեցրել, որ կամ կիսատ են եղել, կամ իրականությանը չեն համապատասխանել, կամ ունեցել են ապակառուցողական տարր: Սպասենք ամբողջական իրավիճակի ներկայացմանը: Այն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն սահմանազատման ու սահմանագծման գործողություն, սա անվիճարկելի է: Այն, որ մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սա եւս անվիճարկելի է: Այն, որ մեզանից փորձելու են ստանալ անկայունություն, սա եւս արդեն նոր բան չէ: Այն, որ տարբեր ուժային կենտրոններ կարող է շահագրգռված չլինեն, որ ՀՀ-ն իր անվտանգային հարցերը կարգավորի, սա եւս նորություն չէ: Բայց խնդրում եմ, որ սառնասիրտ գնահատենք իրավիճակը»:
Հարցին՝ անկլավների վերադարձման հարց քննարկվե՞լ է վարչապետի հետ հանդիպմանը՝ նա պատասխանեց, որ ամենատարբեր հարցեր դետալացված քննարկում են այդ հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ արտաքին քաղաքական:
Հարցին՝ համաձայնեցված չեն սահմանազատման սկզբունքները ու Բաքուն այսպիսի պայման է հնչեցնում, հնարավո՞ր է այսպիսի պայմանի բավարարում՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Ես բացառում եմ որեւէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում եւ որեւէ գործողություն, որը չի բխում ՀՀ շահից: Խոսքը գլոբալ շահի մասին է: Մենք պետք է հարցը լուծենք ու արդյունքում ունենանք անվտանգային երաշխիքներ, ինչը մեզ հիմք կտա ՀՀ զարգացման, մեր բանակի վերակառուցման: Խնդրում եմ իրավիճակը սթափ գնահատենք ու չտրվենք որեւէ ապատեղեկատվությանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ