Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան. «Աստված Ռոբերտի հոգին լույսերի մեջ պահի… «Եռաբլուրը» Հերոսաբլուր է»

Մարտ 11,2024 11:41

     Զորակա՛ն, կռվիր այնպես, որ կարողանաս ասել զենքի ընկերներիդ՝ ինձ պես կռվեցեք. Գարեգին Նժդեհ

 30 տարի առաջ, այս օրերին թեժ մարտեր էին ընթացքում Արցախի հարավարևելյան ուղղություններում՝ Ֆիզուլիում, Հորադիզում, այլ վայրերում։ Հայոց ռազմական ուժերին հաջողվեց նաև այդ ուղղությամբ հաղթանակ տանել։  Սակայն այն շատ թանկ կյանքերի գնով եղավ։ Շատ հերոսներ մարտիրոսվեցին, դարձան հաշմանդամ, անհետ կորան, բայց ազատագրվեց Արցախը, մեր հայրենիքի այլ տարածքներ։ Այդ նահատակ հերոսներից է Ռոբերտ Հայկարամի Գևորգյանը, որը սկսած 1989 թվականից մինչև կյանքի վերջը՝ 1994 թվականի մարտի 10-ը, եղել է ՀՀ ոստիկանության մոտոհրաձգային գնդի կազմում տարբեր ստորաբաժանումների հրամանատար, հասել փոխգնդապետի կոչման։

Մարտական ուղին սկսել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից։ Մասնակցել է նաև Կոռնիձորի, Կապանի, Մեղրիի, ՀՀ այլ տարածքների պաշտպանական մարտերին։ Արցախում Ռ Գևորգյանի հրամանատարությամբ գործող վաշտը 1993թ մայիսին պաշտպանում էր միջազգայնորեն «Լաչինի միջանցք», իսկ մեզ համար «Կյանքի ճանապարհ»-ի պաշտպանությանը՝ Բերձորից հարավ՝ «Կոբրա» կոչվող դիրքերում։

Այստեղ էլ առաջին անգամ հանդիպեցի Ռոբերտին ու իր զինվորներին։ Ծանոթացանք։ Հետագայում իմացա՝ 94-ի սկզբից արդեն Ֆիզուլիում ու Հորադիզում էր մարտնչել, որտեղ էլ նահատակվեց հերոսաբար՝ փրկելով հայ վիրավոր զինվորների կյանքը։

Ռոբերտ Գևորգյանը հետմահու արժանացել է ՀՀ ներքին ծառայության գնդապետի կոչման, արժանացել Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, այլ պարգևների։ Նրա անունով է կոչվում Քասախի միջնակարգ դպրոցը։ Ծնվել է 1958թ հունվարի 1-ին ՀԽՍՀ Ապարանի շրջանի Քասախ գյուղում։ Հետագայում տեղափոխվել են այժմ արդեն Կոտայքի մարզի Քասախ գյուղ։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որի բակում այժմ իր կիսանդրին է, որի մոտ են կայանում կրթօջախում կազմակերպվող հանդեսները (Ռ Գևորգյանի մասին մանրամասն՝ հետևյալ հղումներով hhpress, hhpress):

Մարտի 10-ին, հերոսի նահատակության 30-ամյա տարելիցին, Հայոց ամենասրբավայր՝ Եռաբլուր, որտեղ հուղարկավորված է Ռ Գևորգյանը, այցելեցին հարազատները, այդ թվում՝ որդին Անդրանիկը՝ կնոջ ու 2 դուստրերի հետ, ովքեր առաջին ծաղիկները խոնարհեցին պապի շիրմաքարին։ Ներկա էին նաև մարտական, աշխատանքային ու մանկության ընկերները, բարեկամները։

Հայ Առաքելական եկեղեցու Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ սկսվելով ու ավարտվելով Տերունական աղոթքով։

Ավարտելով հոգևոր կարգը՝ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը դիմեց ներկաներին «Ցավակցում եմ բոլորիդ, Աստված Ռոբերտի հոգին լույսերի մեջ պահի։ Երբեմն ժողովրդի մեջ կա այսպիսի խոսակցություն՝ իմ տղան հերոս է, մեդալակիր է և այլն։ Եկեք՝ չգնանք այդպիսի բաների հետևից և ընդունենք՝ այս Եռաբլուրը ոչ թե Եռաբլուր է, այլ ՀԵՐՈՍԱԲԼՈՒՐ Է։ Բոլորս խոնարհաբար գանք այստեղ, որովհետև իրենք՝ այստեղ ննջողները, տվել են ամենաթանկը մեզ համար, մեր երկրի, հայրենիքի համար, և բոլորը մերն են։ Ողորմի Աստված․․․»։ Այցը հերոսի շիրմին ավարտվեց ծաղիկների խոնարհումով ու խնկարկումով։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031