Լրահոս
Օրվա լրահոսը

«Շենքում բոլորը մտածում էին, որ ծնողներս խելագար են, պատերազմի ժամանակ դաշնամուր են բերում»

Մարտ 11,2024 13:22

Կանադահայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Սէրուժ Գրաճեանը ամռանը Հայաստանում հանդես կգա «Դաշնամուրային ֆանտազիա» ծրագրով:

«Գրեմմի» մրցանակի առաջադրված, կանադահայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Սէրուժ Գրաճեանը 2022թ դեկտեմբերին բացառիկ համերգ էր ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ նվագախմբի հետ: Համերգի հատուկ հյուրն էլ ֆլամենկո կիթառահար Գրիշա Գորյաչեւն էր: Հերթական համերգն էլ այս տարվա հունիսին է կայանալու, ծրագիրն էլ կոչվում է «Դաշնամուրային ֆանտազիա»:

Aravot.am-ի հետ զրույցում Սէրուժ Գրաճեանը այսպես է բնորոշում հայաստանյան համերգի ծրագիրը. «Դրական առումով հեւքոտ է, ունկնդիրը ժամանակ չի ունենալու շունչ առնելու, որովհետեւ այնքան շատ են երաժշտական ոճերը այդ համերգի մեջ խտացած՝ Ռախմանինով, ֆլամենկո, տանգո, Լիստ, հայկական երաժշտություն, հետո Վիվալդին խառնված է մեր Ղափամային եւ Շալախոյին: Բազմաժանր երեկո է լինելու: Իմ նվագախումբը Հայաստանից է, որի հետ արդեն աշխատել եմ: Այս համերգը երաժշտական համադրումն է իմ ստեղծագործական կենսագրության: Ես շատ երկրներում եմ ապրել, եւ այդ երկրներն ինձ վրա մեծ ազդեցություն են թողել իրենց մշակույթով, երաժշտությամբ, ինչն էլ ուզում եմ ներկայացնել հայաստանյան հանդիսատեսին»:

Հարցրինք՝ ո՞րն է իր այցեքարտը՝ իր նշած երաժշտական կենսագրության մեջ: «Իմ այցեքարտը բազմազանությունն է, երաժշտությունը՝ առանց սահմանների: Այն, ինչ սովորել եմ համալսարանում, երաժշտական դպրոցում, դասական երաժշտություն է, մանավանդ միշտ մեկնաբանել եմ Լիստ եւ Ռախմանինով: Բայց այս օրերին ամենաշատը բազմազանությունն է, ուզում եմ այնպես անել, որ կամուրջներ ստեղծվեն երաժշտական տարբեր ոճերի եւ տարբեր կոմպոզիտորների միջեւ: Այս է իմ ստեղծագործական կյանքի նպատակը»,-նշեց մեր զրուցակիցը:

Ճանաչված երաժիշտն իրեն հաջողակ մարդ է համարում, ասում է իր համար ամենաբարձր արժեքը տաղանդն է, որը պետք է զուգակցվի քրտնաջան աշխատանքով: Նա անչափ կարեւորում է նաեւ նորարարությունը, բայց միեւնույն ժամանակ ընդգծում է, որ պետք է հավատարիմ մնալ հայկական երաժշտության արմատներին. «Ես միշտ մտածում եմ բարձր ճաշակով ներկայացնել երաժշտությունը, բայց ամեն ինչի մեջ նորարարություն եմ մտցնում, որպեսզի համերգ գնացողը տեսնի, որ երաժշտությունը սահմաններ չի ճանաչում: Սա է հաջողակ երաժիշտ լինելու իմ տեսլականը: Ինչ վերաբերվում է Հայաստանին եւ հայ ժողովրդին, կարծում եմ, որ ամենակարեւոր այցեքարտը մշակույթն է, իսկ մենք մշակույթը մեր այցեքարտը դարձնելու պոտենցիալը դեռ լրիվ չենք օգտագործել»:

Սէրուժ Գրաճեանին հարցրինք ՝ հիշո՞ւմ է առաջին ստեղծագործությունը, որ նվագել է փոքր ժամանակ: «Ես Լիբանանում եմ ծնվել… Քաղաքացիական պատերազմի ամենաթեժ շրջանում, երբ ընդամենը 4 տարեկան էի, ծնողներս որոշեցին դաշնամուր բերել տուն: Շենքում բոլորը մտածում էին, որ ծնողներս խելագար են, պատերազմի ժամանակ դաշնամուր են բերում, երբ ամեն մարդ ուրիշ հոգսեր ու մտահոգություն ունի: Ես սկզբնական շրջանում ուսուցիչ չունեի, դաշնամուրն իմ առաջին խաղալիքն էր, հետո այն դարձավ մեր տան ու ողջ շենքի սիրո աղբյուրը: Մարդիկ երաժշտություն էին լսում մեր տանից, ու մոռանում դրսում եղած ցավի ու տխրության մասին: Ի դեպ, երեխա ժամանակ առաջին կտորը, որ կատարել եմ, Մոցարտի «Ֆանտազիան» էր՝ գրված դաշնամուրի համար: Հենց դրանով էլ հաղթեցի Լիբանանում պատանի երաժիշտների մրցույթում, որը ցուցադրվեց հեռուստատեսությամբ: Դա իմ առաջին քայլն էր երաժշտական աշխարհ»,-ասում է երաժիշտը, որը բազմիցս հանդես է Նյու Յորքում, Փարիզում, Վիեննայում, Տորոնտոյում, Մադրիդում, Լոնդոնում, Տոկիոյում եւ այլուր, թողարկել է տասնյակ ձայնապնակներ, հաղթել բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթներում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Սէրուժ Գրաճեանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031