Լրահոս
Օրվա լրահոսը

«3 տարի Էդմոն Մարուքյանը, լինելով Նիկոլ Փաշինյանի ենթական, միայն հետո՞ է հասկացել, որ տարաձայնություններ կան». Վաղարշակ Հակոբյան

Մարտ 11,2024 15:23

ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը խոսել էր արտաքին քաղաքականության հարցում ՀՀ իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների մասին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այս առնչությամբ ասաց. «Պետք է շատ լուրջ վերլուծել, նոր գնահատականներ տալ պարոն Մարուքյանի լայվերին: Առնվազն ես չգիտեի մինչեւ այս պահ որեւէ տարաձայնության մասին: Էդմոն Մարուքյանը համարվում էր Նիկոլ Փաշինյանի ենթական եւ որեւէ տարաձայնության մասին չէի իմանում, ձեզնից լսեցի: Ավելի ուշադիր կլինեմ լայվերին»:

Լրագրողները փոխանցեցին Մարուքյանի մտքերը, որ ահազանգել է իշխանությունները գնում են մի ճանապարհով՝ միակողմանի զիջումների, որը ոչինչ չի տալիս՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Առնվազն 3 տարի Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ պաշտոն է զբաղեցրել եւ այդ ընթացքում ես չեմ լսել, որ ինքը խոսի տարաձայնությունների մասին: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ հանգամանքների բերումով է նա ազատվել կամ հեռացվել աշխատանքից: Դուք տեղյա՞կ եք՝ պարոն Մարուքյանին ազատե՞լ են, թե՞ ինքն է ազատվել աշխատանքից: Միգուցե նրան ազատել են: Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի ենթակայության ներքո աշխատել է մի քանի տարի, կատարել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները ու հրահանգները եւ ես չեմ լսել որեւէ տարաձայնության մասին»:

Դիտարկմանը, որ Մարուքյանը խոսել է «կարմիր գծերը խախտելու» մասին՝ Վաղարշակ Հակոբյանն արձագանքեց. «Վատ չի, միգուցե Էդմոն Մարուքյանը պատրաստվում է 2026-ի ընտրություններին: Շատ նորմալ եմ գնահատում: Պետք է հիշել, որ Էդմոն Մարուքյանի ղեկավարության ներքո կային 18-20 պատգամավորներ ԱԺ-ում, թե ինչ եղավ հետո, տեսանք բոլորս ու չեմ հիշում՝ ինչ տոկոս նրանք հավաքեցին, բայց չանցան ԱԺ, մեկ ու քանի տոկոս: Երեք տարի Էդմոն Մարուքյանը, լինելով Նիկոլ Փաշինյանի ենթական, միայն հետո՞ է հասկացել, որ տարաձայնություններ կան: Ես սա քաղաքական գործունեության մեկնարկ եմ համարում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031