Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխությունը հասունանում է, շտապեք դառնալ այդ գործընթացի մասնիկը»․ Հրանտ Բագրատյան

Մարտ 11,2024 15:02

«Ամեն ինչ ընթանում է բավականին արագ տեմպով։ Մեր խորին համոզմամբ՝ իշխանափոխությունը հասունանում է։ Շտապեք դառնալ այդ գործընթացի մասնիկը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Միասին» հասարակական-քաղաքական շարժման խորհրդի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Հիշեցնենք, ամսի 13-ին, Ազատության հրապարակում, ժամը 18,00-ին «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հանրահավաք է հրավիրել։

Այս ընթացքում շարժման անդամները տարբեր մարզերում հանդիպումներ են ունեցել բնակչության հետ՝ ներկայացրել իրավիճակները։

Շարժման խորհրդի անդամ, ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն էլ վստահեցրեց՝ շարժումը նպատակասլաց գնում է դեպի իր նպատակին, որի վերջնարդյունքը լինելու է այս իշխանության հեռացումը․ «Սա միայն մեր գործը չէ, սա ամբողջ ազգի խնդիրն է եւ հաջողության համար անհրաժեշտ է համախմբվել։ Իհարկե, զարմանալի է, որ այս ընթացքում նոր շարժումներ ու կուսակցություններ են ձեւավորվում, երբ կարելի է միավորվել, համատեղել ուժերը, առավել ևս, եթե գաղափարների տեսանկյունից բոլորը հասկանում են, թե ինչի համար է պետք միավորվել՝ հանուն պետականության պահպանման, պետության զարգացման եւ Արցախի հետ կապված մեր խնդրի կարգավորման։ Արցախցիների վերադարձը մենք համարում ենք շատ իրատեսական, եթե ամբողջ ազգը դրան նվիրվի»։

Արամ Սարգսյանի կարծիքով, ՀՀ գործող իշխանությունը շարունակում է կատարել այն հանձնարարականները, որոնք ստանում է դրսից, անգամ արդեն ինքն էլ չհասկանալով շատ բան․ «Մենք որեւէ խոսք չենք կարող ասել, որ մենք սուվերեն պետություն ենք։ Մենք մեր սուվերենությունը կորցրել ենք ամբողջովին եւ մենք կորցնում ենք մեր ամենակարեւոր բարեկամներին։ Արդեն այն վտանգավոր եզրն է, որից հետո գալիս է պետականության կորուստը»։

Խոսելով իշխանության նպատակներից, մասնավորաբար, Տավուշի մարզում չորս գյուղեր հանձնելու մտադրությունից, Արամ Սարգսյանը նախազգուշացնում է՝ դա «Ադրբեջանի առջեւ բացելու է մի ողջ մարզի պարիսպներն» այն պարագայում, երբ հայկական կողմը ոչ մի կերպ չի կարողանում կամ չի ցանկանում վերադարձնել այն բոլոր բարձունքները, որոնք հայկական կողմը կորցրել է 44-օրյա պատերազմից հետո։ Այդ գյուղերի հանձնումով, ըստ բանախոսի, Ադրբեջանը մեծ առավելություն է ստանալու Հայաստանի նկատմամբ։

«Մեզ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է այս ամենին արձագանքում մեր հանրությունը»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ մարզերում, հանդիպումների ժամանակ, մարդկանց բաժանվել են գրքույկներ՝ «100 պատճառ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար» վերտառությամբ: Ծրագիրը ավելի մանրամասն կներկայացվի հանրահավաք- համահավաքում, որին հորդորում են մասնակից դառնալ, ոչ թե բազմոցից հետեւել։

Խաչիկ Մանուկյան

Շարժման խորհրդի անդամ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էլ դիմեց ուսանողներին՝ խոսելով ԲՈՒՀ-երի օտարման գործընթացից․ «Դրանք ոչ թե զուտ ԲՈՒՀ-երն են, այլ պատմություն ներկայացնող կաճառներ են, որտեղ ուսանել են հանճարեղ հայեր եւ նրանց շունչը, նրանց պատմությունը նաեւ ներկայացվում է այդ ԲՈՒՀ-երով, այդ շինություններով։ Որեւէ խոսքի չեմ հավատում, թե ուսանողական քաղաք պիտի ստեղծեն։ Սիրելի ուսանողներ, պահն է, որ դուք մասնակից լինեք եւ ինքներդ որոշեք ճակատագիրը մեր ԲՈՒՀ-երի։ Միայն ձեզնով չի սահմանափակվելու, իսկ նոր սերնդին ի՞նչ պատասխան ենք տալու։ Թե՞ սրանք հաշվել են, որ այլեւս Հայաստան չի լինելու եւ պատասխան չունենք տալու»։

Նա դիմեց նաեւ հերոսացածների ծնողներին․ «Ավելի թանկ բան չկա, քան մեր զավակների արյունը եւ այն երազանքը, որի համար նրանք իրենց կյանքը տվեցին։ Այդ երազանքի կատարման հիմնաքարերը մենք պիտի դնենք, այլապես կորած է մեր կյանքը՝ նրանց կյանքի հետ միասին։ Նրանք կան եւ թելադրում են եւ ես իրենց ոգու հաղթանակն եմ տոնելու, երբ այստեղ ունենամ ազգային իշխանություն, որը կսպասարկի մեր ժողովրդի, մեր երկրի շահերը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031