Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի վարչական շրջաններից մեկի նախկին ղեկավարը մեղադրվում է մանկապարտեզից տարածքներ օտարելու, հափշտակելու և շուրջ 19 մլն դրամի փողերի լվացման մեջ

Մարտ 11,2024 11:37

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի նախկին ղեկավարը, տվյալ համայնքում գտնվող նախադպրոցական հաստատության տարածքն ապօրինի, անհատույց իրենը դարձնելու դիտավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ Ա. Շ.-ի հետ նշված տարածքը Երևան համայնքից հափշտակելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ա. Շ.-ն նշված հասցեի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ 2018թ. դիմում է հասցեագրել համայնքի ղեկավարին: Վերջինս էլ, խախտելով օրենսդրությամբ սահմանված նորմերը, համաձայն որոնց՝ տվյալ գույքը կարող է օտարվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, և օտարվելու դեպքում էլ այն կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով, կազմել է նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքի մի մասը մասնավորեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ:

Այնուհետև, հիշյալ պաշտոնատար անձը, նշված որոշման նախագծին կցելով կեղծ տվյալներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր՝ Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրականում գոյություն չունեցող՝ 2005 թվականի սեպտեմբերի 7-ով թվագրված կեղծ որոշում, համաձայն որի՝ Ա. Շ.-ն և վերջինիս ընտանիքի անդամները ճանաչվել են օտարվող տարածքի վարձակալ:

Այսպիսով՝ 2018 թվականի փետրվարի 12-ին կեղծ տվյալներ բովանդակող տեղեկանքի հիման վրա, Երևանի քաղաքապետի որոշմամբ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը նվիրաբերվել է վարչական շրջանի ղեկավարի մտերիմ Ա. Շ.-ին: Այնուհետև, հափշտակված գույքին օրինական տեսք տալու և դրա հանցավոր ծագումը խեղաթյուրելու նպատակով հիշյալ տարածքը 2018 թվականի փետրվարի 28-ին ձևակերպվել է Ա. Շ.-ի անվամբ, ով էլ, իր հերթին, նշված առանձնապես խոշոր չափերի՝ 18.720.000 ՀՀ դրամ շուկայական արժեքի գույքը 2019թ.-ին նվիրատվության պայմանագրով փոխանցել է վարչական շրջանի ղեկավարի դստերը:

Բացի այդ, վերը նշված պաշտոնատար անձը կազմել է միայն ուսումնական նպատակներով օտարելու ենթակա մեկ այլ գույք մասնավորեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշման ապօրինի նախագիծ, որի հիման վրա մանկապարտեզի տարածք հանդիսացող՝ 77.1 քմ մակերեսով և 11.400.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը նվիրատվությամբ օտարվել է իր աշխատակցին՝ Երևան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Ա. Շ.-ին՝ 38-178րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031