Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՏՄ-ի տասնամյակն է, Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետություն գալո՞ւ է, թե՞ չի համարձակվելու գալ». Ագնեսա Խամոյան

Մարտ 11,2024 14:43

«Ես չգիտեմ՝ վերջին անգամ ՌԴ նախագահի հետ, օրինակ, երբ են տեղի ունեցել աշխատանքային շփումներ, ե՞րբ է տեղի ունեցել հեռախոսազրույց, էլ չեմ ասում Ղազախստանի նախագահի մասին: Մենք ստանձնել ենք նախագահություն ԵԱՏՄ-ում, այս տարի արդյոք նախատեսվո՞ւմ է ԵԱՏՄ երկրների ղեկավարների նիստ ՀՀ-ում»,- այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ՏԿԵՆ փոխնախարար Հակոբ Վարդանյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ դա քաղաքական հարց է ու ինքը կպատասխանի: Նա անդրադարձավ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր տարաձայնություններին՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի հետ չպետք է նույնացնել. «Մինչեւ այս պահը ՀՀ-ն շարունակում է ԵԱՏՄ նախագահությունը եւ կարծում եմ՝ այդ բլոկում մենք բավականին արդյունավետ գործունեություն ենք ծավալում: ԵԱՏՄ-ն բավականին լուրջ հնարավորություն է ընձեռել առնվազն վերջին մի քանի տարիներին՝ մեր տնտեսական քաղաքականության արդյունքում: ՀՀ-ն ԵԱՏՄ օրենքներով սահմանված կարգով կատարելու է իր պարտավորությունները»:

Խամոյանը դժգոհեց, որ չստացավ իր հարցի պատասխանը. «ԵԱՏՄ տասնամյակն է այս տարի, Հայաստանում նիստ տեղի ունենալո՞ւ է: Ավելի պատկերավոր՝ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետություն գալո՞ւ է, թե՞ չի համարձակվելու գալ, որովհետեւ ընդունվել է Հռոմի ստատուտը, այդ հարցը քննարկվե՞լ է ձեր ռուս գործընկերների հետ, որովհետեւ Պեսկովն այդ հարցը թողնում է օդում կախված: Ավելի պատկերավոր էլ չգիտեմ ոնց ձեւակերպեմ»:

Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Առաջարկում եմ, որ դուք միջազգային մեր գործընկերների արտահայտած մտքերին ու հաղորդագրություններին հետեւելուց զատ՝ հետեւեք նաեւ ՀՀ պաշտոնական լրահոսին»:

Նա վստահեցրեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները կատարելու է, իսկ թե այդ պարտավորությունների շրջանակներում կլինի՞ այց ՀՀ-ում, թե որեւէ այլ երկրում՝ դա այլ հարց է, նախագահության հետ կապ չունի. «Երբ կլինի կոնսենսուս, որ բոլորը պետք է այցելեն Հայաստան, տեղի կունենա դա»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը ճշտեց. «Դուք վավերացրել եք «Հռոմի ստատուտը» ու ասում եք՝ բոլոր պարտավորությունները Հայաստանը կատարելու է, հիմա այնտեղի՞ պարտավորությունն եք կատարելու, թե՞ ԵԱՏՄ-ի»:

Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Հռոմի ստատուտը ՀՀ-ն վավերացրել է այն տեսլականով, որ դա պետք է ՀՀ-ին ու մեր քաղաքացիներին: Դա հավելյալ անվտանգային երաշխիքներ է մեզ տալիս: Իսկ ԵԱՏՄ նախագահության ստանձնումը լրիվ այլ աշխատանքային պրոցես է, չեմ կարծում, որ պետք է այս երկու պրոցեսները խառնել: Հասկանում եմ, որ դուք անհանգստացած եք այդ հարցով, դա նորմալ է, բայց եկեք նախ պրոցեսները տարանջատենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031