Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե տրված է նախագծով, որ ճանապարհ լինի, չեն կարող շինարարությունն անեն, ու ճանապարհը չլինի»․ Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամը՝ խնդրահարույց շինթույլտվության մասին

Մարտ 10,2024 21:25

«Շինթույլտվության, քաղաքաշինական նորմեր կան․ մի շենքից մյուսն ինչ-որ հեռավորություն, ճանապարհի հարցեր կան։ Կարող է՝ իրոք, թղթի վրա երևում է, որ գալիս, կպնում են իրար,  մանրամասն տեղյակ չեմ, բայց շինարարություն անելիս չկպնի։ Եթե տրված է նախագծով, որ ճանապարհ լինի, չեն կարող շինարարությունն անեն, ու ճանապարհը չլինի։ Ամեն դեպքում հետո շինարարություն անողն է խնդիր ունենալու այդ շենքը հանձնելու հետ կապված»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։

Հիշեցնենք՝ բլոգեր Արթուր Չախոյանը ահազանգել էր, որ «Լևոն Հովհաննիսյանը Տիգրան Ավինյանի գլխավորությամբ 16 և 8 հարկանի շենքեր կառուցելու ապօրինի շինթույլտվություն է տվել, նախագծի մեջ ֆոտոշոփի միջոցով շենք «տեղաշարժելով»:

Նա այցելել էր նշված տարածք ու տեսանյութ հրապարակել և, մասնավորապես, պնդում է․ «Այս տարածքում, որ պետք է շենք կառուցվի, որի շինթույլտվությունը տվել է Լևոն Հովհաննիսյանը, դա քաղաքաշինական նորմերի խախտումով է։ Փաստաթղթերում շինություն կա, որը ֆոտոմոնտաժով հետ է քաշված, բայց փաստաթղթերում այդ շինությունը չի երևում»։ Տեղում ցույց տալով, թե որ շինության մասին է խոսքը, բլոգերը նշում է․ «Բայց այդ հատվածով պետք է ավտոմեքենայի ճանապարհ լինի, ինչը անիրականանալի է։ Այդ շինթույլտվության հետ կապված խախտումներ կան, բայց այդ ամենի հիման վրա, որ արձանագրումներ կան համապատասխան կառույցներից՝ ԱԻՆ-ից և այլն, Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տալիս, հետո էլ ասում են՝ Տարոն Մարգարյանը, Հայկ Մարությանը, հիմա կոռուպցիա չկա, նախկինները շինթույլտվություն են տվել։ Իրականում նույն կերպ Տիգրան Ավինյանի օրոք են շինթույլտվություններ տալիս։ Շինությունը տասը մետր հետ են տվել, ծածկադմբոցով, կոպիտ քաղաքաշինական խախտումներով, կեղծիքներով Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել»։

Բլոգերը, համեմատական անցկացնելով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան այգու տարածքի հետ, երբ ապամոնտաժվեցին այնտեղ բնակվող մարդկանց տարածքները, հողը վերադարձվեց համայնքին, այդ նույն այգում Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել շենք կառուցելու համար։ Նաև նշում է, որ շենքի բնակիչներից մեկը տեսանյութ է տրամադրել, թե ինչպես է համայնքային հողի վրա գտնվող կանաչ գոտու տարածքում մի մարդ ծառեր պոկում։ Բլոգերը ահազանգում է․ «Իբր Երևանի քաղաքապետարանը պայքար է մղում ապօրինի շինարարության ու հողազավթման դեմ, բայց իրականում այլ պատկեր ենք տեսնում, որ խեղճ մարդկանց տներից հանում են, ասում են՝ մենք սահմանազատում ենք, հողը համայնքին ենք վերադարձնում, ուրիշ վայրում՝ նույն այգում շինթույլտվություն են տալիս, համայնքային հողի վրա նոր տնկված ծառեր են պոկում»։

Արման Բաբաջանյանից հետաքրքրվեցինք՝ երբ նման խնդրահարույց հարց է լինում, խմբակցությունում չի՞ քննարկվում, որոշում չի՞ կայացվում, գնալ, տեղում հասկանալ, թե ինչ խնդիր է, նա պատասխանեց․ «Դա կանաչապատվող տարածքի հետ կապ չունի։ Դա Լվովյան փողոցի աջ կողմում  ընկած հատվածն է, մինչև այդ կանաչ գոտի ընկած հատվածը, որը, ինչքանով տեղյակ եմ, որքան մամուլում և սոցցանցերում նշված է, որ  քարտեզում եղած պատկերն ու իրականությունը չեն համապատասխանում։ Մանրամասն տեղյակ չեմ։ Ես դա հասկացա այսպես, որ ինչպես շատ է լինում, երբ կադաստրային քարտեզներում սխալներ են լինում, քանի որ մեր կադաստրային քարտեզները ճշգրիտ չեն և նույնիսկ այսօր մարդիկ իրենց հողի սահմանների հետ կապված կամ շինության սահմանների հարցով կադաստրային քարտեզների և իրականության մեջ շեղում է լինում, ենթադրում եմ՝ կարող է այդ խնդիրը լինել։ Անճշտություններ կարող են լինել, և ընթացքում անընդհատ այդ քարտեզներն ուղղվում են։ Մշտական գործընթաց է»։ Արման Բաբաջանյանն ասաց, որ մանրամասն ինֆորմացիա չունի, որ կարողանա հստակ պատասխան տալ։

Անդրադառնալով այն հարցին, թե խմբակցության անդամները չեն այցելո՞ւմ խնդրահարույց կետեր, հասկանան իրավիճակը, Արման Բաբաջանյանը պատասխանեց․ «Պարբերաբար այցելություններ են լինում, վերջերս կոնդեցիների հետ էին մեր խմբակցության անդամները հանդիպել, նաև անմիջական պատասխանատուների հետ, ոլորտը համակարգողների հետ անմիջական շփումների միջոցով են այդ պարզաբանումները լինում»։ Հետաքրքրվեցինք՝ այս հարցով նման բան չի՞ նախատեսվում, ավագանու անդամը պատասխանեց՝ կփորձի հասկանալ, թե ինչն է այդ անճշտության պատճառը։ Նա ասաց, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կփորձի առավել մանրամասն տեղեկություն ստանալ այս հարցով։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ այդ թույլտվությունը Լևոն Հովհաննիսյանն է տվել, ավագանու անդամն ասաց․ «Լևոն Հովհաննիսյանի անունը, ենթադրում եմ, նրա համար է, որ ուղղակի ինքն է եղել քաղաքապետի պաշտոնակատար, շինթույլտվությունն ինքն է ստորագրել։ Մեր ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հետ երևի հարկ կլինի մանրամասն հասկանալ այդ խնդիրը։ Երկու օրից կփորձեմ մանրամասն ճշտել, որ լիարժեք պատասխան տամ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031