Որպես առողջությանը սպառնացող ռիսկի լուրջ գործոն հաճախ է առանձնացվում զարկերակային բարձր ճնշումը, սակայն ցածր ճնշումը նույնպես կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել՝ պատշաճ ուշադրության չարժանանալու դեպքում։
Մեծամասամբ զարկերակային ցածր ճնշումը լուրջ անհանգստության թեմա չէ, սակայն հազվադեպ այն կարող է հանգեցնել շոկի զարգացման, ինչն անհապաղ բժշկական օգնության դիմելու ցուցում է։
Նորմայից ցածր զարկերակային ճնշումը, որը բժշկագիտության մեջ հայտնի է որպես հիպոտոնիա, շատ դեպքերում կարող է աննկատ մնալ և անվնաս լինել, սակայն, ինչպես նշում են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի փորձագետները, քրոնիկ ցածր ճնշումը հիմնականում վտանգավոր է այն դեպքերում, եթե դրսևորվում է ախտանշաններով։
Թեև զարկերակային ցածր ճնշման ախտանշանները կարող են տարբեր մարդկանց մոտ տարբեր լինել, հիմնականում առաջացնում են՝
Կարդացեք նաև
- գլխապտույտ,
- ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված դժվարություններ,
- ուշաթափություն,
- գլխապտույտ,
- սրտխառնոց,
- հոգնածություն,
- ջրազրկում,
- տեսողության մթագնում,
- գունատ, կպչուն մաշկ,
- արագ, մակերեսային շնչառություն,
- դեպրեսիա և այլն։
Այս ախտանշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, իսկ երբ զարկերակային ճնշումը շատ ցածր է, առաջանում են տագնապալի ախտանշաններ, որոնց դեպքում պետք է դիմել անհապաղ բուժօգնության, քանի որ ծայրահեղ ցածր ճնշման պատճառով կարող են վտանգի ենթարկվել այլ օրգանները՝ չստանալով անհրաժեշտ քանակով արյուն, ինչն էլ կարող է հանգեցնել շոկի առաջացման։
Շատ ցածր զարկերակային ճնշման մասին կարող են հուշել հետևյալ տագնապալի ախտանշանները՝
- արագ, մակերեսային շնչառություն,
- շատ թույլ, բայց արագ անոթազարկը,
- սառը, կպչուն մաշկը,
- գիտակցության կորուստը,
- մաշկի կապտավուն երանգը։
Այս ախտանշանների դեպքում, ինչպես նշվեց, պետք է անմիջապես շտապ բուժօգնություն կանչել։
Զարկերակային ցածր ճնշման պատճառներից կարող են լինել առողջական հետևյալ վիճակները՝
- հղիություն,
- արյան կորուստ,
- ջրազրկում,
- սննդանյութերի անբավարարություն,
- ներքին արյունահոսություն,
- որոշ դեղամիջոցներ,
- սրտի հետ կապված խնդիրներ,
- էնդոկրին խանգարումներ,
- դիաբետ,
- ծանր վարակներ, ինչպիսին սեպտիկ շոկն է կամ արյան հոսքի ինֆեկցիան,
- ալերգիկ ռեակցիաներ, որոնք կարող են հանգեցնել անաֆիլաքսիայի,
- երկարատև պառկած վիճակը ևս կարող է նպաստել զարկերակային ճնշման անկմանը։
Այս վիճակներից որևէ մեկն ունեցող անձը, որն ունի արյան ցածր ճնշում, պետք է պարբերաբար այցելի իր բժշկին։
Մարդիկ, որոնք զարկերակային բարձր ճնշման դեմ պայքարող դեղորայք են ընդունում, պետք է ուշադիր լինեն այդ դեղորայքի չափաբաժինների ու զարկերակային ճնշման ամենօրյա ցուցանիշների նկատմամբ՝ արյան ճնշման կտրուկ տատանումներից ու անկումից խուսափելու համար։
Եթե ճնշումն իջնում է նորմայից, ապա պետք է դիմել բժշկին, որը կարող է փոխել դեղորայքը կամ չափաբաժինները, ստուգել դրա փոխազդեցությունն այլ դեղամիջոցների հետ, որոնք ընդունում է տվյալ անձը։
Զարկերակային բարձր ճնշում առաջացնող առաջնային հիվանդության հետ կապված ռիսկի գործոնների վերահսկումը ևս կարող է կանխել ճնշման կտրուկ անկումը։
Որո՞նք են զարկերակային ցածր ճնշման բուժման մեթոդները
Քրոնիկ ցածր զարկերակային ճնշումը մեծամասամբ բուժվում է կենսակերպի ու սննդակարգի փոփոխությունների օգնությամբ։ Երբեմն կարող է առաջանալ դեղորայքային բուժման անհրաժեշտություն։
Բժիշկը կարող է խորհուրդ տալ՝
- սննդակարգը հարստացնել աղի մթերքներով,
- ավելի շատ հեղուկ օգտագործել,
- խուսափել ոգելից խմիչքների օգտագործումից,
- կանոնավոր վարժություններ կատարել,
- պառկած կամ նստած վիճակից կանգնելիս զուշություն ցուցաբերել, անկողնուց վեր կենալիս մի քանի րոպե նստել մահճակալի եզրին, ապա կանգնել։
- Խուսափել երկարատև նստելուց կամ կանգնելուց։
- Խուսափել տաք ջրի երկարատև ազդեցությունից։
- Ըստ անհրաժեշտության հագնել սեղմող գուլպաներ, որոնք բարելավում են ոտքերից դեպի սիրտ արյան հետհոսքը:
Զարկերակային ցածր ճնշման բարդությունները
- Լուրջ վնասվածքներ՝ ընկնելու հետևանքով։
- Սրտի հետ կապված խնդիրներ, կաթված․ սիրտը կարող է կոմպենսացնել արյան ցածր ճնշումն ավելի լարված աշխատելով, ինչն էլ կարող է հանգեցնել սրտային անբավարարության, կաթվածի կամ խորանիստ երակների թրոմբոզի։
- Շոկ․ խիստ ցածր զարկերակային ճնշման պատճառով կարող է կտրուկ սահմանափակվել օրգանների արյան մատակարարումը՝ մարդուն շոկի ենթարկելով։
Շատ ցածր զարկերակային ճնշման ախտանշանների ի հայտ գալուն պես պետք է փորձել պահպանել հանգստությունը, պացիենտին պառկեցնել հարթ մակերեսի վրա՝ գլխի ու ոտքերի տակ բարձ դնելով այնպես, որ ոտքերը գլխից բարձր լինեն։ Զանգել շտապ օգնություն։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ