Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ մեծ շանսեր կան, որ առնվազն եւս 8 տարի գազի գինը կմնա նույնը». Փոխնախարար

Մարտ 11,2024 13:59

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահություն է ստանձնել ԵԱՏՄ-ում: Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց, թե ինչ է պլանավորվում ԵԱՏՄ-ի շրջանակներում, միասնական էներգետիկ շուկաների ձևավորման ոլորտներում:

ՏԿԵՆ փոխնախարար Հակոբ Վարդանյանն ասաց, որ այս տարի գործնականում ընդհանուր շուկա չի ձեւավորվելու, ըստ ծրագրի, պետք է 2025թ-ից սկսեին գործել այդ շուկաները, սակայն հիմա քննարկվում է այն հետաձգել մինչեւ 2027-ը. «Գազի ընդհանուր շուկայում կան մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ երկրների մեջ կոնսենսուս չկա: Երկրները համաձայնության չեն գալիս, որ պետք է գազի գնի ձեւավորման սկզբունքները բոլորի համար լինեն նույնը: ՌԴ-ն ու Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանը ու կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար այդ սկզբունքները այլ պետք է լինեն: Եվ երկրորդ ամենակարեւոր հարցն այն է, որ գազի ընդհանուր շուկայի ձեւավորումից հետո բոլոր երկկողմ պայմանագրերը, օրինակ, Հայաստան-ՌԴ գազային համաձայնագիրը պետք է համաձայնեցվեն կամ դադարեն գործել: Գազ ունեցող երկրները՝ ՌԴ-ն ու Ղազախստանը էլի համաձայն չեն դրան ու կարծում են, որ պետք է երկու պայմանագրերը շարունակեն գործել մինչեւ իրենց ավարտը: Օրինակ, մեր համաձայնագրի ժամկետը մինչեւ 2043 թվականն է: Կա մի սկզբունք, որ գազի գինը նույնը պետք է լինի բոլոր տեղերում, բացի հանքավայրերը: ՌԴ-ն ու Ղազախստանը պնդում են, որ իրենց երկրում գործում է մեծ ու բազմաշերտ սուբսիդավորման համակարգ ու չի կարող ռուսական սպառողի համար նույն գինը լինել, ինչ բելառուսական կամ հայկական սպառողի: Մենք էլ ասում ենք, որ եթե սա ընդհանուր շուկա է ու ընդհանուր մաքսային միություն է, եթե գները տարբերվեն, կստացվի, որ տարբեր արտադրողների մոտ տարբեր ինքնարժեքներ կլինեն ու շուկաները պարզ է, որ մրցունակ չեն լինի, խնդիրներ կլինեն: Իրենք էլ կարծում են, որ ներքին շուկայի եւ ԵԱՏՄ-ի սկզբունքները պետք է տարբեր լինեն»:

Փոխնախարարն ասաց, որ այդ ընդհանուր շուկան մեզ համար բարդ է, որովհետեւ ռեժիմային կարգավորման հարցեր կան, ընդհանուր սահման չունենալու պատճառով մենք դրա հետ որեւէ կերպ չենք առնչվում. «Մեզ համար կարեւոր է ՌԴ-Վրաստան ռեժիմային պայմանը եւ Վրաստան Հայաստան: Ես այնքան լավատես չեմ, որ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի գործարկումից հետո կարող ենք ինտեգրվել, որովհետեւ ընդհանուր սահման չունենք: Եթե նույնիսկ ստացվի լավ մատակարար գտնել, օնլայն գործարք չենք կարող անել՝ առանց Վրաստանի հետ համաձայնեցման»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ քաղաքացիները մտահոգություններ ունեն, որ գազի գինը կթանկանա, հատկապես, երբ ՌԴ-ի հետ վատ հարաբերություններ ունենք. «Որքան էլ մենք փորձենք համոզել, թե ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի հետ կապ չունի, բայց մեր հարաբերությունները լավ չեն ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հետ, նույն երկրների ղեկավարների մասին է խոսքը: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցերի լուծումը, ակնհայտ հարաբերությունների լարվածություն կա»:

Փոխնախարարը պատասխանեց, որ 2019-ի հունվարի 1-ին է վերջին անգամ ՀՀ-ում գազի գինն ամրագրվել, ամեն տարի այդ անհանգստությունները կան, բայց դեռեւս վերջին 5 տարում կայուն է. «Շատ մեծ շանսեր կան, որ առնվազն եւս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական եւ շուկայական փոփոխություններ աշխարհում տեղի չունենան: Եթե գազի գինը կայուն դառնա 300 հազար դոլար, դժվար Հայաստանի համար 165 դոլար գինը հնարավոր կլինի պահպանել: Բայց մենք տեսանք, որ երբ Եվրոպայում եւ միջազգային շուկաներում 2000-3000 դոլար էր, Հայաստանում պահպանվում էր 165 դոլար գազի գինը»:

Խամոյանը զարմացավ. «Դուք 8 տարվա երաշխի՞ք տվեցիք, այսօրվա աշխարհում 8 օրվա երաշխիք էլ չեն կարողանում տալ: 8 տարին որտեղի՞ց վերցրեցիք»:

Վարդանյանը պատասխանեց, որ 2022-ին կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որով ՀՀ-ի համար գազը մինչեւ 2031-ը ներառյալ որոշակի մեխանիզմներով պետք է պահպանվի ներկայիս արժեքով: Դա 8 տարի է անում՝ 2024-ն էլ հաշված:. «Եթե աշխարհաքաղաքական, տնտեսական որեւէ մեծ փոփոխություն չլինի, մենք հնարավորություն ունենք պահպանելու, որովհետեւ ունենք ստորագրված փաստաթուղթ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031