Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է վերացնել ստվերը, ուղեվարձը երեք անգամ թանկացնելու անհրաժեշտություն չի լինի. «Հանրապետական արհմիություն»

Մարտ 11,2024 11:02

Հազարավոր անդամներ միավորող Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄերի աշխատողների արհմիության ղեկավար մարմնի հայտարարությունը տրանսպորտի թանկացման նախագծի վերաբերյալ

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն ափսոսանքով արձանագրում է, որ Երևանի ավագանին, թեպետ որոշակիորեն հաշվի առնելով իրեն ներկայացված առաջարկները, անտեսել է հիմնավորումների ու միջազգային փորձի ամենակարևոր դրույթները և որոշել է առաջ տանել Երևանի տրանսպորտի ուղեվարձը 300 դրամ դարձնելու նախագիծը։

Ողջունելով Երևանի քաղաքային տրանսպորտի շարունակական բարեփոխումները և միասնական տոմսային համակարգի ներդրումը՝ համարում ենք, որ Երևանի ավագանու կողմից առաջարկվող տրանսպորտի ուղեվարձի թանկացումը ժամանակավրեպ է, անհամաչափ է բնակչության եկամուտներին և սոցիալական ընդվզման կհանգեցնի:

Գտնում ենք, որ նման ազդեցիկ քաղաքական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության սկզբունքը։ Առաջարկում ենք, որ ավագանու որոշման նախագիծը կրկին հանվի ավագանու նիստի օրակարգից, փոխարենն անկեղծ և թափանցիկ ֆորմատով ներկայացվի հանրությանը, որպեսզի ծավալվեն լայն, բազմակողմանի ու երկարատև քննարկումներ շահագրգիռ կողմերի, փորձագետների, բնակիչների տարբեր խմբերի և աշխատողների ներկայացուցիչների՝ արհմիությունների հետ։ Միայն քննարկումների արդյունքում լրամշակված և կոմպրոմիսային տարբերակը կարող է ընդգրկվել ավագանու նիստի օրակարգում։

Որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել, որ չնայած աշխատավարձերի որոշակի աճին, բնակիչների եկամուտները շարունակում են մնալ ցածր և չեն ապահովում արժանապատիվ կենսակերպ։ Երևանում միջին ամսական «մաքուր» աշխատավարձը կազմում է 224 000 ՀՀ դրամ։ Ընդ որում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն, Երևանում գործող կազմակերպությունների աշխատողների շուրջ 65 տոկոսը ստանում է նվազագույն կամ միջինից ցածր աշխատավարձ։

Հորդորում ենք քաղաքային իշխանությանը որդեգրել քաղաքային տրանսպորտը սուբսիդավորելու քաղաքականությունը, ինչպես որ դա ընդունված է համայնքապատկան քաղաքային տրանսպորտ ունեցող աշխարհի քաղաքների գերակշիռ մեծամասնությունում։ Քաղաքային տրանսպորտի առաջնային նպատակը սոցիալական սոլիդարության սկզբունքի հիման վրա բնակիչներին որակյալ ու մատչելի ծառայություն մատուցելն է, այդ թվում՝ քաղաքն ապրելու համար առավել պիտանելի դարձնելու և մեքենաներից բեռնաթափելու համար։

Քաղաքական կամք դրսևորելու դեպքում հնարավոր կլինի  բավարար միջոցներ գտնել տրանսպորտային  ծառայությունների ապահովման համար, ընդ որում խոսքը բնավ չի գնում բնակիչներին հավելյալ հարկելու մասին։ Քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտն օրական փոխադրում է շուրջ 550 000 ուղևորների։

Այնինչ, քաղաքապետարանի կողմից մեր միությանը տրամադրված տեղեկության համաձայն, օրական կտրվածքով քաղաքային բյուջե է մտնում միայն մոտ 160 000 ուղևորների կողմից վճարած ուղեվարձը։

Միևնույն ժամանակ, արդեն իսկ ներդրված էլեկտրոնային տոմսային համակարգից օգտվում է ուղևորների մոտ 0.5%-ը։

Հետևաբար, անհրաժեշտ է վերացնել ստվերը, ինչի հետևանքով տրանսպորտի հասույթն առնվազն երեք անգամ կավելանա և ուղեվարձի տոմսը երեք անգամ թանկացնելու անհրաժեշտություն չի լինի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում Երևան քաղաքի ավագանու անդամներին նախագիծը հանել քննարկումից և գործել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄերի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031